Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ուղղակի, թե անուղղակի փոխկապակցված է տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների հետ։ Այստեղ կարելի է առանձնացնել իսլամական գործոնը, որը կարևոր դերակատարություն և ազդեցություն ունի այս հակամարտության և այդ ուղղությամբ ընթացող բանակցությունների վրա։ Իհարկե, միանշանակ չէ պաղեստինյան կողմին իսլամական աշխարհի աջակցությունն այս հակամարտության կարգավորման գործում, քանի որ իսլամական մի շարք երկրներ անթաքույց քաղաքական աջակցություն են ցուցաբերում Իսրայելին, որոշները հակամարտության հարցում փորձում են պահպանել հավասարակշիռ դիրքորոշում։
Առանձնահատուկ պետք է նշել Թուրքիայի գործոնը, քանի որ այդ երկրի իշխանությունները, պայմանավորված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումներով, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս պաղեստինյան կողմին ուղղված իրենց աջակցության դիրքորոշմամբ։ Սակայն այստեղ խնդիրն այն է, որ դա պահանջում են Անկարայի շահերը. օգտվելով այս հակամարտությունից՝ Թուրքիայի իշխանությունները աջակցում են պաղեստինյան կողմին՝ իսլամական աշխարհում առաջնորդ ներկայանալու, ինչպես և Թուրքիայի շուրջը իսլամական, արաբական երկրներին մոբիլիզացնելու նպատակներով։ Ասենք ավելին` պաղեստինյան կողմին ցուցաբերվող աջակցությամբ Անկարան ձգտում է իր քաղաքական դիրքերն ամրապնդել Իսրայելի հետ հարաբերություններում, որոնք գտնվում են բավական սառը վիճակում։
Հակամարտության և տարածաշրջանային գործընթացների փոխկապակցվածության հարցում առանձնակի կարելի է նշել սիրիական ճգնաժամը և այս ուղղությամբ կենտրոնացված տարբեր շահերի ու խաղացողների դիմակայությունը։ Մասնավորապես շոշափելի է իրանական գործոնի ազդեցությունը սիրիական ռազմաքաղաքական զարգացումներում, որը, սիրիական ճգնաժամի վերջին տարիների կտրվածքով, աճման միտումներ է արձանագրում։ Սիրիայում իրանական ազդեցության փոփոխությունները ուղղակի, թե անուղղակի իրենց ազդեցությունն են թողնում նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման և բանակցությունների ընթացիկ դինամիկայի վրա։
Տարածաշրջանային գործընթացներն, իրենց հերթին, խտացված են աշխարհաքաղաքական, տնտեսական շահերով, որոնք, ըստ էության, դերակատարում ունեն հակամարտության հարցում ուժային հավասարակշռության պահպանման, նաև փոփոխությունների առումով։
Վերջին շրջանում պաղեստինա-իսրայելական հակամարտության լարվածության մեծացմանը նպաստեց Թրամփի հայտարարությունը՝ Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելու մասին, որին հաջորդելու էր Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանության տեղափոխման գործընթացը։ Օբյեկտիվորեն պետք է նշել, որ այդ հայտարարությունը դժգոհություններ պետք է առաջացներ պաղեստինյան կողմի, ինչպես նաև իսլամական, արաբական աշխարհի տարբեր հատվածներում։ Դա իր հերթին բացասական ազդեցություն թողեց պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում, որոշակիորեն տուժեցին նաև այդ ուղղությամբ ընթացող բանակցությունները, ինչի արդյունքում բանակցային կողմերն է՛լ ավելի օտարվեցին միմյանցից։
Սակայն անհրաժեշտ է նշել, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, մինչ Թրամփի հայտնի հայտարարությունը, գտնվում էր լճացման փուլում, և ոչ միայն չկար որևէ առաջընթաց, այլև տեսանելի ապագայում չէր երևում բանակցություններում որևէ դրական տեղաշարժ արձանագրելու հեռանկար։
Ավելացնենք, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն արդեն երկար ժամանակ աշխատում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման մի նոր փաթեթի պատրաստման շուրջ, որն, ըստ նախագահ Թրամփի, կարող է էական տեղաշարժ գրանցել բանակցություններում։ Ինչևէ, թերևս սխալված չենք լինի ասել, որ գուցե նպատակահարմար կլիներ նախ ներկայացնել հակամարտության կարգավորման փաթեթ-առաջարկը, որից հետո հակամարտության կողմերի միջև փոխզիջումների պարագայում հնարավոր կլիներ քննարկել նման հարցեր։ Ավելին` եթե ներկայացվող փաթեթի շուրջ կողմերը գային փոխըմբռնման, ապա մնացյալ հարցերը կարող էին կարգավորվել, ինչը չէր հանգեցնի նոր լարվածության ու սրացումների ալիքի պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում։
Նշենք նաև, որ Թրամփի վարչակազմը վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ, որ հակամարտության կարգավորման ամերիկյան փաթեթն արդեն գրեթե պատրաստ է, սակայն այն մինչ ս.թ. ապրիլ հետաձգելու անհրաժեշտություն է առաջանում՝ պայմանավորված Իսրայելում նշանակված արտահերթ ընտրություններով։ Հիշեցնենք, որ Իսրայելում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն առաջացել էր Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականի պատճառով։ Ի դեպ, Լիբերմանի հրաժարականը ինչ-որ առումով պայմանավորված էր նաև սիրիական ճակատում Իսրայել-Իրան դիմակայության սրացման, ռազմական գործողությունների թեժացման հետ, ինչը դոմինոյի էֆեկտ ունեցավ նաև պաղեստինյան ճակատում։
Որոշ փորձագետների կարծիքով` Լիբերմանի հրաժարականը չէր հակասում Վաշինգտոնի դիրքորոշմանը, որը փորձում էր թուլացնել լարվածությունը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, որպեսզի հնարավորություն ստեղծվի կողմերին ներկայացնելու Վաշինգտոնի պատրաստած առաջարկությունների նոր փաթեթը և բերելու փոխհամաձայնության: Այլ գնահատականներով` Լիբերմանի հրաժարականը կապված էր ավելի շուտ երկրի ներքաղաքական զարգացումներով, մասնավորապես` ընտրությունների նախապատրաստվելու իրողություններով, իսկ Լիբերմանի հրաժարականով դրվեց քաղաքական մրցապայքարի մեկնարկը։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման` Վաշինգտոնի առաջարկը, որը հայտնի է նաև «դարի գործարքը» անվանումով, միանշանակ չի ընդունվում նաև Սաուդյան Արաբիայում: Օրերս իսրայելական լրատվական աղբյուրներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ գաղտազերծվել է մի փաստաթուղթ, որում արաբական այդ պետության թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ աս Սաուդը չի աջակցում Թրամփի առաջարկին: Իհարկե, այստեղից չի հետևում այն պարզ տրամաբանությունը, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը այդ քայլով անշեղորեն պաշտպանում է պաղեստինյան կողմի շահերը: Բնավ` ոչ, Սաուդյան Արաբիան, որն ավելի շուտ շահեր ունի Իսրայելի հետ, քան հակասություններ երկկողմ հարաբերություններում, բնականաբար, հետամուտ է իր շահերին: Ուստի դրա ղեկավարի բացասական տրամադրվածությունը հակամարտության կարգավորման վաշինգտոնյան փաթեթի նկատմամբ կարող է խոսել Թրամփի վարչակազմից տարածաշրջանային տարբեր հարցերում քաղաքական դիվիդենդներ ստանալու` արաբական այդ երկրի ղեկավարության ակնկալիքի մասին:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վաշինգտոնյան նոր առաջարկի հետ կապված հավելենք, որ, ըստ փորձագիտական տարբեր շրջանակների, Թրամփը մտադիր է այդ հարցում աշխատել Մահմուդ Աբասի հետ և այդ առումով ջանք չի խնայում Պաղեստինի ներքաղաքական դաշտում ՀԱՄԱՍ-ի դերը թուլացնելու համար:
Կարեն Վերանյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