Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1929թ. Խարբերդից բռնագաղթված Բրուտյան ընտանիքը խարբերդցի մնաց ու ապրեց Հալեպում, Բեյրութում և այդպես էլ շարունակում է ապրել ԱՄՆ-ում։ Հաստատվելով արտերկրում՝ Բրուտյաններն իրենց հոգում, սրտում տարել ու փայփայել են Երկիրը։ Այս ընտանիքի վառ արգասիքն է Վաչե Բրուտյան մտավորականը, որը կրթվելով և թրծվելով ազգային կրթության և գաղափարախոսության բովում` իր ողջ գործունեությունն առ այսօր նվիրել է ազգային կուսակցական կյանքին և Հայ դատի արդար պահանջի պայքարին։ Ուստի պատահական չէ, որ Երկիրը-Հայաստանը մշտապես բաբախում է Վաչե Բրուտյանի սրտում։
Բեյրութում նա իր հրապարակախոսական գործունեությունը սկսել է «Պատանեկան արձագանք» շաբաթաթերթից։ Անցնելով մտավորականի անբասիր և նախանձելի ճանապարհ և հնարավորություն ունենալով աշակերտել անվանի երևելիների մոտ` Վաչե Բրուտյանը համագործակցել Սփյուռքի ազգային ու կուսակցական գործիչներ Պոլ Ներսեսյանի, Վերապատվելի Պարգև Թարաքչյանի, Հարություն Քյուրքչյանի, Սարգիս Զեյթլյանի, դոկ. Բաբկեն Փափազյանի, բանաստեղծ Մուշեղ Իշխանի, Հրայր Մարուխյանի հետ, և ինչպես գրում է հեղինակը նաև. «դեռ չհաշուած «Բագին» գրական ամսագրի ու «Դրոշակի» անձնակազմն ու այցելուները» (տե´ս գրքի կազմերեսի կենսագրական մասում)։
Դեռ ուսանող տարիներից սկսելով ուսուցչական գործունեությունը` 1977թ. մաս է կազմում ՀՅԴ Բյուրոյի Մամլո դիվանին։ Օրաթերթային մամուլի առաջին հոդվածը հրատարակում է «Ազդակում», և տարիների բեղուն գրիչը նրան հասցնում է Բոստոն` «Հայրենիք», ապա Լոս Անջելես` «Ասպարեզ» օրաթերթերի խմբագրատուն՝ խմբագրի պատասխանատու առաքելությամբ։ Վաչե Բրուտյանը, ինչպես խոստովանում է իր կենսագրականում, «գտած էի տարերքս ու սէրս՝ մամուլը»։ Իսկ ես, որպես ընթերցող, կավելացնեմ, որ մամուլն է գտել նրան` հրապարակախոսական բացառիկ հմտություններով, տաղանդավոր, սուր և դիպուկ գրչով Վաչե Բրուտյանին։
Այսօր ներկայացվող գիրքը` «Երկիրը արտերկրեն», ներառում է հեղինակի 95 հոդված՝ ընդամենը նրա բեղմնավոր գրչի մի չինչին մասը։ Մեզ հայտնի են նաև Բրուտյանի բազմաթիվ այլ հոդվածներ` տպագրված Սփյուռքի այլ պարբերականներում։ Հուսով ենք, որ դրանք ևս կհավաքվեն մեկ այլ գրքում։
Այս գիրքը, թեև վերնագրված է «Երկրին արտերկրեն», իրականում, այն ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ հեղինակը, ապրելով արտերկրում, երբեք բաց չի թողնում հայրենքի զարկերակը և ճիշտ ժամանակին արձագանքում է հրատապ խնդիրներին։
Այսօր չափազանց կարևոր և արդիական է այս գրքի հրապարակումն ու ընթերցանությունը։ Հատկապես այս իրավիճակում, ինչ որ տեղի ունեցան դեռ երեկ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, մշտապես եղել են Բրուտյանի հոդվածների կիզակետում` համապարփակ ու հիմնարար վերլուծություններով:
Ժողովածուն ներառում է մեր նորօրյա պատմության վերջին 30 տարիները։ Հոդվածների վերնագրերն իսկ արդեն չափազանց խոսուն են, դիպուկ, և ակնբախ է, թե հոդվածներն ինչքան փոխկապակցված են մեկը մյուսին, լրացնող, և բացահայտում են հեղինակի ոչ միայն հրապարակախոսական տաղանդը, այլև ի հայտ են բերում նրա քաղաքագետ-միջազգայնագետ-պատմաբան վերլուծաբանի առանձնակի հարուստ գիտելիքներն ու ունակությունները։ Բրուտյանի հոդվածները, հիշեցնելով մոռացված դեպքերն ու քննարկված օրակարգերը, նաև ընթերցողին հնարավորություն են տալիս պատմական ետնախորքի հիման վրա ոչ վաղ անցյալի ու մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունները նորովի ընկալելու։ Այսինքն, ինքնատիպ իր հոդվածներով Վաչե Բրուտյանը նոր որակ ու նշաձող է հաղորդում հայ մամուլին։
Այս ժողովածուն, ըստ հեղինակի ընտրած հոդվածների, ներկայացված է մի քանի մասով` Հայաստան, Սփյուռք, Քաղաքական-գաղափարական։ Միայն, եթե առանձնացնենք հոդվածների վերնագրերը, դրանք ոչ միայն ցույց են տալիս հեղինակի ուսումնասիրության հարցադրումների լայն մտահորիզոնը, այլև յուրքանչյուր վերնագիր հաղորդում է հստակ տեղեկություն ու նաև հստակ ուղերձ:
Գրքի` Հայաստանին վերաբերող մասում Վաչե Բրուտյանը բարձրացնում է երկրի ներքաղաքական իրավիճակին ու զարգացումներին, սոցիալ-տնտեսական, հասարակական բնույթի, վերաբերող հրատապ խնդիրները։ Հրապարակախոսական այս հոդվածներն ունեն նաև ծրագրային արժեք և նշանակություն, որոնցում հստակ տրվում են հիմնահարցային լուծումներ։
Այս առումով խիստ այժմեական է «Մեր պետականութեան լինել-չլինելու մեծ փորձաքննութիւն» (էջ 111-115) հոդվածը, որը գրվել է դեռևս 2018 թ. դեկտեմբերի 4-ին։ Հայաստանին սպառնացող վտանգների մասին այս հոդվածում ահազանգող վերլուծության եզրահանգումներն այսօր դարձան ցավալի իրականություն, որում հայտնվել է համայն հայութունը։ Որպես ի պատասխան հաճախ շրջանառվող այն միամիտների թեզին ներկայիս ՀՀ ապաշնորհ իշխանություների մասին` «Ձգեք թող աշխատի մարդը», միանգամայն ճշգրիտ է Բրուտյանի հետևյալ բնորոշումը. «Կներեք, պարոնայք պետութիւնը սափրիչի խանութ չէ, ուր աշակերտը յաճախորդներու գլուխներու վրայ սովորի արհեստը» (էջ 112)։
Վաչե Բրուտյանը, ապրելով տարբեր համայնքներում, առավել համակողմանի է պատկերացնում Սփյուռքում հայապահապնության խնդիրները, որոնք ևս մշտապես նրա ուշադրության կենտրոնում են։
Ահավասիկ, այդ թեմաներով ծավալուն հոդվածներից մեկը` «Քալիֆորնիոյ հայութեան ներքին դրուածքը. (Խնդիրներ եւ լուծումներ)» (էջ 205-222), որտեղ հեղինակն, առանձնացնելով ժամանակի և միջավայրի ազդեցությունը Սփյուռքի տարբեր սերունդների հայապահապնության վրա, վեր է հանում մարտահրավերները` տալով դրանց լուծումները։ Հոդվածագիրը կալիֆորնիահայության օրինակով, կարևորելով սփյուռքի կենսունակ ուժը, շեշտում է որ իրականության մեջ (Հայաստան-Սփյուռք) այն կարող է շատ ավելի մեծ դերակատարություն ուենալ քաղաքական, տենտեսական և ներազգային բնագավառներում (էջ 217)։ Նրա այս շարքը չափազանց կարևոր ներդրում է արդի սփյուռքագիտության գիտահետազոտական ոլորտի համար։
Ժողովածուում տեղ գտած քաղաքական-գաղափարախոսական թեմաներին վերաբերող հոդվածներում Վաչե Բրուտյանի խորքային վերլուծություններն իրականում ազգային գաղափարախոսական սահմանումներ են՝ ծրագրային նշանակությամբ, գիտական հիմնավորումներով և կուռ տրամաբանությամբ: «Լիզպոնէն Երեւան», «Մամուլ և մտավորականութիւն», «Ո՞ւր կ’երթայ Աշխարհը (Ու անոր հետ՝ մենք», «Մեր կողմնացոյցը», «Նոր պաղ պատերազմի հորձանուտի մէջ», «Դիմադրութիւն Գերմանիոյ մէջ եվս», «Վատիկանն ու Հալեպը. Հասկանալիօրէն նաեւ Թուրքիան», «Պայքար նոր զինակիցներու փնտռտուք» և այս շարքի այլ հոդվածները մեկ անգամ ևս փաստում են, որ Բրուտյանը նաև փայլուն տիրապետում է միջազգային հարաբերություններին, և Հայ դատի ու հայ-թուրքական դարավոր կնճիռը քննում է տարածաշրջանային քաղաքականության ու շահերի բախումների ծիրում։ Չափազանց ճշգրիտ և արդիական են հեղինակի հայ-թուրքական հարաբերությունները քննող հոդվածները, դրանցում տրված գնահատականներն ու կանխատեսումները։
Այս շարքում ինձ համար, որպես ընթերցող, բացահայտվում է Բրուտյանի մեկ այլ հատկանիշ ևս։ «Պանք Օտոմանի Յանդգնութենէն «Բանկ Օտոման»ի փախցուած առիթը» (էջ 253-256) հոդվածում նա դրսևորում է իր գրականագիտական և գրաքննադատական տաղանդը։ Վերլուծելով և գնահատելով հայ գրականության մեջ 19-րդ դարի պատմավեպի ունեցած ազդեցությունն ազգային հավաքական կամքի ամրապնդման ու գաղափարախոսության վրա` միանգամայն իրավացիորեն նկատում է. տխուր փաստ է մեր գրողները 19-րդ դարի վերջին քառորդում մեր պատմության բազմաթիվ հերոսական դեպքերն ու դեմքերը ցարդ չեն դարձրել գրական գեղարվեստական թեմա (էջ 254)։ Եվ այս առումով կարևորում է 2008թ. Ալեքսանդր Թոփչյանի «Բանք Օտոման» վեպը, միաժամանակ քննադատական վերլուծության է ենթարկում այն` վեր հանելով պատմական դեպքերի ու դեմքերի ոչ ճշգրիտ ներկայացնել։
Այս շարքում իր ուրյուն տեղն ունի «Դժուար բան է Դաշնակցական ըլլալ» (էջ 275) հոդվածը։ Խորագիրն առավել քան արդիական է այսօր։ Եվ իսկապես հայության այս բարդ մարտահրավերների պայմաններում ոչ միայն դժվար է, այլև` պարտավորեցնող։ Մի քանի էջում Բրուտյանը սեղմ, բայց բովանդակալից ուրվագծելով դաշնակցականի ու Դաշնակցության անցած բարդ ու խոտոր պատմական ուղին, գրում է. «Բայց մեր պայքարը տակաւին իր վախճանական նպատակին հասած չէ։ Հայութիւնը ունի երկու հիմնական խնդիրներ։ Առաջինը` հողահաւաքի, երկրորդը` հայրենիքն ընկերային ու տնտեսական Արդար կարգերով օժտելու խնդիրը» (էջ 277)։
«Ընտրակաշառքի եւ գաղափարի միջեւ կռիւն է (Չակերտաւոր խոստումը կեղծ է)» հոդվածում, անդրադառնալով ՀՅԴ-ի ծրագրերում Արցախյան հարցի վերաբերյալ կեցվածքին, գրում է` դեռևս 1960-ական թթ.` Խորհրդային տարիներին, դաշնակցական մամուլն էր, որ լայնորեն արձագանքում էր Արցախում տեղի ունեցող հակահայ ոտնձգություններին` հիշեցնելով, թե ինչպես էր ազերի դասատուն պղծել Բենիկ Մովսիսյանի որդուն, և ինչպես այդ դասատուին արդարացրեց ադրբեջանական դատարանը։ Իսկ Բենիկ Մովսիսյանը, որ արդար հաշվեհարդար տեսավ հանցագործի հետ, նույն դատարանը նրան պատժի ենթարկեց (էջ 309)։ Սա այն վառ օրինակն է, որ հիշեցնում և այսօր էլ ահազանգում, թե ինչ կարող է լինել թշնամու հետ այսպես կոչված «համակեցության» հետևանքով, մի սին ու հայության գոյության համար չափազանց վտանգավոր գաղափար, որ քարոզում և նաև ամեն գնով կյանքի են ուզում կոչել ՀՀ թուրքադրբեջանամետ իշխանութուններն ու նրանց մանկլավիկները։
Երբ ընթերցում էի «Մենք ճիշտ ենք. Այցելություն Կարս և Անի» (էջ 115-124) հոդվածը պետք է խոստովանեմ, որ ցավս կրկնակի էր։ Այս հոդվածում Բրուտյանը նկարագրում է կորսուսյալ հայրենիքի և այնտեղ անցկացրած օրերի զգացողությունները։ Արևմտահայերենի քաղցրաբույր բառերի համաձուլվածքով ընթերցողին տանում է դեպի պատմության խորքերը և կարծես կինոժապավենի նման աչքերիդ առջև վեր են հառնում մայրաքաղաք Անիի երբեմնի փառահեղ օրերն ու փառքը։ Այնուհետև իր խորը ցավն ու ցասումն է արտահայտում այն անարդարության, որ շղթայել են մեր երբեմնի հզոր քաղաքները։ Բայց ամենակարևորը, որ հեղինակը չի կորցնում իր հավատը` գրելով. «Եւ այդ սրբագրութիւնը կատարելու, հայ ժողովուրդին արդարութիւնը վերականգնելու յանձնառութիւնը աւելիով կը կը զօրանայ իւրաքանչիւր հայու մօտ, երբ այցելէ հայապատկան այս տարածքները։ Մանաւանդ երբ ինքզինքը տաւատաւր զինուորը կը համարէ Միացեալ Հայաստանին իտեալին» (էջ 123)։
Նրա ողջ տրամաբանությունը, զգացական աշխարհը, հարցադրումները և Միացյալ Հայաստանի երազանքը շատ հարազատ է իմ հոգուն և վստահ եմ՝ շատ ու շատ հայերի համար։ Այս հոդվածը գրված է 2014թ., բայց այնքան արդիական է, որ եթե մտովի Անի ու Կարս անունները դարձնենք Շուշի, կտեսնեքն, որ Բրուտյանի բարձրացրած հարցադրումները ցավալիորեն կրկնվեցին։ Միանգամայն իրավացի է Բրուտյանը, երբ գրում է, որ մեզանից շատերը չեն հարմարվել ու երբեք չեն հարմարվի մեր տան ճանապարը կիսող արևմտյան սահմանակետի առկայությանը ու տանդ դռանը «Հոշ գելդինիզ» (բարի եկաք) ասող ողջյունի հետ։ Մեջբերելով նրա հետևյալ տողերը՝ «Դժուար նկարագրուող կացութիւն է չէ՞, երբ մարդ իր իսկ սեփական հայրենի հողը մտնելու համար արտօնութիւն պետք է առնե օտար իշխանութենէ մը» (էջ 117), կարող ենք ասել, որ այսօր այս ցավը կրկնապատկվել է նաև Հայաստանի արևելյան սահմանում։ Այսօր մենք ապրեցին նույն կորուստը, և այդ կորստի ցավը պարզապես պատմական հիշողություն չէ. «Անին կ´եռայ երակներուն մէջ բոլոր անոնց, որոնք հայ ժողովուրդի պահանջատիրութեան նուիրեալներն են: Իբրև անվիճելիօրէն հայկական ժառանգութիւն, Անին իւրաքնչիւր հայ այցելուի արիւնին, միս ու ոսկորին մաս կը կազմէ: «Վարակիչ» է ան:
Վերադարձի ժամն է արդէն: Ֆիզիքապէս յոգնած ենք Անիի «փողոցներէն» ժամերով թափառելէ ետք: Յոգնած ենք, բայց ոչ ճնշուած: Ընդհակառակը. այն հաւատքը, որմով դաստիրարակուած ենք իբրեւ դաշնակցական, անբացատրելի ձեւով բազմապակուած է մեր մէջ: Միացեալ Հայաստանի իտէալով, արդարութիւնը վերկանգնելու ձգտումով ու պահանջատիրութեան տրամաբանութեամբ առաջնորդուած, մեր անմիջական նախնիները ճիշդ են ուրեմն:
Անին մեզի այդ ըսաւ» (էջ 123-124):
Խորհրդանշական է նաև հետգրությունը, երբ Բրուտյանն ասում է, որ տարբեր անձնական պատճառներով հետաձգում էր հոդվածը, սակայն Անին իրեն հանգիստ չէր թողնում: «Անին հոս եւս «յաղթեց» (էջ 124): Հավատում եմ, որ նախախնամություն կա հոդվածի հետգրության մեջ, ու մենք կվերդառնանք Անի, Կարս և նրանց բախտակից Շուշի:
Այս հոդվածում մենք բացահայտում ենք նաև մեկ այլ Բրուտյանի։ Հայագիտական փայլուն գիտելիքները նա ընթերցողին է հանձնում վիպական ոճային համապատկերում։ Եվ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Վաչե Բրուտյանը կարող էր նաև փայլուն վիպասան լինել։ Նաև ուզում եմ շեշտել, որ նրա գրչի միջոցով ընթերցողն առանձնակի գեղեցությամբ և իր ողջ ճողությամբ կարող է ըմբոշխնել արևմտահայերենը։
Ամփոփելով` նշեմ, որ ակադեմիական տեսանկյունից, Վաչե Բրուտյանի այս գրիքն ունի գիտական լայն հենք ոչ միայն ՀՅԴ պատմությունն ու նորօրյա գործունեությունն ուսումնասիրելու, այլև ընդհանրապես Հայաստանի և սփյուռքի արդի խնդիրները քննելու համար: Բրուտյանի «Երկիրը արտերկրէն» արժեքավոր այս գրիքը լրացնում է մամուլի պատմությունը և իր ուրույն տեղն է զբաղեցնելու հայ մամուլի մեր հսկայածավալ և պարտավորեցնող ժառանգության մեջ:
Հոդվածների մեթոդաբանությունը, կառուցվածքը, հարցադումների ձևը, պատմահամեմատական մեթոդի կիրառումը կարող են ուղեցույց դառնալ լրագրությամբ և հրապարակախոսությամբ զբաղվող սկսնակ և ոչ միայն սկսնակ մասնագետների համար:
Բրուտյանի փորձն ու գիտելիքներն անգնահատելի են մեր երիտասարդներին ազգային կրթություն տալու գործում, և մենք պետք է խնդրենք նրան հնարավորինս հաճախ հանդես գալ դասախոսություններով ու ելույթներով:
Ուզում եմ նշել, որ Վաչե Բրուտյանի հետ շփվելու հարավորություն եմ ունեցել վերջին 2,5 տարվա ընթացքում, և չեմ դադարում զարմանալ այսքան խորը գիտելիքներ և ձեռբերումներ ունեցող մարդու, մտվորականի այսչափ համեստ կեցվածքով:
Վստահեցնում եմ, որ ընթերցողը ունենալու է նոր բացահայտումներ, լուրջ մտորումներ, գտնելու է շատ ու շատ հարցերի պատասխաններ և պարզապես առնչվելու է փայլուն մտքի հետ:
(Վաչե Բրուտյանի նոր լույս տեսած գրքի առիթով)
Բանասիրական գիտ. թեկնածու
Լուսինե Սահակյան