կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-08 20:15
Առանց Կատեգորիա

Ներսի եւ դուրսի Դաշնակցական բաժանման գիծեր չկա՛ն. ՀՅԴ Լիբանանի և Իրանի երիտասարդական միությունների հայտարարությունները

Ներսի եւ դուրսի Դաշնակցական բաժանման գիծեր չկա՛ն. ՀՅԴ Լիբանանի և Իրանի երիտասարդական միությունների հայտարարությունները

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական և ՀՅԴ Իրանի «Ռուբէն» Երիտասարդական միություններն այսօր հայտարարություններ են տարածել, որոնցով միանում են Հայաստանի ուսանողական շարժմանը և զորավիգ են կանգնում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նախաձեռնություններին և բողոքի դրսևորումներին՝ պահանջելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: 

Yerkir.am-ը ստորև համապատասխան հերթականությամբ ներկայացնում է ՀՅԴ Լիբանանի  և ՀՅԴ Իրանի երիտասարդական միությունների հայտարարությունները. 

 «ԱՆԴՐԱԴԱՐՁ

ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միութիւնը միշտ մօտէն հետեւած է ու կը շարունակէ հետեւիլ հայրենիքին առնչուող քաղաքական ներքին թէ շրջանային իրադարձութիւններուն, ընկերային առօրեայ խնդիրներուն եւ մեր հայրենակիցներուն կեանքի տարբեր ոլորտներուն մէջ արձանագրուող զարգացումներուն: Վերոնշեալ օրակարգերը իրենց արժանի տեղը ունեցած են մեր միութենական առօրեայ աշխատանքներուն մէջ, իսկ Հայաստանի մէջ տեղի ունեցած համաժողովրդային շարժումէն ետք, քաղաքականէն անդին՝ հայրենի պետութեան գործունէութեան բոլոր բնագաւառները՝ տնտեսական, դատաիրաւական հարցեր, ազգային արժէքներու պահպանում, ընկերային, կրթական-մշակութային կամ եկեղեցական խնդիրներ հիմք հանդիսացած են մեր հաւաքական կեանքի մնայուն քննարկումներուն:

Տնտեսական ծիրին մէջ մեր ուշադրութեան կեդրոնը եղած է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/ՀԵՄ-ի նախաձեռնած «Ահազանգ» ԱՀԱԶԱՆԳ միջոցառումը` ընդդէմ Հայաստանի կառավարութեան կողմէ ընկերատնտեսական խնդիրներու նկատմամբ նոր ազատական (նէօ-լիպերալ) քաղաքականութեան: Համոզուած ենք, որ այդ նախաձեռնութիւնը պատահական անկարգութիւն մը կամ երիտասարդական ամբոխավարական արարք մը չէր, այլ կեանքի աշխարհահայեացք, որ կը բխի մեր 130-ամեայ կուսակցութեան գաղափարական ենթահողէն՝ ընկերվարական սկզբունքներէն: Մեր կուսակցութեան գաղափարախօսութեան հիմնական առանցքը կը հանդիսանայ նաեւ արժէքային մէկ այլ սկզբունք, որ կը միտի ներազգային եւ ներպետական համերաշխութեան հաստատման, սկզբունք մը, որ յաճախ դէմ յանդիման կը գտնուի տարերային ցնցումներու` արդի քաղաքական մշակոյթին մէջ տարածում գտած ժողովրդահաճոյ կառավարման մեթոտներու կիրարկումով:

Անցնող մէկուկէս տարուան ընթացքին գրեթէ ամէնօրեայ դրութեամբ ականատես կ'ըլլանք հայրենիքի մէջ ազգային արժէքներու հակոտնեայ քայլերու եւ ուղղութիւններու կամ ներազգային համերաշխութեան պառակտման ու ատելութեան մթնոլորտի սերմանման մտահոգիչ երեւոյթներու, կ'ապրինք մտահոգութիւններ նոր իշխանութիւններու անբացատրելի լռութեան ի տես եւ երբեմն ալ նման երեւոյթներու անոնց ուղղակի մանակցութիւնը նկատելով: Սովորաբար այսպիսի մթնոլորտներ պետութիւնները կ'առաջնորդեն ներքաղաքական անխուսափելի ճգնաժամերու եւ ազգային պառակտման, որ կրնայ խոր վէրք ձգել մեր ազգային հիմնահարցերու պատնէշ հանդիսացող, համերաշխ հասարակութիւն մը ստեղծելու տեսլականին վրայ: Նման երեւոյթներ կ'այլանդակեն ՀՅԴ ԼԵՄ-ի երազած հայրենիքի պատկերը: Այս խնդիրները աշխարհով տարածուած դաշնակցական երիտասարդութեան կողմէ դատապարտուեցան ու կը շարունակեն դատապարտուիլ, խիստ ընդվզումի ալիք բարձրացուցին, իսկ հայրենիքի մէջ յաճախ բախեցան գաղափարակից մեր ընկերներու բուռն հակազդեցութեան` տարբեր քայլերու եւ արտայայտութեան ձեւերու ընդմէջէն:

Նկատի առնելով վերոյիշեալները, կ'ուզէինք անգամ մը եւս շեշտել, որ ՀԵՄ-ի կազմակերպած բոլոր միջոցառումները, յատկապէս ԼԵՄ-ին եւ ընդհանրապես ՀՅԴ երիտասարդականի մեծ ընտանիքին խիղճին ձայնին հարազատ դրսեւորումները կը հանդիսանան: Մենք լիովին կը զօրակցինք ՀԵՄ-ական մեր ընկերներուն նախաձեռնութիւններուն եւ բողոքի դրսեւորումներուն, որոնք երիտասարդական պատահական անհնազանդութեան երեւոյթներ չեն, որ տարբերին մէկ շրջանէն միւսը,այլ մեր կուսակցութեան գաղափարներով կրանուած ու ամրացած դաշնակցական ոգիին եւ արժեհամակարգի ուղղակի արտացոլացումն են:

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԵՒ ՀԱՄՈԶՈՒՄԻՆ ՄԷՋ՝ ՆԵՐՍԻ ԵՒ ԴՈՒՐՍԻ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ԳԻԾԵՐ ՉԿԱՆ, Ի ԶՈՒՐ ԿԸ ՓՈՐՁԷՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՃԵՂՔԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ... ԻՍԿ ՄԵՆՔ` ԼԻԲԱՆԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՑԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՍ, ՄԻՇՏ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԶԱՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՍՏԱՑԱԾ ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ:

Կը միանանք մեր ընկերներուն կոչին` կը պահանջենք Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:

ՀՅԴ ԼԻԲԱՆԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

8 Նոյեմբեր 2019

#պատվով_հեռացիր»

 «Հ․ Յ․ Դ․ «Ռուբէն» Երիտասարդական Միութիւնը Իրանից հայտարարում է

Արայիկ Հարությունյա՛ն

Դասեր մի տո՛ւր Դաշնակցությանը․․․․

#ԺԱՄԱՆԱԿՆ_է_ՀՐԱԺԱՐՎԻ՛Ր

#Մէկ_Դաշնակցություն_Հուսախաբ _Արայիկ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նման ծանր պատասխանատւություն «շալակած» նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ՝

- Ապազգային մոտեցումով փորձում է կրթական-բուհական համակարգում հետին պլան մղել մեր ազգի պատմությունը, մշակույթը, լեզուն եւ գրականությունը սովորելու եւ արմատավորելու հնարավորությունը,

- հարվածի տակ է առել ազգային և հոգևոր դաստիարակությունը հայոց դպրոցներում, հանում է տարբեր այլասերված աղանդների ազդեցությունները հակակշռող հայ եկեղեցու պատմություն առարկան, հանում է մարտունակության ոգին սնուցող ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը։

- Կառավարության միջոցներով ֆինանսավորում է ապազգային և հակադաստիարակչական նախագծեր, ֆիլմեր և այլն, փոխարենը դադարեցնում է դպրոցականններին ուղղված «Հայ Ասպետ»-ի նման հայագիտական և հայրենասիրական արժեքավոր հեռուստածրագիրը, մանկական «Վարազդատ» մուլտֆիլմը։

- Փորձում է լուծարել Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան։

․․․Ու դեռ հայտարարում է, «պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ որ կը կարծեմ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում»։ Մենք հայտարարում ենք՝ #ԺԱՄԱՆԱԿՆ_է

Արայիկ Հարությունյա՛ն

Դասեր մի՛ տուր Դաշնակցությանը․․․․

Մեկ դար առաջ ՀՅԴ կառավարության նախարար դաշնակցական Նիկոլ Աղբալյանի միջոցով է հիմնադրվել Հայաստանի հանրապետության նորագույն պատմության առաջին համալսարանը, որի մեջ ապօրինաբար դասախոսի կոչումն ես վայելում․․․

 Մի՛ փորձիր պառակտել ՀՅԴ-ին, դա փորձել են Երիտ-Թուրքա-Բոլշևիկա-ՀՀՇ-ական բազմում համակարգեր, #ՉԵ՛Ն_ՀԱՋՈՂԵԼ

Հ․ Յ․ Դ․ «Ռուբէն» Երիտասարդական Միութիւն

8 Նոյեմբեր 2019

Նոր Ջուղա-Իրան»

Հիշեցնենք՝ նախորդիվ Yerkir.am-ը ներկայացրել էր աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների կոչերը, հայտարարություններն ու տեսաուղերձները, որոնցով վերջիններս միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը: