Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկա 10 օրում ՀՀ էկոնոմիկայի նախարարը պարտավորվել է մի քանի տարածք ներկայացնել Իրանից ժամանած բարձրաստիճան հյուրերին հայ-իրանական բարձր տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյանը, որը պատվիրակության կազմում Հայաստանում է հայ-իրանական գործարար համաժողովի մասնակցելու համար։
«Պրն․ Քերոբյանը խոստացավ Երևանում կամ Երևանից դուրս ինչ-որ տարածք տրամադրել ԻԻՀ տեխնոլոգիաների նախարարությանը, և Իրանի կողմից շատ բարձր գնահատվեց։ Նաև բժշկական տեխնոլոգիաների, գիտահեն ընկերությունների շատ լավ հեռանկար կա»,-ասաց նա։
Արա Շահվերդյանը նշեց, որ գործարար համաժողովին մասնակցում էր 66 ընկերություն Հայաստանից և 35 ընկերություն Իրանից։
Քննարկվել է նաև Իրանից եկող բեռնատարների համար Հայաստանի սահմանին առաջացած բարդությունների հարցը․ Իրանի հայազգի պատգամավորը վստահեցրեց, որ հայկական կողմը խոստացել է բեկանել բեռնափոխադրման կարգի այն փոփոխությունը, որն առաջացրել է այդ բարդությունները։
«Հիմա հեռանկար կա․ սահմանը Իրանը բացում է, Իրանից բեռնատարները գալիս են և հարկվում են, խոսվել է, որ պետք է այս ուղղությամբ Հայաստանի խորհրդարանը քննի, այդ օրենքը Հայաստանում բեկանի և դյուրություներ ստեղծի իրանական բեռնատարների և բեռնափոխադրման կարգի համար։ Հուսով եմ, որ մոտ ապագայում Հայաստանի խորհրդանում լինի, Իրանն էլ զիջումներ է խոստացել և կանի»,-ասաց Արա Շահվերդյանը։
Մոտ մեկ ամիս առաջ Իրանի ճանապարհաշինության նախարարի պատվիրակության կազմում ևս նա Հայաստանում էր։ Ասաց՝ 3 պայմանագիր են կնքել Իրանի և Հայաստանի միջև։ Այցի երկրորդ օրը Երևանից Մեղրի են գնացել՝ դեպի սահման և ճանապարհը ուսումնասիրել են։
«Իրանական կողմը ցանկություն հայտնեց համատեղ վերանորոգել Մեղրիից Երևան, Կապանից Սիսիան ճանապարհը, որ եկող բեռնատարների համար ապահով լինի։ Մյուս ճանապարհը, որը կա՝ Սիսիանից դեպի Մեղրի և այժմ չի գործում, իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց հայկական կողմի հետ կամ միջազգային վարկերից օգտվելով 5 փուլով սկսել կառուցել․ այն մերառելու է 4 կամուրջներ և 8 թունելներ, նոր ճանապարհը Մեղրիից Երևան խնայողություն կլինի ժամի մեջ և ավելի ապահով կլինի։ Մյուս պայմանագիրը Թեհրան-Թավրիզ-Ջուլֆա երկաթգիծը շարունակել Նախիջևանից դեպի Երևան, հետո դեպի Թբիլիսի և Սև ծով։ Նախիջևանից Երևան 40 կմ-ի հարց է․ այս երկաթգիծը Սև ծովից Կասպից ծով հյուսիս-հարավ երկաթգիծ է լինում, որ Իրանին և հարևան երկրներին ձեռք է տալիս»,-ասաց Արա Շահվերդյանը։
Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը», եթե անցնի Մեղրիով և բաժանի Իրանն ու Հայաստանը, Արա Շահվեևդյանի համոզմամբ, կառաջացնի Իրանի դժգոհությունը։
«Իրանի միշտ հայտարարել է, որ ընդհանրապես միջազգային սահմանները պետք է նույնը մնան և որևէ փոփոխություն ընդունելի չէ։ Բնական է, որ Հայաստանի և Իրանի միջպետական սահմանը՝ 40 կմ-ը որ ունենք, պետք է միշտ էլ մնա, և ես չեմ կարծում որ թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար կարող է ընդունելի լինել, չեմ էլ կարող պատկերացնել, որ այդ սահմանը չլինի։ Իրանն ու Հայաստանը պետք է մնան երկու հարևան երկրներ, և թե՛ Հայաստանը, և թե՛ միմյանց համար կարևոր երկրներ են․ Հայաստանի միջոցով Իրանը կարող է մուտք գործել Եվրասիական շուկա և ԵՄ, մանավանդ այս օրերին, որ սանկցիաներով շրջափակված է։ Հայաստանը միջնորդի դեր ունի, և Հայաստանը Իրանի 15 հարևան երկրներից միակն է, որ միտքը հանգիստ, խաղաղ երկիր է և որևէ վտանգ չի ներկայացնում»,-ասաց ԻԻՀ խորհրդարանի պատգամավորը։
Բացի այս, Նախիջևանից Ադրբեջան ճանապարհը այս պահին Իրանի տարածքով է անցնում, և Իրանում համարում են, որ այդպես էլ պետք է մնա․ Իրանին սա ձեռնտու է տրանզիտի, փոխադրման առումով։ Արա Շահվերդյանը նշեց, որ Իրանի համար շահեկան է, որ Նախիջևանի և Ադրբեջանի կապը Իրանով լինի, Իրանն ու Հայաստանն էլ՝ իրենց հարաբերություններն ունենան։
«Պատերազմի օրերից մինչև այսօր Իրանի արտգործնախարարը միշտ ասել է, որ կարմիր գծերը Իրանի սահմաններն են։ Բնականաբար, նաև հարևան երկրների հետ սահմանները կարմիր գծեր են, որ թույլ չի տրվում, որ փոխվեն․ Իրանի և Հայաստանի սահմանն էլ մուգ կարմիր գիծ է»,-ասաց Արա Շահվերդյանը։
Իրանի հյուսիսային սահմանին մոտ՝ Արցախից բռնազավթված տարածքներում, Ադրբեջանը ահաբեկիչների է տեղակայել․ Արա Շահվերդյանն ասաց՝ ահաբեկիչների և Իսրայելի ներկայությունը Իրանի հյուսիսում միշտ ուշադրության առանցքում է եղել, Իրանի զինուժը մինչև այսօր էլ այնտեղ ներկա է և սահմանը պաշտպանում է։
«Իսրայելի ներկայությունը Իրանի հյուսիսային տարածքում անվտանգության հարց է Իրանի համար, և Իրանը թույլ չի տա, որ Իսրայելը կամ արտաքին այլ ուժեր Իրանի սահմանը խախտեն, սա շատ լուրջ և կարևոր հարց է»,-նշեց նա։
Իրանի նոր նախագահի՝ Էբրահիմ Ռաիսիի գալստով, Իրանի և Հայաստանի հարաբերություններն ավեի լավ կզարգանան, կարծում է Արա Շահվերդյանը։ Թեև Իրանի արտաքին քաղաքականությունը սովորաբար չի փոխվում, բայց նաև Ռաիսին ծանոթ է հայ համայնքին և հարևան երկրի հետ հարաբերություններում պետք է ավելի լավացնի տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունները։
Վիեննայի խորհրդաժողովը, որում քննվում է Իրանի միջուկային ծարգրի հարցը, այս պահին էլ շարունակվում է և, ըստ ԻԻՀ խորհրդարանի պատգամավորի, Իրանի պատվիրակությունը՝ ներկա կազմով, թե ապագա, միևնույն է Իրանի շահերն է պաշտպանելու․ եթե դրույթներ լինեն Իրանի դեմ, բնական է, բանակցողները չեն ընդունի։ Արա Շահվերդյանը նշեց, որ Իրանն ունի իր շահերը և չի կարելի դրանից ավելի ճնշման ենթարկել․ եթե ճնշում բանեցնեն, իրենք էլ կպաշտպանեն իրենց իրավունքները։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․