Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Մերձավոր Արևելքի «քրոնիկ» հակամարտությունը՝ պաղեստինա-իսրայելական հիմնախնդիրը, ռազմական լարվածության հերթական շրջափուլն արձանագրեց ս.թ. մայիս ամսվա ընթացքում։ Ապրիլի կեսերից Իսրայելի տարածքում, հատկապես Արևելյան Երուսաղեմում տարբեր պատճառներով արձանագրված պաղեստինա-իսրայելական բախումներն էսկալացիայի ավելի լայն մասշտաբներ ընդգրկեցին՝ մայիսի 6-ից սկսած, միաժամանակ առավել խարխլելով Իսրայել պետության ներքին կայունությունն, իսկ մայիսի 10-21-ին վերաճելով վերջին 15 տարվա կտրվածքով Իսրայել-Գազայի հատվածում ամենամասշտաբային օդային դիմակայության։
• Պատմական ակնարկ
Պաղեստինա-իսրայելական թնջուկը նորագույն պատմության ամենատևական և արյունալի՝ արաբ-իսրայելական հակամարտության առանցքն է, ինչպես նաև՝ առանձին բաղադրիչը։ Իրավաքաղաքական առումով հակամարտությունը սկզբնավորվել է ՄԱԿ-ի ԳԱ կողմից 1947 թ. նոյեմբերի 29-ին 181 (II) բանաձևի ընդունումից հետո՝ Պաղեստինում բրիտանական մանդատի դադարեցման և նրա տարածքում հրեական ու արաբական անկախ պետությունների ստեղծման վերաբերյալ։ Համաշխարհային կրոնական նշանակության Երուսաղեմ ու Բեթղեհեմ քաղաքներն էլ գտնվելու էին միջազգային վերահսկողության ներքո։ 1948թ. մայիսի 14-ին Իսրայել պետության հռչակումից հետո սկսված առաջին արաբ-իսրայելական պատերազմի(պատերազմի երկրորդ փուլը) հետևանքով Պաղեստինում արաբական պետության համար նախատեսված շրջաններից Հորդանան գետի Արևելյան ափն անցավ Տրանսհորդանանի թագավորության վերահսկողության տակ, իսկ Գազայի հատվածը՝ Եգիպտոսի։ Այսինքն՝ հատկապես արաբական երկրների հակաիսրայելական ծայրահեղական դիրքորոշումը Պաղեստին պետության ձևավորման գործընթացի տապալման պատճառ դարձավ։
Այս իրավիճակը սկզբունքորեն փոխվեց 1967թ. արաբ-իսրայելական «Վեցօրյա» պատերազմի հետևանքով, երբ Իսրայելը Հորդանանից և Եգիպտոսից գրավեց Պաղեստին պետության համար նախատեսված տարածքները՝ դառնալով դրա ստեղծման միակ խոչընդոտը։
Իսկ 1973 թ. «Դատաստանի օրվա» պատերազմից հետո ամերիկյան «քայլ առ քայլ» մոտեցման և վճռորոշ միջնորդության արդյունքում 1978-1979թվականներիցարդեն արաբ-իսրայելական հակամարտությունը տրոհվեց առանձին ճյուղերի՝ եգիպտա-իսրայելական, հորդանանա-իսրայելական, սիրիա-իսրայելական, լիբանանա-իսրայելական, պաղեստինա-իսրայելական և այլն: Առաջին երկու ճյուղերի խնդիրը կարգավորվել է դարձյալ ԱՄՆ-ի առանցքային միջնորդությամբ կայացած Եգիպտոս-Իսրայել, Հորդանան-Իսրայել հաշտության պայմանագրերի շնորհիվ։
Իրենց ակտիվությամբ և պայթյունավտանգ բնույթով հատկապես առանձնանում են հակամարտության միջուկը հանդիսացող Պաղեստինյան հիմնախնդիրը և Երուսաղեմի հիմնահարցը, որոնց առավել սուր ռազմական դրսևորումներն արձանագրվել են 1987 և 2000 թվականների ինթիֆադաների(ապստամբություն) տեսքով։ Այս հիմնախնդիրն որակական նոր շրջափուլ թևակոխեց 1994 թվականից՝ Պաղեստինյան Ինքնավարության (այսուհետև՝ ՊԻ) ձևավորմամբ։ Իր հերթին պաղեստինա-իսրայելական հիմնախնդիրը բովանդակային առումով 2 ճյուղի բաժանվեց 2007 թվականից, երբ դրանից 1 տարի առաջ տեղի ունեցած համապաղեստինյան խորհրդարանական ընտրություններից հետո ՊԻ տարածքը բաժանվեց պաղեստինյան մրցակից ուժերի կողմից վերահսկվող առանձին գոտիների։ Հորդանան գետի Արևմտյան ափում շարունակում է իշխել ՊԻ ղեկավար Մահմուդ Աբասի գլխավորած «ՖԱԹՀ» կազմակերպությունը, Գազայի հատվածում՝ «ՀԱՄԱՍ» շարժումը, որը մի շարք երկրների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում։
2000-ական թվականների վերջից առարկայական, ինչպես և արհեստական դրդապատճառներով պարբերաբար ակտիվացող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հիմնականում դրսևորվել է հետևյալ 2 հարթություններում.
