կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-03 15:10
Հասարակություն

«Գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»․ այսօր Դուշման Վարդանի, Երոյի ու Արայիկի հիշատակի օրն է

«Գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»․․․
Վարդան Ստեփանյան

1966 թ. մարտի 9-ին Երևանում ծնվեց Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան):

1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ: Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ դատի ռազմական թևի հետ: Ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ, ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայինները:

Դուշման մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում: Դուշմանը մասնակցել է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին, այնուհետև անցել է Արցախ, որտեղ մասնակցել է Բադարա և Ասկերանի շրջանի Դագրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակցության ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր), մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին:

Վարդանի տղաների հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր 1992թ. հունվարի 22-ին: Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում:

Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը փետրվարի 25-26-ի գիշերը և Ստեփանակերտի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը:

ՀՅԴ գաղափարակիր Դուշման Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Բնականաբար, Դուշմանի արցախյան ուղու թագն ու պսակը, նրա ռազմատենչ ոգու պոռթկումը Շուշիի ազատագրման պատմական հերոսամարտն էր և հայոց անառիկ բերդաքաղաքի փառավոր ազատագրումը։

1992թ. հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում իր ընկերների` Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց դավադիր ականից:

Վարդան Ստեփանյանի աճյունն ամփոփվել է Եռաբլուրում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշանով: 2009թ. հուլիսի 3-ին Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել է Վարդանը, կանգնեցվել է հուշարձան:

Շուշիի ազատագրման 27-ամյակի առթիվ կայացած տոնական միջոցառումների շրջանակում, 2019 թ. մայիսի 10-ին Շուշիում կայացավ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի բացումը և օծումը: Իրականացավ հերոսի երազանքներից ևս մեկը՝ Շուշիում տուն ունենալը. բերդաքաղաքի Կանաչ ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող բազմահարկ բնակելի շենքի առաջին հարկում Վարդանի մորը` տիկին Զարուհուն, հատկացվել էր երկսենյականոց բնակարան, որն էլ վերածվել էր հերոսի տուն-թանգարանի:

Ընդամենը 1,5 տարի անց՝ 2020 թ աշնանը, ՀՀ հայրենադավ իշխանությունների՝ հայ ժողովրդի և հայ զինվորի թիկունքում կնքված գործարքի արդյունքում թշնամուն հանձնվեց նաև հայոց անառիկ բերդաքաղաք Շուշին։ Հայոց երազանքների քաղաքի հետ մեկտեղ թշնամուն հանձնվեց նաև Դուշմանի երազանքը՝ նրա տունը, այն սրբազան անկյունը, որը դարձել էր նրա մոր՝ տիկին Զարիկի, սրտի մի մասնիկը...