Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նուրջան Բայսալ
Երկար տարիներ անց վերստին Մուշում եմ։ Մուշը Դիարբեքիրին մոտ լինելով հանդերձ, նույնչափ հեռավոր մի քաղաք է։ Մշո լեռներում և անծայրածիր Մշո դաշտում ամեն այցիս ինձ թվում է, թե կարծես աշխարհի այլ անկյունում եմ։
Ինչպես վերջին ամիսներին այցելածս բազմաթիվ քաղաքներ, Մուշը ևս ավելի չքավոր եմ գտնում՝ 7 տարի առաջվա համեմատ, երբ վերջին անգամ այցելել էի այստեղ։ Նախ գործարար մարդկանց հետ եմ հանդիպում։ Տեղեկանում եմ, որ երկար տարիներ ջրամատակարարման սպասած Մշո դաշտը այս տարի վերջապես ապահովվել է ջրով։ Ռեստորաններն ու սրճարանները Մուշում մեծ ապրուստի աղբյուր են տեղի բնակիչների համար։
Քանի որ համավարակը մեծ հարված է հասցրել մանր ու միջին առևտրականների խավին, այդ ոլորտում աշխատած բազմաթիվ մարդիկ գործազուրկ են մնացել։ Թեև այս քաղաքի բնակիչների ապրուստի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունը և առևտուրն են, սակայն վերջին տարիներին ավելացել է նորաբաց գործարանների թիվը։ Մոտ 35 մարմարի և կահույքի գործարանների հետ մեկտեղ վերջին տարիներին կարևոր ոլորտ է դարձել տեքստիլագործությունը։ Քաղաքում բացված Tekstilkent ընկերության 30 տոկոսն այստեղ է գործում։ Շուտով Özdilek ֆիրման նույնպես մի գործարար կբացի։
Մուշ քաղաքի այնպիսի թաղամասերում, ինչպիսիք են Դերեն, Քյուլթյուրը, Յենիմահալլեն, Սարայը, աչքի է զարնում չքավորությունը։ Սակայն Մուշում չեմ զգում այն խորը հուսալքությունը, որ նկատել եմ Դիարբեքիր, Դիջլե, Սիլվան նահանգներում ու գավառներում։ Գործազրկությունն ու չքավորությունն այն խնդիրներն են, որոնց մասին ամենաշատն են այստեղ բարձրաձայնում։ Սակայն չնայած ծայրահեղ չքավորությանը՝ զգացվում է, որ ներընտանեկան և հասարակական համերաշխությունը ամուր հիմքերի վրա է։ Մի մշեցի ինձ ասում է․ «Տիկին Նուրջան, մենք Ռամադանի ողորմությունը բոլորով ենք տալիս։ Ընտանիքում մեր մեծերը ասում են՝ մեր ազգականներից այս մարդու վիճակը վատ է, այս տարի բոլորս նրանք տանք ողորմությունը, մենք էլ հենց այդ անձնավորությանն ենք հանձնում։ Բազմաթիվ հարցերում Մուշում դեռևս ըտանիքի մեծերի խոսքն է անցնում»։ Մուշում, որտեղից գաղթը բավականին մեծ է, հատկապես այնպիսի արտասահմանյան երկրներում բնակություն հաստատած մշեցիներ, ինչպիսիք են Գերմանիան կամ Ֆրանսիան, իրենց շահույթը բերում են ծննդավայր և դա ներդրման վերածում այստեղ։
Շատ մարդիկ, որոնց հետ հանդիպեցինք այստեղ, ասում են, որ թմրամոլությունը մեծ խնդիր է դարձել։ Երբ հարցնում եմ, թե որտեղի՞ց են թմրանյութներ ստացվում, պատասխանում են․ «Քո ծննդավայրից, Նուրջան քույրիկ»։ Մեկն էլ հավելում է, թե․ «Եթե Դիարբեքիրում թմրամոլության վերջը տան, այն մինչև Մուշ չի հասնի։ Արդեն 12-13 տարեկաններն են թմրանյութեր օգտագործում։ Հարկ է ժամ առաջ ինչ-որ բան ձեռնարկել դրա դեմ»։
Զրուցում եմ երեխաների հետ։ Նրանցից շատերն ասում են, որ չեն կարողանում օգտվել հեռավար կրթությունից։ Համացանցն արդեն իսկ շատ տեղերում հասանելի չէ։ Գյուղապետերը հավելում են, թե այստեղ «խնդիր է համացանցի թե՛ կայանների և թե գումարի հարցը»։ Հատկապես հաճախ կրթություն չեն ստանում աղջիկ երեխաները։ Նշվում է, որ մյուս նահանգների համեմատ, այստեղ մեծ է կրթություն չստացող աղջիկ երեխաների թիվը։ Շարունակում են հանդիպել անչափահասների ամուսնության դեպքեր։ Լուրջ խնդիր է նաև ներընտանեկան բռնությունը։
7 տարի առաջ այս քաղաք եկել էի այն ժամանակ բավականին ակտիվ գործունեություն ծավալող Մուշի կանանց միության հետ հարցազրույց անելու համար։ Հույսով լի տարիներ էին, երբ մարդիկ հավատում էին, որ խաղաղության գործընթացը կտարածվի նաև Մուշի վրա, ինչպես որ՝ ամբողջ տարածաշրջանում։
Մուշի կանանց միությունը հիմնվել էր երիտասարդ, փայլփլուն աչքերով կանանց կողմից։ Միության շենքի ամեն կողմից պաստառներ էին կախված, որոնց վրա գրված էր․ «Բոլորով միասին ասենք վերջ՝ երեխա հարսներին»։ Այդ օրը երկար-բարակ խոսել էինք այն թեմայից, թե ինչպես է բացատրվում ֆեմինիզմը Մուշում։ Դա մի միություն էր, որն աշխատում էր խիստ բարդ պայմաններում։ Նրանք շատ էին դժվարանում Մուշում կարծրատիպերը կոտրելու հարցում։ Հաճախ էին հանդիպում հետևյալ հարցին․ «Այսինքն, որպես կանանց միություն, ամուսնալուծությա՞նն եք աջակցում»։
Շատ տարածված էր անչափահասների ամուսնությունը։ Խիստ բարդ էր քաղաքում կանանց դեմ բռնության հետ կապված որևէ աշխատանք իրականացնելը։ Սակայն այդ եռանդուն կանայք, տնետուն շրջելով, կապ էին հաստատում կանանց հետ և աշխատանքներ կատարում նրանց հետ։ Այն օրվա մեր հանդիպման ժամանակ այդ երիտասարդ կանանցից մեկն ինձ ասել էր․ «Մուշում կնոջ անունն անգամ չկա»։ Այդքան լավ աշխատող այդ միությունը փակվեց 2016 թ․ օրենքով, ինչպես՝ տարածաշրջանում բազմաթիվ այլ քաղաքացիական-հասարակական կազմակերպություններ։ Այսօր Մուշում դեռ կնոջ անունը չկա, բայց այլևս չկա նաև հասարակական միջսեռային հավասարության հետ կապված աշխատանքներ իրականացնող որևէ հասարակական կազմակերպություն։
Այսպես, օրինակ, շատ կանայք Մուշում, որոնց հետ զրուցել եմ, խոսում են ներընտանեկան բռնության տարածվելու և, որպես կին, իրենց կրած նեղությունների մասին։ Մշեցի կանանցից մեկն ասում է․ «Որպես կին՝ դուրս գալու համար անգամ պատճառ պետք է ունենաք։ Մեզնից շատերին ամուսնացնում են մանկական տարիքում։ Կյանքի մասին անտեղյակ՝ մայրիկ ենք դառնում, ապա՝ տներում փակվում»։
Նախքան քաղաքից հեռանալս դիմացիս հարթավայրում մի քանի ավերակ եմ նկատում։ Ինձ հյուընկալած անձն ասում է․ «Դրանք մնացել են հայերի տներից»։ Մշո հայկական տներն ավիրվում էին 7 տարի առաջ, հենց իմ այցիս ժամանակ (2014 թ․ մարտ)։ Ժողովուրդն ու պետությունը՝ ձեռք ձեռքի տված, քանդում էին դրանք, իսկ մի քանի երիտասարդ կամավորներ պայքարում էին, որպեսզի չավիրվեն։ Հիմա այլևս այդ տներից ոչ մի բան չի մնացել։ Շուրթերիս «Սարը գելին» երգը՝ տխուր հեռանում եմ Մուշից։
https://ahval.me/tr/kadinlar/mus-kadinin-adi-yok
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net