1. Հորդանան գետի Արևմտյան ափում, Իսրայելի՝ արաբներով բնակեցված շրջաններում, Երուսաղեմում մի կողմից՝ պաղեստինցի արաբների, մյուս կողմից՝ հրեաների, իսրայելական իրավապահ մարմինների միջև բախումներով, անհնազանդության տարաբնույթ գործողություններով,
2. Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծման և հրեական պետության կողմից պատասխան ռազմագործողությունների (հիմնականում օդային) տեսքով։
2007 թվականից պաղեստինա-իսրայելական հակամարտության առավել լայնամասշտաբ ռազմական դրսևորումներն արձանագրվել են նախ՝ 2008-2009 թվականների դեկտեմբեր-հունվար ամիսներին Գազայի հատվածում իսրայելական ԶՈւ-ի նախաձեռնած «Ձուլածո արճիճ», ապա՝ 2012 թվականի նոյեմբերին՝ «Ամպե սյուն», իսկ 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին «Անսասան ժայռ» օդային և ցամաքային ռազմագործողությունների տեսքով։ Դրանցից հետո, արդեն 2018-2019 թվականներին, Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այնտեղ տեղափոխելու վերաբերյալ որոշումների պատճառով արձանագրված լարվածությունը, ինչպես և քննարկվող սրացումը դրսևորվել են արդեն հակամարտությանը բնորոշ վերոնշյալ 2 հարթություններում միաժամանակ։
• Հակամարտության ակտիվացման ներկա շրջափուլի իրավիճակային առիթներն ու դրդապատճառները
Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացման առիթ են հանդիսացել դեռևս ս.թ. ապրիլ ամսվա կեսերին Իսրայելի անվտանգության ուժերի և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումները, երբ իսրայելական ոստիկանությունն արգելել էր արաբներին մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ընթացքում հավաքվել Երուսաղեմի հին թաղամասում գտնվող Դամասկոսի դարպասի (Տաճարի լեռ) մոտ և Ալ-Ակսա մզկիթում: Զանգվածային բախումների հետևանքով տուժել էին ավելի քան 700 պաղեստինցի, Իսրայելի անվտանգության 21 աշխատակից:
Բացի նշվածից՝ իրադարձային առումով միմյանց հաջորդեցին Ռամադանի վերջին ուրբաթօրյա (մայիսի 7-ի) աղոթքի ծեսի, ինչպես նաև Իսրայելում, պաղեստինյան տարածքներում մայիսի 9-10-ին նշվող «Երուսաղեմի օրվա» միջոցառումները, որոնք բավականաչափ հուզական տրամադրություններ են արթնացնում և՛ արաբների, և՛ հրեաների շրջանում և գրեթե միշտ ուղեկցվում են զանգվածային բախումներով ու անկարգություններով։
Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ լարվածությանը հավելյալ կերպով նպաստել է այդ օրերին Երուսաղեմի շրջանային դատարանի կայացրած որոշումը՝ Արևելյան Երուսաղեմի հյուսիս-արևելյան Շեյխ Ջարահ թաղամասում ապրող պաղեստինցի 8 ընտանիքների՝ իրենց տները լքելու պահանջի վերաբերյալ:
Այս լրջագույն խնդիրն Երուսաղեմի հիմնահարցի կարևոր բաղադրիչներից է։ Շեյխ Ջարահում հերթական դատական գործը դարձյալ անշարժ գույքի մասնավորվեճ է պաղեստինցի ընտանիքների և հրեա վերաբնակիչների գաղտնի խմբի միջև: Դատական վեճի համաձայն՝ հրեաների խումբը Պաղեստինի մանդատային ժամանակահատվածում ձեռք էր բերել ներկայումս արաբ ընտանիքներին պատկանող տարածքները, որոնք արաբ-իսրայելական առաջին պատերազմի ընթացքում լքել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Պաղեստինցիներն էլ 1956 թվականին Հորդանանի կառավարությունից գնել էին այդ տարածքների վրա կառուցված տները: Հետագայում, ամբողջական Երուսաղեմում վերահսկողություն սահմանելուց հետո, իսրայելական օրենսդրությամբ հնարավորություն էր ընձեռվել միայն հրեաներին՝ դատական կարգով վերադարձնելու իրենց պատկանող գույքը։ Հարկ է նշել, որ նմանատիպ հայցերի հիմքով Արևելյան Երուսաղեմի բնակիչ հանդիսացող պաղեստինցի արաբների ունեզրկման շարունակական գործընթացներն այս հակամարտության ամենազգայուն և պայթյունավտանգ խնդիրներից են։ Դրանք պատեհ իրավիճակային առիթ են հատկապես իսրայելական կողմի համար՝ ըստ անհրաժեշտության հակամարտությունը կրկին ակտիվացնելու նպատակով, ինչպես՝ տվյալ դեպքում։
Ի պատասխան Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության գործողությունների և ի աջակցություն իսրայելական քաղաքներում արաբների կողմից հակակառավարական ու հակահրեական գործողությունների՝ մայիսի 10-ից պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը Գազայի հատվածից նախաձեռնեց հրեական պետության հրթիռակոծումն՝ սկիզբ դնելով Իսրայել-Գազա հերթական լայնամասշտաբ օդային դիմակայությանը:
Քարոզչական հարթությունում ևս հակամարտ կողմերը ռազմական գործողությունները ներկայացրեցին իրար չզիջող բավականաչափ հնչեղ կոդային անվանումներով. պաղեստինյան «Երուսաղեմյան սուրն»՝ ընդդեմ իսրայելական «Պատերի պահապան» գործողության։
Հակամարտության գոտում ձևավորված մի շարք իրողություններ հիմքեր են ստեղծում պնդելու, որ պաղեստինա-իսրայելական վերջին սրացումներն արհեստական էին, ժամանակային առումով ունեին առավելապես արտաքին և ներքին դրդապատճառներ, որոնք կարելի է դասակարգել հետևյալ պայմանական հաջորդականությամբ։
1. ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ջ. Բայդենի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության մեջ ուրվագծվում են նաև Իսրայելի անվտանգությանը միտված ուղեգծի էական փոփոխություններ։ Վերոնշյալի համատեքստում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման Դ. Թրամփի բացահայտ իսրայելամետ «Դարի գործարք» ծրագրի ձախողումից հետո իսրայելական կողմը խախտել է ամերիկա-իսրայելական պայմանավորվածությունները՝ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման ծրագրերի դադարեցման վերաբերյալ։ Իսրայելի կողմից նոր լարվածության հրահրումը կարելի է գնահատել նաև՝ որպես առանց ԱՄՆ-ի հետ համագործակցության, սեփական անվտանգության խնդիրներին ինքնուրույն դիմակայելու նոր մարտավարության ցուցադրություն, որն ամերիկյան նախորդ վարչակազմի կառավարման շրջանում իրականացվում էր Վաշինգտոնի հետ սերտ համակարգմամբ։
2. Դ. Թրամփի վարչակազմի վարած աննախադեպ իսրայելամետ քաղաքականությունը և, ըստ դրա մեկ արդյունքի, Իսրայելի ու մի շարք կարևոր արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ամրագրվեց նաև «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրմամբ, իրենց հերթին հանգեցրեցին Իսրայելի առավել անզիջում և ագրեսիվ վարքին ամբողջ տարածաշրջանում։ Այդ համաձայնագրերի միջոցով փաստացի կոտրվեց 2002 թվականին ԱՊԼ-ի շրջանակում ձևավորված արաբական միասնական դիրքորոշումը Պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հայտնի էր «Արաբական խաղաղ նախաձեռնություն» անվանումով։ Այն ենթադրում էր Պաղեստին-Իսրայել թնջուկի հանգուցալուծում և բոլոր արաբական երկրների ու հրեական պետության միջև հաշտության կայացման փոխկապակցված ու համապարփակ գործընթաց։
3. Արտաքին պատճառների շարքում կարելի է նշել նաև Վիեննայում գրեթե 3 ամիս շարունակվող Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Դրանք ընթանում են երկու ձևաչափով՝ Իրան-«4+1» (ՄԱԿ-ի ԱԽ 4 հիմնական անդամները, բացի ԱՄՆ-ից, և Գերմանիան) ուղիղ և Թեհրան-Վաշինգտոն միջնորդավորված բանակցությունների տեսքով։ Գործընթացի նպատակը համաձայնագրի լիարժեք վերագործարկումն է՝ 2018 թվականից հետո ԱՄՆ-ի լիարժեք «վերադարձի» ապահովմամբ։ Հետևաբար, հաշվի առնելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը Պաղեստինյան հիմնախնդրում, չի բացառվում, որ հակամարտության ակտիվացման միջոցով Իսրայելը նպատակ էր հետապնդում նաև խոչընդոտել Թեհրան-Վաշինգտոն համաձայնության կայացմանը և հակաիրանական տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը, որը մեծ հաշվով չհաջողվեց իրանական կողմի գրագետ դիրքորոշման և ամերիկյան վարչակազմի վճռական քաղաքականության պատճառով։
4. Վերջին սրացումները կարելի է դիտարկել նաև Իսրայելում և Պաղեստինում տեղ գտած ներքաղաքական, մասնավորապես ընտրական գործընթացների համատեքստում։ Արդենիսկ հայտնի է, որ Իսրայելում, անցած 2 տարվա ընթացքում տեղի ունեցած չորրորդ ընտրությունների արդյունքներով գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին դարձյալ չհաջողվեց ձևավորել նոր կառավարություն։ Դրանից հետո, իսրայելական օրենսդրության համաձայն, կառավարություն կազմելու մանդատը հանձնվել էր ընդդիմադիր «Փոփոխությունների դաշինք»-ի առաջնորդ Յաիր Լապիդին, որը կարող էր լիարժեքորեն հաջողել բացառապես խորհրդարան անցած ինչպես իսրայելական աջ ծայրահեղ պահպանողական, այնպես և արաբական քաղաքական ուժերի աջակցության դեպքում։ Հետևաբար, վերոնշյալի համատեքստում, քանի որ Նեթանյահուի համար սկզբունքային կարևորություն ունի վարչապետի պաշտոնում մնալը, չի բացառվում, որ իսրայելական իշխանությունները միտումնավոր էին դրդել իրավիճակի սրմանը, քանի որ կանխատեսելի էր՝ լարվածության հետևանքով հրեա ու արաբ ժողովուրդների միջև կրկին խորացող էթնիկ թշնամանքը հավելյալ կերպով կխոչընդոտեր Իսրայելում նոր կառավարության ձևավորման գործընթացին։ Մինչդեռ Նեթանյահուի ծրագիրը տապալվեց Լապիդի մանդատի ժամկետի լրանալուց ընդամենը 35 րոպե առաջ, երբ Իսրայելի ընդդիմության առաջնորդը նախագահին տեղեկացրեց, որ իրեն հաջողվել է ձևավորել կոալիցիոն կառավարություն։
5. Բացի Իսրայելից՝ մայիսի 22-ին նախանշվել էին 2006 թվականից ի վեր մի քանի անգամ հետաձգված խորհրդարանական ընտրությունները Պաղեստինյան Ինքնավարությունում, ինչպես նաև հունիսի 30-ին՝ ՊԻ նախագահի ընտրությունները։ Մինչդեռ դրանք հերթական անգամ չեղարկվեցին ապրիլի 30-ին՝ պաղեստինյան խմբավորումների միջև եղած տարաձայնությունների և նրանց շրջանում առկա դիրքային ու ազդեցության փոփոխությունների հնարավորության պատճառով։ Հետևաբար՝ ընթացիկ լարվածությունը բավարար պատճառ է Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում կառավարող տարաբնույթ պաղեստինյան մրցակից, անգամ հակամարտ կառույցների համար՝ խորհրդարանական ընտրությունների հերթական չեղարկումը պաղեստինյան արաբ բնակչության շրջանում հիմնավորելու համար։
• Հերթական սրացման հանգուցալուծումը և հետևանքները
Ինչպես և ընդունված է այս հակամարտության դեպքում, մայիսի 21-ին, ժամը 2-ին, դարձյալ Եգիպտոսի ջանքերով հակամարտ կողմերի միջև հաստատվեց հրադադար։ Քարոզչական հարթությունում ևս տրամաբանությունը նույնն էր՝ արաբները կրակի դադարեցումն ընկալեցին իբրև պաղեստինյան դիմադրության հաղթանակ, իսկ իսրայելական կողմը հայտարարեց պաղեստինյան խմբավորումների ռազմական ենթակառուցվածքներին «հսկայական» վնաս հասցնելու մասին, ինչը հանգեցնելու է երկարատև հանդարտության։
Ընդհանուր առմամբ, այս հակամարտության բնույթը հաշվի առնելով, դրա մասնակիցների նպատակներն ու խնդիրները տարբեր, ոչ համադրելի հարթություններում են։ Հակամարտ կողմերից յուրաքանչյուրն ունի արդյունավետության առավելագույն ցուցանիշների սեփական սանդղակը։ Եթե Իսրայելի դեպքում գլխավոր ռազմավարական նպատակը պաղեստինյան խմբավորումների մարդկային ու ռազմական ներուժի առավելագույն վնասազերծումն է, ապա պաղեստինցիների պարագայում՝ Իսրայել պետության ներքին և արտաքին անվտանգության համակարգերի, հասարակական կարգի առավելագույն խաթարումը, հասարակությանը հոգեբանական շոկի հասցնելը, Թել Ավիվի դեմ հնարավորինս կոշտ միջազգային ճնշման արձանագրումը։
Ինչպես հերթական սրացման ողջ ընթացքը, հանգուցալուծումը, այնպես էլ դրա առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումը ևս միևնույն ուղեգծի շրջանակում էին։ Բազմաթիվ երկրներ, կազմակերպություններ հանդես եկան կրակի դադարեցման վերաբերյալ միակողմանի կամ երկկողմ կոչերով, քննադատական հայտարարություններով, տարաբնույթ նախաձեռնություններով։ Օրինակ՝ Թուրքիան, ինչպես այս հակամարտության նախկին սրացումների ընթացքում, այս անգամ ևս փորձեց դրանից առավելագույն օգուտ քաղել։ Այդ երկրի ղեկավարությունն ամենակտրուկն է քննադատել Իսրայելի իշխանությունների «ահաբեկչական գործելաոճը»՝ կրկին ընդգծելով իսլամական աշխարհն առաջնորդելու հին և նոր հավակնություններն՝ այդ աշխարհի ամենազգայուն հիմնախնդրի հարցում դրսևորած «սկզբունքային» դիրքորոշման միջոցով։
ՄԱԿ-ի ԱԽ-ում մի քանի անգամ նախաձեռնվեցին ռազմական գործողությունների դադարեցմանը միտված հատուկ նիստեր, որոնց ընթացքում ԱՄՆ-ի կողմից միակողմանի վետոյի կիրառման պատճառով հնարավոր չէր լինում թեմատիկ բանաձևի ընդունումը։ Այս ուղղությամբ Իսրայել-ԱՄՆ համագործակցությունը ևս տվյալ հակամարտության շրջանակում ընդունված պրակտիկա է։ Վաշինգտոնը առավելագույնս արգելափակում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումը՝ հնարավորություն ընձեռելով Իսրայելին՝ լուծելու Գազայի հատվածում իր առջև դրված խնդիրները։ Ի վերջո, իսրայելական կողմից համապատասխան ուղերձ ստանալուց հետո Վաշինգտոնն այլևս չընդդիմացավ, և ՄԱԿ-ի ԱԽ-ն իրավիճակի վերաբերյալ միաձայն հռչակագիր ընդունեց միայն մայիսի 22-ին՝ հրադադարի հաստատումից 1 օր անց։
Հերթական ռազմական էսկալացիայի հետևանքով, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (այսուհետև՝ ՑԱՀԱԼ), Գազայի հատվածից Իսրայելի տարբեր բնակավայրերի, այդ թվում՝ Թել Ավիվ, Երուսաղեմ, Աշդոդ, Աշկելոն և այլ կարևոր քաղաքների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 հրթիռ, որոնցից առնվազն 15%-ն ընկել են հենց Գազայի տարածքում, իսկ իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգն որսացել է երկրի սահմանները հատած հրթիռների 85%-90%-ը։ ՑԱՀԱԼ-ի կողմից հարձակման են ենթարկվել Գազայի հատվածում գործող «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» կազմակերպություններին ենթակա շուրջ 850 թիրախներ, այդ թվում՝ կառավարական, անվտանգության, հետախուզության ոլորտների հաստատություններ (100 կմ երկարությամբ «Մետրո» անվանումն ստացած ստորգետնյա թունելը), զինապահեստներ, հրթիռային և այլ ենթակառուցվածքներ, վնասազերծվել են պաղեստինյան կազմակերպությունների ավելի քան 2 տասնյակ առանցքային ներկայացուցիչներ, դաշտային հրամանատարներ։ Իսրայելական կողմի նյութական կորուստները, նախնական տվյալների համաձայն, հասնում են մոտ 780 մլն դոլարի։
11 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, զոհվել է 299 մարդ։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը կազմում է 289 մարդ, որոնցից շուրջ 109-ը՝ կանայք և երեխաներ, վիրավորների թիվը կազմել է՝ մոտ 2000։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ սպանված պաղեստինցիներից առնվազն 225-ը «ՀԱՄԱՍ» շարժման, «Իսլամական ջիհադ» և պաղեստինյան այլ խմբավորումների զինյալներ են (ըստ պաղեստինյան կողմի՝ «նահատակված» զինյալների թիվը 83 է)։ Իսրայելցիների շրջանում զոհերի թիվը 12 է, վիրավորներինը՝ ավելի քան 330։
Գազայի ուղղությամբ իրավիճակի հանդարտեցումից հետո՝ մայիսի 23-ից, իսրայելական իշխանությունները նախաձեռնեցին «Օրենք և կարգ ու կանոն» անվանումով հատուկ գործողությունն, արդեն հրեական պետության տարածքում ներքին կայունությունը վերականգնելու նպատակով, ինչի հետևանքով ձերբակալվել է անկարգությունների մասնակցության մեջ մեղադրվող 418 անձ։ Իսկ վերջին էսկալացիայի ընթացքում ընդհանուր ձերբակալվածների թիվը գերազանցում է 2000-ը։
Ամփոփելով՝ հարկ է նշել, որ մերօրյա աշխարհի ամենաանարդար, իսկ միջազգային իրավակարգի հիմքերն ամենից խորքայինը վտանգած հակամարտությունն արձանագրեց հերթական սահմանափակ և վերահսկելի էսկալացիան, որն ուներ հատկապես սուբյեկտիվ արտաքին և ներքին դրդապատճառներ։ Հարյուրավոր մարդկային զոհերը, ահռելի ծավալով մարդասիրական ճգնաժամը դարձյալ ծառայեցվեցին նեղ քաղաքական նպատակների։ Մինչդեռ այս հանգուցային հիմնախնդիրը շարունակում է չլուծված մնալ հակամարտ կողմերի անհավասար ներուժի, իրարամերժ քաղաքական շահերի և դրանց կարգավորման «կնքահայր» միջազգային հանրության ոչ հետևողական և անսկզբունքային վարքագծի հետևանքով։
Արմեն Պետրոսյան