Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 10-ին Շուշիում բացվել է Արցախի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) տուն-թանգարանը: Այս մասին գրում է aparaj.am-ը:
Տուն-թանգարանի բացմանն աջակցել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ պաշտպանության նախարար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պետական և զինվորական բարձրաստիճան այրեր, հերոսի մայրը՝ Զարիկ մայրիկը, հարազատներ, գաղափարակից և մարտական ընկերներ, հյուրեր:
Վարդան Ստեփանյանը 1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն։
Վարդանը դաշնակցական առաջին կամավորների շարքում դեռ 1991 թվականին եկել էր Արցախ՝ իբրև մարտական մարզիչ։ ‹‹Դաշնակցական›› ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ), նա գործուղվում է Շահումյան՝ որպես հրահանգիչ՝ մարզելու նորակոչիկներին։
Վարդանը ոչ միայն մասնակցել է զինյալ պայքարին, այլեւ եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը եւ վերջապես՝անվախ հրամանատարը։ Նա մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։
1992 թ. հուլիսի 3 -ին Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում զոհվեց Դուշման Վարդանը։
Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» և «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով։ Վարդանի անունով է կոչվում ազատագրված Շուշիի փողոցներից մեկը, ինչպես նաեւ ԵՊՀ ամբիոններից մեկը, բազմաթիվ դպրոցներում կան Վարդանի անունը կրող դասարաններ։
Հերոսի երազանքը մեր բոլորի նվիրական երազանքն էր: Նա երազում էր ազատագրել Շուշին և Լաչինով տուն վերադառնալ:
Դուշման Վարդանը նաև երազում էր արցախյան ազատամարտի հաղթական ավարտից հետո յասամանի ծառեր տնկել ազատագրված Շուշիից մինչ Ստեփանակերտ: Հերոսի երազանքն իրականացավ նրա մահից 27 տարի անց:
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը իր խոսքում հիշեց Վարդանի մարտական հերոսական ուղին: Նրա խոսքերով՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությունից հետո Վարդանի ղեկավարած մարտի արդյունքում կարողացանք նորից ետ մղել թշնամու մեծաքանակ զորքը:
«Ուր էլ գնամ, տուն եմ գալու: Դու չես լացելու, ես էլ չեմ ծխելու»: Այսպես էր պայմանավորվել հերոսը մոր՝ Զարիկ մայրիկի հետ:
Մայրը հպարտությամբ էր խոսում իր հերոս որդու մասին:
‹‹Մայր, քո մահն անգամ ինձ հետ չի պահի››,-որդու խոսքերն է հիշում Դուշման Վարդանի մայրը:
‹‹Ես չեմ լացում, որովհետեւ ես Վարդանի մայրն եմ, ես սերունդ եմ դաստիարակում: Ես ապրում եմ վաղվա հաղթանակի օրվա համար: Եռաբլուրում կհաղորդեմ որդուս, որ ազգդ կանգուն և ուժեղ է››,- իր խոսքը եզրափակեց Զարիկ մայրիկը: