Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Գերագոյն Մարմնի անդամ, բժիշկ-ազատամարտիկ, հայրենիքի սրտի զարկերը զգացող, հայրենիքով ապրող, Տարօն Տոնոյեանը վստահ է՝ մեր ժողովրդի՝ պատերազմի ժամանակ ստացած վէրքերը դեռ բաց են, և մեր վէրքերն ամոքելու փոխարէն՝ այս իշխանութիւնն այդ վէրքերին աղ է լցնում ու է՛լ աւելի խորացնում դրանք։
Յիշեցնենք՝ պատերազմի բովով անցած, բազմաթիւ քաջերի կեանքեր փրկած հերոս բժիշկը պատերազմից յետոյ պէտք է իր վաստակի համար յատուկ շքանշանով պարգևատրուէր, սակայն նա յայտարարել էր․ «Ես այդ շքանշանը վաստակել եմ այն զինուորներից և նրանց մայրերից, որոնք ինձ ասել են` շնորհակալութի՛ւն, բժի՛շկ։ Ես այդ մեդալից հրաժարուել եմ, որովհետև չեմ ուզում ապազգային, հայրենիքը դաւաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»։
«Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց՝ այս իշխանութեան հետ ապագայ չկայ։
«Այս իշխանութեան ներկայացուցիչները անկարող մարդիկ են։ Բացի նրանից, որ հայրենադաւ են, եթէ անգամ շատ ցանկանան էլ, չեն կարող լաւ բան անել։ Մարդկանց մի ստուար զանգուած կայ, որը մտածում է՝ այս իշխանութեան ներկայացուցիչները ուզում են մի բան անել․․․ Ես մեր հայրենակիցներին պիտի ասեմ՝ եթէ անգամ նրանք շատ էլ ուզեն, չեն կարող մի բան անել․ ո՛չ համապատասխան կրթութիւն ունեն, ո՛չ համապատասխան ճանապարհ են անցել, ո՛չ այդքան կամք ունեն, ո՛չ էլ այդքան սիրում են իրենց հայրենիքը», — նշեց բժիշկ Տոնոյեանը։
Նա յիշեցրեց՝ դեռևս երկու տարի առաջ «Դաշնակցութիւնը» դեղին քարտ ցոյց տուեց այս իշխաննութիւններին՝ ասելով, որ մենք գործ ունենք սուտասանների հետ, փողոցային սուտ խօսողների հետ։
«Ես առիթ եմ ունեցել ասելու՝ կայ քաղաքական սուտ, որն անուղղակի իմաստով կարող է հետագայում ծառայել պետութեան շահերին, բայց այս պարագայում գործ ունենք փողոցային սուտասանի հետ՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի։ Ես կարծում եմ՝ նա փողոցային ստի կնքահայրն է։ Ես պիտի ասեմ՝ լաւ օրերը առջևում են․ բացառւում է, որ Նիկոլ Փաշինեանը կարողանայ վերարտադրուել։ Այս իշխանութիւններին սատարողների մի շերտ կայ, որոնք դեռ մոլորութեան մէջ է, նրանց քիչ մասն է, որ շահադիտական նպատակներով է սատարում Նիկոլին։ Մի նրբութիւն էլ կայ, որը որպէս բժիշկ կարող եմ ասել․ այն ձախողակ մարդիկ, որոնք չկարողացան պատերազմին մասնակցել ու իրենց աջակցութիւնը ցոյց տալ, հոգու խորքում զգում են, որ իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն և գտել են իրենց նմանակին։ Ով Նիկոլին պատերազմի ժամանակ կատարուածի համար մեղադրի, վաղ թէ ուշ իրենց էլ է մեղադրելու, ուստի նրանք գտել են իրենց նմանակին։ Ոմանք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել պատերազմին մասնակցել՝ վախ է եղել, որը բնական է, կարող էր այդպէս լինել․․․ Իրենք իրենց այդ փոքր մեղքը խառնել են Նիկոլի՝ մինչև ովկիանոսի յատակը հասնող մեղքի բաժնի հետ և նրա հետ նոյնականացւում են», — ասաց Տարօն Տոնոյեանը։
Նա յոյս յայտնեց, որ որոշ ժամանակ անց շատ բան կը փոխուի․ մարդիկ կը հասկանան, որ բանակ չունենալու դէպքում մենք պիտի մեր եղած-չեղածը հաւաքենք, մեր տներն ու եկեղեցիները թողնենք ու հեռանանք։ Թշնամին չի թաքցնում իր նկրտումները, թուրքի հետ հնարաւոր չէ բարեկամանալ՝ չունենալով արժանի հակահարուած տալու գործիք՝ բանակ։
«Ես դէմ չեմ․ մենք կարող ենք յարաբերուել, բայց միայն «հաւասարը հաւասարի հետ» պայմաններում։ Եւ այդ փոխյարաբերուել ասուածն էլ բարեկամութեան մասին չէ։ Վերջին դէպքերը ցոյց են տալիս՝ այս պահին զսպող իրավիճակ կայ։ Եթէ ինչ-որ խառնակ իրավիճակ ստեղծուի, նրանք անպայման իրենք փորձելու են իրենց թողած կիսատ գործը աւարտին հասցնել», — ասաց բժիշկ-ազատամարտիկը։
