կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 17:26
Քաղաքական

Սա դաշնակցական երիտասարդի առաքելություններից է. ՀՅԴ երիտասարդական միություններն Արցախի պատանիների կողքին են

Սա դաշնակցական երիտասարդի առաքելություններից է. ՀՅԴ երիտասարդական միություններն Արցախի պատանիների կողքին են

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական միությունների աջակցությամբ շարունակում է պատանեկան ճամբարների կազմակերպումն Արցախում: Այս մասին հայտնում է aparaj.am-ը:

2-րդ փուլով Մարտունիում նախաձեռնվել է ճամբար, որին մասնակցել է շուրջ 60 պատանի:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Թագուհի Խաչատրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ պատերազմից հետո հատկապես Մարտունիում սա լավ հնարավորություն էր պատանիների համար, որպեսզի հետաքրքիր ձևով անցկացնեն իրենց ամառային արձակուրդները:

«Քանի որ ամռան օրերին երեխաները հիմնականում չունեն ժամանցի համար վայրեր, մենք որոշեցինք ապահովել նրանց հետաքրքիր և դաստիարակչական ժամանցով»,-ասել է Թագուհի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս պատանեկան ծրագրին ընդգրկվել են այն երեխաները, որոնք դեռ նախորդ  ճամբարից էին ցանկություն հայտնել մասնակցելու նմանատիպ ծրագրերի:

«Մեր վարիչների շնորհիվ նրանց օրը հագեցված է անցնում տարաբնույթ սպորտային և ինտելեկտուալ խաղերով, մրցույթներով: Պատանիները ծանոթանում են նաև Հայոց պատմության ուշագրավ դրվագներին, սովորում են ազգային երգ ու պար»,-նշել է Թագուհի Խաչատրյանը։

Ըստ նրա՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը բազմիցս հայտարարել է, որ հետպատերազմյան շրջանում զբաղվելու է Արցախցի փոքրիկների ժամանցային և դաստիարակչական ծրագրերի կազմակերպմամբ:

«Այս ծրագիրը շարունակությունն է այն ճամբարների, որոնք մեր ջանքերով արդեն իսկ իրականացվել են Արցախի բոլոր շրջաններում»,-տեղեկացրել է Թագուհի Խաչատրյանը:

2-րդ ճամբարը կազմակերպվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում, որին մասնակցել են շուրջ 40 պատանի:

Թագուհի Խաչատրյանի խոսքով՝ առաջին ճամբարից հետո երեխաները բավականին տպավորված են և անընդհատ կապի մեջ են իրենց վարիչների հետ:

«Պատանիներն անընդհատ հարցնում էին, թե երբ ենք նորից կազմակերպելու պատանեկան ճամբար, ինչն էլ ստիպեց մեզ, որպեսզի 2-րդ անգամ ևս Նորագյուղում կազմակերպենք պատանեկան ճամբար»,-ասել է Թագուհի Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունից, 2-րդ փուլով անցկացվող ճամբարներում ընդգրկված երեխաների թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս անգամ տարիքային շեմ են կիրառել:

3-րդ և վերջին ճամբարը կազմակերպվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, որին մասնակցում էին 30 պատանիներ:

«Վանք գյուղում կազմակերպվող ճամբարը ևս նորություն էր պատանիների համար: Այս տարի արդեն 2-րդ անգամ ենք կազմակերպում ճամբար, քանի որ առաձին փորձը հաջողվել էր և պատանիները մեծ ոգևորությամբ մասնակցեցին»,- հայտնել է Թագուհի Խաչատրյանը:

Նա նաև հավելել է, որ ճամբարները այսքանով չեն սահմանափակվելու և ապագայում ևս նախատեսում են կազմակերպել ճամբարներ Արցախի այլ համայնքներում:

«Մենք հետևողական ենք լինելու արցախի պատանիների կյանքն ավելի գունավոր և հետաքրքիր դարձնելու համար, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում: Սա դաշնակցական երիտասարդի առաքելություններից մեկն է»,-եզրափակել է Թագուհի Խաչատրյանը: