Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լուսիեն Քոփար
Էգեյանի շրջակայքում են գտնվում Ավետարանում հիշատակված յոթ եկեղեցիներ, որոնք ճանաչված են որպես քրիստոնեության առաջին սրբատեղիներ: Իզմիրի «Զմյուռնիա» և «Եփեսոս», Դենիզլիի «Լաոդիկեա», Իզմիրի «Պերգամոս», Մանիսայի Սալիհլիում գտնվող «Սարդես», Մանիսայի Ալաշեհիրում կառուցված «Ֆիլադելֆիա» և Մանիսայի Աքհիսարում գտնվող «Թիաթիրա» անուններով եկեղեցիները հայտնի են որպես Ավետարանի Հայտնություն՝ Հովհաննու գրքում հիշատակված յոթ եկեղեցիներ: Եկեղեցիների նոր լուսանկարների առաջին գրքի՝ «Յոթ ոսկե կանթեղի» հեղինակ Փոյրազ Էվրենի հետ զրուցեցինք այդ աշխատության և Թուրքիայում քրիստոնյա լինելու նշանակության մասին:
2017-2019 թթ․ ընթացքում SAT 7 Turk-ի եթերում ցուցադրվեցին Ձեր՝ փողոցում արված ռեպորտաժները: Նախ մի փոքր անդրադառնանք այդ ռեպորտաժներին:
Իզմիրի փողոցներում ռեպորտաժներ անելով՝ փորձում էի մարդկանց տարբեր հետաքրքիր հարցեր տալ քրիստոնեության վերաբերյալ: Դրանցից շատերը յուրահատուկ հարցեր էին: Օրինակ՝ «Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե Ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը քրիստոնյա լիներ»: Կամ էլ՝ «Հավատու՞մ եք խղճի ազատությանը», «Հավատու՞մ եք, որ պետությունում պետք է մեկ կրոն լինի»։ Նմանատիպ հարցեր էի ուղղում նրանց:
Հիմնականում ի՞նչ պատասխան էր տրվում պետական կրոնի անհրաժեշտության վերաբերյալ հարցին:
Փողոցում մարդկանց մեծ մասը պատասխանում էր «Ո՛չ, պետության մեջ չպետք է մեկ կրոն լինի»: Տրամաբանորեն՝ պետությունը վերացական երևույթ է: Շատ էին մոտավորապես այս բնույթի պատասխանները՝ «Պետությունը պարտավոր է պաշտպանել ամեն կրոն դավանող իր քաղաքացիներին»:
Որոշակի նախապաշարմունքներ ունեցող թուրք մահմեդականների մի հատված կա, որ մտածում է, թե թուրք բողոքականները առհասարակ ազգայնական չեն: Ինձ հետաքրքիր են Ձեր տեսակետները այս հարցի վերաբերյալ:
Չեմ կիսում այդ միտքը: Մենք Բուջայի մեր սեփական եկեղեցում, անկախ էթնիկ պատկանելությունից, միշտ օգնում ենք բոլորին, մեր հնարավորությունների սահմաններում: Ռամազանի ընթացքում պարենային օգնություն ենք տրամադրում մահմեդական ընտանիքներին: Աշխատում ենք ձեռքներիցս եկածն անել՝ նրանց աջակցելու համար, որպեսզի իֆթարի ժամանակ ավելի ճոխ սեղանի շուրջ նստեն: Աշխատում ենք կոշիկով և հագուստով ևս օգնել աղքատ մարդկանց: Աջակցում ենք նաև դպրոցին: Օգնում ենք մարդկանց՝ առանց նայելու նրանց էթնիկ պատկանելությանը:
Որպես քրիստոնեություն ընդունած թուրք՝ ենթադրու՞մ եք, որ Ձեր նախնիների մեջ ևս քրիստոնյաներ կարող են լինել:
