Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսեց արցախցիների նկատմամբ հայաստանցիների վատ վերաբերմունքի մասին։ Իրավապաշտպանը, մասնավորապես, անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ տաքսու վարորդը ավտոմեքենայից իջեցրել էր արցախցի երկու աղջիկների և ասել՝ գնացեք ձեր Ղարաբաղ: Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ այսօր տեղի է ունենում ներազգային ռասիզմ, որը պետք է կանխվի:
«Մենք ոստիկանություն էինք դիմել, նրանք շատ նորմալ վարույթ են իրականացնում, մենք տեղյակ ենք, որ նրանք հնարավոր և անհրաժեշտ գործողությունները կատարում են: Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով: Այս հոդվածը քիչ կիրառվող հոդված է, բայց այն պետք է կիրառվի, որպեսզի մարդիկ հասկանան, որն իրենց քայլը պատժելի արարք է: Մենք դեռ սպասում ենք պատասխանին, թե արդյոք կհարուցվի քրեական գործ, թե՝ ոչ»,– ասաց նա:
Իրավապաշտպանը նշեց, որ այս հարցը պետք է պարտադիր հանրայնացվեր, քանի որ հաճախ լինում են նման դեպքեր, որոնք, սակայն, չեն բարձրաձայնվում և սա է պատճառը, որ այսօր իրավիճակն այսքան սուր է:
«Խնդիրը թաքցնելը խնդրի ծավալը մեծացնելու լավ հնարավորություն է: Մեզ մանկուց սովորեցրել են, որ մենք լավն ենք, թշնամին է մեզ կոտորել, սակայն վերջին պատերազմը մտածելու տեղիք տվեց, մենք մեզ խաբել ենք երկար տարիներ, որը ոչ թե դրական արդյունք է տվել, այլ ճիշտ հակառակը: Մենք հայելու մեջ նայել ենք, տեսել ենք լրիվ այլ իրականություն, ինչպես, օրինակ, եղան 44-օրյա պատերազմի ժամանակ «արծրունհովհաննիսյանական ստի» հետևանքները»:
Մելիքյանը պնդեց, որ այսօր պետք է հետևողական լինենք ներազգային խտրականության դեպքերի նկատմամբ, որպեսզի այն չսրվի և անհրաժեշտություն չլինի հարցին այլևս անդրադառնալու։
Մանրամասները՝ տեսանյութում։