Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելեց Մուշ: Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված ջահը հասցրեցին հայ ֆիդայապետին, ստացան նրա օրհնությունը, ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:
Պատվիրակությանը ընդունեց նաև Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, որի համար օրը կրկնակի հիշարժան էր. նորընտիր քաղաքապետը շտապել էր հայ գործընկների հետ հանդիպմանը՝ թողնելով տոնական օրվա միջոցառումները:
«Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասաց նա:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց` Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է: Նա Մուշի քաղաքապետին հանձնեց Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը: Գործակցության ևս մեկ հարթակ ամրագրվեց համահայկական խաղերին հանդիպելու ակնկալիքով:
Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր նետեցին Արածանի գետը՝ հարգանքի տուրք մատուցելով 1907թ.-ին Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին ու պատվիրակությանն ընդունեցին Կարսի քաղաքապետերը:
Իշխան Զաքարյանն առաջարկեց Երևան-Վան, Գյումրի - Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Քաղաքապետերը ողջունեցին առաջարկը` պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձան նաև մշակութային կապերին:
Իշխան Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի համարեց մշակութային արժեքների ոչնչացումը և հույս հայտնեց, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն հայտնեց հարկ եղած դեպքում աջակցել Չարենցի տան վերականգնմանը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը եղավ նաև Հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում ։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանն ասաց, որ սպորտի միջոցով համախմբում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը: