Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին ամիսների ընթացքում մի շարք հանգամանքներով պայմանավորված, ինտենսիվորեն փոխվում են աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնցից մեկն ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությունն էր։
Բայդենի արտաքին քաղաքականությունը, նրա կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը, վերջին ամիսների ընթացքում ամերիկյան մեդիաքաղաքական շրջանակներում հայկական թեմատիկայի ակտիվությունը թույլ էին տալիս ենթադրել, որ Հայաստանի հարցում ամերիկյան քաղաքականությունը որոշ հատվածներում նույնիսկ կարող է բեկումնային լինել, հատկապես, երբ դրա համար ակնհայտ հնարավորություններ ընձեռեն ՀՀ իշխանությունները։
Սակայն ուշագրավն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի ֆոնին Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդների մասնակցությամբ իրավիճակի կարգավորման Նիկոլ Փաշինյանի պլանին ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը բավականին զուսպ ու անորոշ էր։
ԱՄՆ Պետքարտուղարությունը, անդրադառնալով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին, նշել էր, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելու սկզբունքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։ Ի դեպ, նշենք, որ Պետքարտուղարությունը բավականին շուտ արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ուղղված կոչին։
«Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»,-նշել էր Պետքարտուղարությունը։
Ավելին՝ ի պատասխան հայկական լրատվամիջոցներից մեկի հարցմանը, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ-ը Նիկոլ Փաշինյանի առաջարկած կարգավորման պլանի վերաբերյալ, ԱՄՆ Պետքարտուղարությունը որևէ հստակ պատասխան չէր տվել, բավարարվել էր միայն աջակցելու պատրաստակամություն հայտնելով, հորդորելով կարգավորել իրավիճակը շտապ և խաղաղ ճանապարհով։
«168 ժամ»-ի հետ զրուցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարելեյնը նշեց, որ ամերիկյան ուղիղ ներգրավվածության հնարավորությունը հարավկովկասյան զարգացումներում ակնհայտորեն գերագնահատված է։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն ակնհայտորեն չի ցանկանում դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի սահմաններից։ «Եթե նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ն չի գործում արդյունավետորեն, չկան բանակցություններ, դա Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ուղղությամբ ամերիկյան քաղաքականության ընդհանուր մակարդակն ու խորությունն է։ Կան դիվանագետներ, որոնք զբաղվում են այս տարածաշրջանով, և դա տասնամյակների ընթացքում չի փոխվում։
Բնականաբար ավելի հարմար է պահպանել բոլոր նախկին ձևաչափերն ու մակարդակները, հատկապես, երբ չկա հավելյալ հետաքրքրություն։
Պատկերացնել, որ ԱՄՆ-ը տեղում դիտորդություն կամ գործողություններ կիրականացնի, միամտություն կլիներ, դա ամերիկյան ծրագիր չէ, ԱՄՆ-ը նման հարցերը երկար է պլանավորում և իրագործում։ Սա այն դեպքն է, երբ հարկավոր են ինտենսիվ բանակցություններ։ Գուցե դիտորդներ ևս հարկավոր են, բայց կա, օրինակ, ԵԱՀԿ դիտորդական առաքելություն, որը կարող է այս հարցով ևս զբաղվել»,-ասաց վերլուծաբանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում