Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե առաջ բոլորը համոզված էին, որ Հայաստանը կանգնած է պանթյուրանիզմի, նեոօսմանիզմի ճանապարհի վրա և դիմադրում է դրան, և մնում էր ուղղակի օժանդակել՝ էժան զենք տալ, ներդրումներ անել և այլն, հիմա գերտերությունները տեսնում են, որ այս երկիրը չի ուզում դիմադրել դրան, և Հայաստանը հայտնվել է իրենց թիկունքում որպես պանօսմանիզմի քաղաքականության աջակից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Հիմա իրենք դա հասկանում են և ամեն մեկն իր ձևով պետք է այդ հարցերը լուծի՝ ասաց նա։
«Շատերն ասում են՝ Փաշինյանը արևմտամետ է, շատերն ասում են՝ ռուսամետ է, շատերը՝ չգիտեմինչամետ է, բայց Փաշինյանն այստեղ իրագործում է թուրքական օրակարգը, հասկանալով է անում, չհասկանալով է անում՝ ապագայում դատավարության ժամանակ դա կպարզվի։ Իրականում այն, ինչ թուրքերն ուզում էին անել Հայաստանի հետ, Արցախի հետ և այն, ինչ իրագործվեց այս երեք տարում, համարյա համընկնում են։ Մենք տեսնում ենք այն, որ այստեղ աշխատում է թուրքական օրակարգը։ Բայց Փաշինյանը չհասցրեց անել մի բան, որն իրեն հանձնարարված էր՝ Արցախն ամբողջությամբ չհանձնեց, վերջին պահին Ռուսաստանը խանգարեց՝ այնտեղ խաղաղապահներ տեղավորելով, և հիմա դրա պատճառով ինքն այլ առաջադրանքներ պետք է հասցնի կատարել»,-նշեց Տիգրան Քոչարյանը։
Նա նկատեց, որ, ցավոք սրտի մեզ համար, Ռուսաստանը հասկացավ, որ հենվել հայ ժողովրդի կարծիքի վրա կամ ՀՀ ղեկավարության վրա արդեն սխալ է, որովհետև եթե Հայատսանում տեղի են ունենում ընտրություններ, և ընտրում են կրկին մի մարդու, որը պարտության ճարտարապետն է, ուրեմն այստեղ ուզած-չուզած պետք է քո շահերը պաշտպանես քո ուզած ձևով, և հիմա, ցավոք սրտի, տեսնում ենք, որ Ռուսաստանը, մնալով մեզ դաշնակից, առաջ է տանում իր շահերը՝ առանց նայելու, թե որքանով են համահունչ Հայաստանի շահերի հետ։
Մնացած աշխարհի մեծերն էլ, Քոչարյանի խոսքով, տեսնում են, որ Փաշինյանը անվստահելի և անհասկանալի գործընկեր է և դրա համար ամեն մեկը փորձում է ամրապնդվել ինչպես իրեն է ձեռնտու՝ ի հաշիվ հայ ժողովրդի և այստեղ ապրող բնակչության շահերի։ Խոսքը Իրանի և մյուսների մասին է։
Սյունիքի համայնքապետերի ու ժողովրդի դեմ հետապնդումները, մեդիափորձագետւ համոզմամբ, Փաշինյանն իրագործում է, քանի որ համընկել են մի քանի գործոն՝ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունը սյունեցիների հանդեպ, և թուրքական օրակարգի սպասարկումը։
«Քաջարանի համայնքապետին են բռնում, որովհետև Քաջարանում Փաշինյանը պարտվել է «Հայաստան» դաշինքին, Մխիթար Զաքարյանին՝ Մեղրիի նախկին քաղաքապետին չի ներում, թե ինչպես են Մեղրիում և Ագարակում դիմավորել Փաշինյանին՝ սյունյաց ողջույններով, հիմա փորձելու են փակել Գորիսի քաղաքապետին՝ Առուշ Առուշանյանին, տեսել ենք տեսնյութը՝ ինչպես են ահաբեկում մի ամբողջ գյուղի և տանում են հարցաքննության, փորձում են ցուցմունքներ կորզել։ Հետագայում, ինձ թվում է՝ գրավելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավարի վրա են գրոհելու»,-ասաց Տիգրան Քոչարյանը։
Նա նշեց, որ Փաշինյանի համար սա անձնական հարց է, որը օգտագործվում է Սյունիքում միջանցք բացել ծրագրած շրջանակների կողմից։
Սահմանադրական դատարանում կատարվողը մեդիափորձագետի ուշադրությունը գրավել է իրավական տերմինների առատությամբ։
«Ինձ համարելով քիչ թե շատ կրթված մարդ՝ որոշակի քննարկումից հետո խորանում են իրավագիտության այնպիսի խորքեր, որը հասկանալու համար առնվազն համալսարան պետք է ավարտել․ տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդին չի հետաքրքրում, բայց հակառակը, պարզապես երբ հետևում ես՝ ոնց որ փորձես հետևել բժշկական կոնսիլիումի լատիներեն բառերով»,-կեսկատակ ասաց նա։
Տիգրան Քոչարյանը համոզված է, որ Ժողովուրդը հետաքրքրված է, թե հիմնականում ինչքանով են ոչ օրինական եղել ընտրությունները և ինչ չափի են կեղծիքները։
«Օրինակ, որպես ՀՀ քաղաքացի ինձ հետաքրքրում է՝ որքան է Հայաստանում հայ համայնքը, և որքան են մարդիկ, որոնց համար հայ ազգի շահերը ոչ մի բան են․ ի՞նչ բալանսի մեջ ենք մենք։ Եթե ես իմանամ, որ կողծիքները եղել են 300-400 հազար մարդու չափով, ես կարող եմ ավելի հեշտ շունչ քաշել՝ հասկանալով, որ պետք է աշխատել այդ 400 հազարանոց զանգվածի հետ և աշխատանքը արդյունք կտա։ Դրա համար պետք է սպասել՝ ՍԴ-ն ինչ կասի, և շարժվել առաջ»,-ասաց նա։
Տիգրան Քոչարյանը համոզված է, որ եթե ընտրակեղծիքները չլինեին՝ Փաշինյանը նույնիսկ 50 տոկոս քվե չէր հավաքի։
«Իմ կարծիքով, ինքը հավաքել է այնքան, ինչքան ընդդիմությունը հավաքական, մնացածը աշխատեցրել է վարչական ռեսուրս, կեղծիքներ, վախեցնել և որոշակի տեխնոլոգիաներ»,-ասաց նա։
Տիգրան Քոչարյանի համար խնդիրն այն է՝ արդյո՞ք այստեղ ապրող հասարակությունը պատրաստ է հանձնել հայկական շահերը թշնամուն՝ հանուն պրյանիկների, արդյո՞ք այստեղ ապրող հասարակությունը ամբողջապես կորցրել է դիմադրողականությունը, և արդյո՞ք հասարակության մի խավ պատրաստ է աղ ու հացով դիմավորել թուրքական, ադրբեջանական բանակին, յուրաքանչյուր մեկին, ով պատրաստ է խաչ քաշել Հայաստանի վրա, պետք է հասկանալ՝ ինչքա՞ն են այդ մարդիկ, որտե՞ղ են այդ մարդիկ և ի՞նչն է դրդում նրանց այդպիսի մտածելակերպ ունենալ։
«Որովհետև պատերազմի ընթացքում և հետո կիրառվեցին վատ տեխնոլոգիաներ, որոնք որոշ զանգվածի վրա շատ վատ հետևանք են թողնում։ Օրինակ, վախ ապագա պատերազմների հանդեպ։ Այսինքն, պարզ էր, որ պատերազմը կարելի էր շուտ կանգնեցվել, բայց չէր կանգնեցվում, արդյունքում ունեցանք հազարավոր զոհեր և կորցրինք մեկ սերունդ, և այդ սերունդը և դրա հետ կապված այլ սերունդներ՝ ծնողներ, եղբայրներ, քեռիներ,հարազատներ, ընկերներ, բոլորի աչքը վախեցած է»,-ասաց նա։
Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ՝ տոտալ երևույթ է դարձել որոշ հատվածի մոտ զգացողությունը, որ մեզ պատերազմ պետք չէ, մեր ուժը թուլության մեջ է, և Արցախի վերադարձ մասին խոսողները ընկալվում են որպես չուզողներ։
«Մեծ քանակությամբ զոհերը չի կանխվել նաև այն նպատակով, որ մոտակայում ազգը վախենա «պատերազմ» բառը լսելուց և տեսանք, որ դա աշխատում է և աշխատեց նաև ընտրությունների ժամանակ։ Փոխվում է հոգեբանական մատրիցան՝ ազգի դիմադրողականությունն է ընկնում»,-ասաց Տիգրան Քոչարյանը։
Սրանք խնդիրներ են, նշեց նա, որ պետությունը շուտափույթ պետք է լուծի, բայց գործող իշխանությունը չի լուծում այս ամենը, հակառակը, նպաստում է դրան։ Այս պատճառով էլ, Տիգրան Քոչարյանի համոզմամբ, օր առաջ պետք սրանցից ազատվել, որ Հայաստանը չդառնա քարվանսարա, որտեղով ով ուզենա՝ գա-գնա։ Այդ ճանապարհը պետության կործանում է։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․