Ենթադրում եմ, որ մորս կողմում կարող են եղած լինել: Մորական տատս արմատներով Դերսիմից է՝ Թունջելիից: Մենք բոլորս գաղթական ընտանիք ենք: Դա կասկածանքի տեղիք է տալիս: Այնուամենայնիվ կարող եմ ասել, որ իմ ընտանիքից առաջին քրիստոնեություն ընդունածը ես եմ: 2013 թ․, վարժարանի վերջին դասարանում սովորելուս ընթացքում Սուրբ Ծննդի նախօրեի մի կիրակի Բուջայում պատահեցի մի մեծ եկեղեցու: Պատահաբար ներս մտնելով՝ սկսեցի հարցուփորձ անել՝ նրանց հավատքը իմանալու համար: Ընտանիքիս ամենակարևոր խրատներից մեկը սա է՝ «Եթե անգամ որևէ բանի չես հավատում կամ որևէ տեսակետ չես կիսում, լսիր դիմացինիդ կարծիքը, իմացիր թե ինչ է մտածում, և նրա արած-չարածը որքանով է տրամաբանական քեզ համար»: Դրա վրա հիմնվելով էլ եկեղեցի մտնելով՝ ցանկացա ուսումնասիրել քրիստոնեությունը: Դպրոցում կրոնի դասերին, մահմեդականությունից բացի, ոչ մի այլ կրոն չէինք ուսումնասիրել: Ցանկություն ունեի քրիստոնյայից սովորել քրիստոնեության մասին: Այդ օրը նրանցից մի Ավետարան գնեցի ու սկսեցի կարդալ: Երբ եկեղեցուց տուն գնացի, ընտանիքիս պատմեցի եկեղեցի գնալուս մասին:
Նրանք վրդովվեցի՞ն:
Ոչ: Ես շատ հաջողակ եմ: Իմ ընտանիքում մտքի ազատություն կար: Ու մենք կրթված ընտանիք էինք: Դրա համար ինձ չընդդիմացան: Երբ ասացի, որ քրիստոնյա եմ դառնում, ընտանիքիցս ոչ ոք ինձ չընդդիմացավ: Իսլամից քրիստոնեության դարձած այլ անձանց կամ ընկերներիս պատմածները լսելով, թե ինչ դժվարությունների միջով են անցել և նրանց ընտանիքների անձագանքերը տեսնելով՝ էլ ավելի լավ եմ հասկանում, թե որքան բախտավոր եմ:
Գրքի անցած ճանապարհին կանդրադառնա՞ք:
Մեր երկրում գիրք տպագրելը թանկ գործ է: Մեծ բյուջե է պահանջում: Շրջապատումս հայտնեցի Ավետարանում հիշատակված յոթ եկեղեցիների վերաբերյալ գիրք հրատարակելու ցանկությանս մասին: Թուրքիայում բնակվող ամերիկացի մի խումբ ֆինանսավորեց ինձ, և այսպիսով երազանքս իրականացավ: 2019 թ․ սկսեցի աշխատել և 2020-ի հոկտեմբերին 160 էջանոց առաջին գիրքս՝ «Յոթ ոսկե կանթեղ» վերնագրով, հանձնվեց ընթերցողին:
Ինչու՞ է գրքի անունը «Յոթ ոսկե կանթեղ»
Դա ընկերուհուս՝ Լիդիա Գյունայի գաղափարն էր: Ցանկացանք, որ այն մեզ հիշեցնի Թուրքիայում քրիստոնեության պատմության առաջին յոթ եկեղեցիների մասին:
Քանի՞ պատկեր կա գրքում: Ինչպե՞ս ճարեցիք այդ նկարները:
Գրքում մոտ 300 լուսանկար կա: Բոլորն էլ ինքս եմ նկարել: Իզմիրում ապրելու շնորհիվ հեշտ էր շրջակայքը լուսանկարելը: Հաճախ էի գնացքով ճամփորդում: Օրինակ՝ գրքի Եփեսոսի եկեղեցու բաժնի ներածության մեջ տեղ են գտել Ավետարանի «Նամակ եփեսացիներին» բաժնի թուրքերեն և անգլերեն հատվածը, իսկ ավելի վերջում՝ Եփեսոսի եկեղեցու ավերակների պատկերներն ու նկարագրությունները:
Ի՞նչ զգացիք պատմական յոթ եկեղեցիներ գնալիս:
Բուջայում այցելածս եկեղեցում մի կաթոլիկ քահանա կար: Մի օր զրուցելիս ինձ ասաց. «Իրականում մենք Marvel-ի տիեզերքին կամ սուպերհերոսների հեքիաթին չենք հավատում: Գիտե՞ս պատճառը: Օրինակ՝ Ավետարանում հիշատակված Եփեսոսի եկեղեցին տարիներ առաջ այստեղ էր, և դու ուզածդ պահին կարող ես այն տեղում, իրական տեսնել, մինչև իսկ քարերին դիպչել»:
Դա մի կախարդական զգացողություն է: Լուսանկարներ անելուց առաջ այդ եկեղեցու ծխին հասցեագրված Ավետարանի հատվածներն ընթերցելով՝ շրջում էի տարածքում: Այնտեղ գտնվելիս պատկերացնում էի այդ շրջանը, վերապրում: Այդ խաղը խաղում եմ մանկությունիցս ի վեր: Երբ որ հին, պատմական շենք էի տեսնում, աչքերս փակելով՝ դրա նախկին վիճակն էի վերակենդանացնում աչքիս առաջ: Երբ շրջում էի այս եկեղեցիների շուրջ, աչքերս փակած՝ պատկերացնում էի դրանց իրական տեսքը: Գնացի տեսնելու Ավետարանում ընթերցածներս: Կարծում եմ, որ Թուրքիայի յուրաքանչյուր քրիստոնյա պետք է այնտեղ գնա և փոքրիկ ուխտագնացություն կատարի: Լուսանկարներ անելիս ճանապարհներին ծանոթացա տարբեր մշակույթներ կրող շատ մարդկանց հետ:
Ես միշտ նրանց ասում էի. «Աշխարհում միլիարդավոր քրիստոնյաներ կան, և նրանք Ավետարանում այս եկեղեցիներին հասցեագրված նամակներն ընթերցելով՝ ուղղակի երազում են լինել այստեղ: Իսկ մենք այստեղ ենք: Ծառի տակ նստած՝ թեյ ենք խմում: Սա զարմանալի բան է: Պետք է գիտակցենք դա»: Կարող եք ընտրել ձեր ուզած կրոնը: /աս երկրում ենք ապրում, եթե անգամ տարբեր ցեղերի ենք պատկանում ու տարբեր հավատքներ դավանում: Եթե սիրում ենք այս երկիրը, ուրեմն պետք է տեր կանգնենք նաև այս արժեքներին: Մենք մի մեծ և արժեքավոր ժառանգության տեր ենք:
Ուզում եմ, որ Մշակույթի նախարարությունը հանդիպի Գրադարանների տնօրինության հետ և ձեռք բերի այս գիրքը: Նրանց մոտ գնացի և ասացի. «Սա մեր գիրքն է: Այստեղի բոլոր յոթ եկեղեցիներն էլ մեր տարածքներում են: Շատ մեծ ժառանգության տեր ենք»: Նաև համոզված եմ, որ կրոնական տուրիզմն այս տարածաշրջանում կարող է շատ ավելի աշխույժ լինել: Երբ դիմել եմ, բոլորից էլ շատ ոգևորիչ արձագանքներ եմ ստացել:
Գրքում տեսա նաև Մարիամ Աստվածածին և Սուրբ Հովհաննես բազիլիկ եկեղեցիների լուսանկարները: Ի՞նչ պատմություն ունեն դրանք:
Այո՛։ Մարիամ Աստվածածին բազիլիկ եկեղեցին Մարիամ Աստվածածնին նվիրված հնագույն եկեղեցին է պատմության մեջ: Անգամ 2006 թ․ նոյեմբերի 29-ին Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը, գալով այս եկեղեցի, պատարագ մատուցեց և օրհնության կարգ կատարեց: Սուրբ Հովհաննեսը քրիստոնեության պատմության մեջ շատ կարևոր դեմք է: Գիտենք, որ նա ճանապարհորդել է Մարիամ Աստվածածնի հետ: Եվ հավատում ենք, որ նրա գերեզմանը Իզմիրում է:
Նոր նախագծեր ունե՞ք:
Արդեն իսկ 2018 թվականից սկսած ռեժիսորությամբ եմ զբաղվում: Օրինակ՝ կրոնական բնույթի տեսահոլովակներ եմ նկարահանում: Լեհ և նորզելանդացի ընկերներիս հետ աշխատել եմ երաժշտական տեսահոլովակների վրա: Կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմեր եմ նկարահանում սուրբգրային թեմաներով: Հիմնականում դրանք հրապարակվում են ինձ հետ աշխատած մարդկանց էջերում։ Լյութերական հիմնադրամի մասին պատմող վավերագրական ֆիլմը հենց նրանք էլ հրապարակեցին իրենց էջում: Սկսել եմ կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել: Այս տարի ծրագրում եմ Եվրոպայում գտնվող որոշ հարթակների ներկայացուցիչների հետ հանդիպելով՝ մասնակցել նրանց առաջարկած մի քանի մրցույթների: Մտածում եմ գրքիս հասույթով նյութական միջոցներ ապահովել ծրագրերիս համար: Մի վեպ-էսսեի վրա եմ աշխատում: Մի ճամփորդական նոթագրություն ունեմ: Եթե սրանք ստացվեն, մտածում եմ նոր նախագծերս դրանց հասույթներով ֆինանսավորել:
http://www.agos.com.tr/tr/yazi/25876/yedi-kiliseden-yuzlerce-fotograf
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net