կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-13 11:55
Քաղաքական

Ցավոք, կան շրջանակներ, որոնք Ղարաբաղյան հարցն ընկալում են որպես տարածքային վեճի խնդիր. Նիկոլ Փաշինյան

Ցավոք, կան շրջանակներ, որոնք Ղարաբաղյան հարցն ընկալում են որպես տարածքային վեճի խնդիր. Նիկոլ Փաշինյան

Տեղեկացրել էինք, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ:

Կանադայի վարչապետն ասաց, որ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, և զգացմունքային փորձառություն էր իր համար այնտեղ այցելելը:

«Աշխարհը պետք է ասի` այլևս երբեք: Կանադան վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն դատապարտելու համար այդ ողբերգությունը, այլ երաշխավորելու, որ հետայսու այն չի շարունակվի և կրկնվի: Անցյալի ճանաչումն առաջին քայլն է դեպի հաշտեցում ու խաղաղություն»,- ասաց Թրյուդոն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև անվտանգության խնդիր է, քանի որ այսօր էլ ունենք անվտանգության սպառնալիք: «Այսօր Հայաստանը գտնվում է բլոկադայի մեջ, քանի որ փակված է հայ-թուրքական սահմանը»,- նշեց նա:

Փաշինյանը հայտնեց նաև, որ Կանադայի վարչապետի հետ զրուցել են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Նրա խոսքով՝ ինքն ընդգծել է, որ պետք է արձանագրել և ընկալելի դարձնել, թե, ի վերջո, ինչն է պատճառ դարձել, որ ծագել է Ղարաբաղյան հարցը: «Ցավոք, կան շրջանակներ, որոնք Ղարաբաղյան հարցն ընկալում են որպես տարածքային վեճի խնդիր: Բացարձակապես այդպես չէ, ո՛չ, Արցախում ապրող ժողովրդի առջև կանգնել էր ցեղասպանության սպառնալիքը, և մարդիկ ուղղակի պաշտպանել են իրենց` ապրելու իրավունքը: Ղարաբաղի կոնֆլիկտը ծագել է, քանի որ մարդու ամենապրիմիտիվ՝ ապրելու իրավունքը վտանգի առաջ է կանգնած եղել»,- ասաց Փաշինյանը:

Կանադայի վարչապետն էլ նշեց, որ հույս ունի՝ Ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով իր հանգուցալուծմանը կհասնի: