կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 12:27
Տարածաշրջան

Էրդողանը դարձյալ մեղադրել է ԱՄՆ-ին ցեղասպանության մեջ, այն դեպքում, երբ ԱՄՆ–ը ճանաչել է իր մեղքը

Էրդողանը դարձյալ մեղադրել է ԱՄՆ-ին ցեղասպանության մեջ, այն դեպքում, երբ ԱՄՆ–ը ճանաչել է իր մեղքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի`Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները որակել է «անհիմն, անարդար և իրականությունից հեռու»:

Ըստ Էրդողանի՝ Բայդենն իր հայտարարությունն արել է «հայկական արմատական շրջանակների ու հակաթուրքական խմբերի ճնշման տակ»:

«Պատմական իրադարձությունների ուսումնասիրությունը և դրանց վերաբերյալ ճշմարտության բացահայտումը պետք է թողնել փորձագետներին ու պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին»,- ընդգծել է թուրք ղեկավարը:

Էրդողանը հայտարարել է, որ «հայերի զանգվածային գերեզմաններ դուք ոչ մի տեղ չեք գտնի»: Նաև նշել՝ անընդունելի է «ցեղասպանության պիտակը կախել թուրք ժողովրդի վրա, երբ բոլոր փաստերն ակնհայտ են»:

Ուշագրավ է, որ Էրդողանը դարձյալ ԱՄՆ–ին մեղադրել է հնդկացիներին ցեղասպանության մեջ։ «Եթե Բայդենը խոսում է ցեղասպանության մասին, ապա թող հայելու մեջ նայի ու գնահատի իրեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեռ 2019 թ. դեկտեմբերին, երբ Կոնգրեսի երկու պալատները ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը «սպառնաց», որ ինքն էլ իր հերթին կճանաչի հնդկացիների ցեղասպանությունը։ Այս ամենը ծիծաղելի է թվում այն ֆոնին, որ ԱՄՆ–ը վաղուց է ընդունել իր մեղքը և փոխհատուցել կատարած հանցագործությունների համար, և Թուրքիան ոչ մի բարոյական իրավունք չունի ԱՄՆ–ին մեղադրելու ու սպառնալու, քանի որ՝

  • ի տարբերություն Թուրքիայի, ԱՄՆ-ն իր բոլոր պետական մարմինների՝ նախագահի և տարբեր պետական ու հասարակական կազմակերպությունների մակարդակով բազմիցս ներողություն է հայցել բնիկներից իրենց նախնիների կոտորածի համար, և այդ անկեղծ ափսոսանքը արտահայտվել է հայտարարություններով, հիշատակի հուշարձանների կառուցմամբ, պատմության դասագրքերում դեպքերի ճշմարիտ շարադրմամբ, զոհերի հիշատակը և վերապրողների արժանապատվությունը հարգելով,
  • ԱՄՆ կառավարությունը պետական բյուջեից ամենամյա հատկացումներ է կատարում բնիկ ժողովուրդների կարիքների ապահովման համար․ միայն 2019թ․-ին տրամադրվել է 2,4 մլրդ դոլար, նաև՝ փոխհատուցումը արտահայտվում է ֆեդերալ և նահանգային մակարդակներով տարբեր հարկային արտոնությունների ու այլ հատկացումների տեսքով,
  • ԱՄՆ-ն իր տարածքում բնիկ ժողովուրդներին տրամադրել է մոտ 130․000 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ կան 500-ից ավելի ինքնիշխան բնակավայրեր, որտեղ բնիկների սերունդները, իրենց բնական կենսակերպն ու մշակութային ժառանգությունը պահպանելով, շարունակում են ապրել,
  • ԱՄՆ-ը կառավարությունը բնական ռեսուրսների օգտագործումից մաս է հատկացնում բնիկներին՝ հարգելով այդ տարածքներում բնական ռեսուրսների նկատմամբ բնիկների իրավունքները։ Վերջին հաշվարկներով բնիկ ժողովուրդների տարածքներում եղած ռեսուրսները գերազանցում են  1,5 տրիլիոն դոլարը, որից նրանք բաժին ունեն։

Այսպիսով՝ Թուրքիան նախ պետք է դասեր քաղի ԱՄՆ–ի՝ ցեղասպանված հնդկացիներին փոխհատուցում տրամադրելու քաղաքականությունից և նոր միայն մեղադրի այլոց։