Խօսելով Նիկոլ Փաշինեանի մասին՝ Տարօն Տոնոյեանը նշեց՝ նա բոլոր օրինաչափութիւնից, տրամանաբութիւնից, մարդկային վերլուծութեան ծիրից դուրս է։
«Նրա գործողութիւնները ինչպէ՞ս մեկնաբանել․․․ դրանք մեր ազգի ամօթն են։ Ցաւով եմ ասում այս մասին, շատ եմ ափսոսում։ Մենք գործ ունենք տգէտ, ինքնահաւան, անհաւասարակշիռ մարդու հետ, և նրան նկարագրող ածականները կարելի է մի քանի րոպէ թուարկել։ Ափսոս է մեր երկիրը, ափսոս են մեր երիտասարդները, հինգ հազար տղերքը, որոնք հերոս են։ Նրանք իրենց գործն արել են հերոսաբար, քաջաբար պաշտպանել են իրենց հայրենիքը։ Իրենք չեն էլ իմացել՝ վերջում պարտութիւն է լինելու, թէ յաղթանակ։ Նրանք մեզ համար յաղթած հերոսներ են։ Այս իշխանութիւննեը բանակի օր չնշելով, ոգի բարձրացնող որևէ միջոցառում չանելով՝ մեզ տանում են նրան, որ անգամ հերոս տղաների մասին ասում են «մեռած»։ «Menu.am»-ի նախարարը (նկատի ունի «Menu.am» ցանցի սեփականատէր, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանին-հեղ․) պատահական չասաց՝ այսքան «մեռած» տղաներ․․․ Իրենց համար այդ տղաները մեռածներ են։ Դրա համար էլ հերոս Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարեանն ասաց՝ մեռածը դու ես։ Իրենք մեռած են․ այսօր էլ չկան, վաղն էլ չեն լինելու, երէկ էլ չեն եղել, իրենք ընդհանրապէս չկան մեր իրականութեան մէջ»։
44-օրեայ պատերազմի աւարտից յետոյ տարբեր շրջանակներում շրջանառուեց այս իշխանութեան ու թշնամու՝ պայմանաւորուածութիւններ ունենալու և նոյնիսկ պայմանաւորուած պարտութեան վարկածը։ Անդրադառնալով այս վարկածին՝ Տարօն Տոնոյեանը հետևեալ դիտարկումը ներկայացրեց․ «Պատերազմի բովում ամենաքիչն է երևում իրականութիւնը։ Այնտեղ շատ բաներ կան, որոնք չես կարող պատկերացնել։ Բայց մէկ բան պարզ է ինձ համար։ Միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման ընթացքում՝ մինչև պատերազմի սկսուելը զարմանալիօրէն խաղաղ էր առաջնագծում ու կրակոցներ չկային, սա ի՞նչ է, պայմանաւորուածութեան կամ երկխօսութեան արդիւնք չէ՞ արդեօք․․․»։
Բժիշկ Տոնոեանը հիշեցրեց՝ պատերազմի օրերին Արցախում ոչ մի ռումբ չընկավ այն շենքերի վրա, որտեղ երբեմն գտնվում էին այս իշխաութեան ներկայացուցիչները։
«Ես Ստեփանակերտում եղել եմ․․․Մարտակերտի հոսպիտալը ռմբակոծվում էր, Ստեփանակերտի հոսպիտալից մօտաւորապէս 30 կմ. վերև պետական կառոյց կար՝ կարծեմ՝ հարկայինի շէնքը․ այնտեղ էլ սմերչ հրթիռ էր ընկել, հոսպիտալից մի քանի մետր այն կողմ՝ ձորակում ևս ռումբ էր ընկել։ Հադրութի հիւանդանոցի անմիջապէս կողքը սմերչ էր ընկել, ռմբակոծութիւններ էին, բայց Ստեփանակերտի կարևորագոյն կառոյցներից որևէ կերպ չէին վնասուել․․․․ այս բոլոր փաստերը մտածելու տեղիք են տալիս։ Եզրայանգումները յետոյ են լինելու, աւելի մանրամասն են լինելու»։
Եզրափակելով զրոյցը՝ ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարօն Տոնոյեանը նշեց՝ ցաւօք, մենք մեր պետութիւնը կորցնելու ռէալ վտանգի առաջ ենք կանգել։
«Մենք ապագայ ընտրութիւնների հետ յոյսեր ենք կապում։ Յոյս ունենք, որ ազգային համերաշխութեան մթնոլորտ կ՚առաջանայ ու կը կարողանանք դուրս գալ այս քաղաքական խոր խոր ճգնաժամից, յետպատերազմեան ճգնաժամից։ Ապագայ ընտրութիւններին գնալով՝ մարդը պիտի հասկանայ՝ ինքը ո՞ր տեսակն է սիրում, իր հայրենիքի ապագան ինչպեէս է տեսնում և ըստ այդմ՝ կերտի իր հայրենիքի ապագան», — նշեց Տարօն Տոնոյեանը։
Յասմիկ Բալեյեան