կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 14:11
Քաղաքական

Շուշիականություն

Շուշիականություն


Հայ իրականության մեջ եղել են և կան մի շարք երևույթներ, որոնք ոգեղեն նշանակություն են ունեցել և շարունակում են ունենալ մեր ժողովրդի համար: Այդպիսի երևույթներ կարող ենք համարել Հայկ Նահապետին, հին հայոց ռազմի, քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն Աստված Վահագնին, Արտաշես Ա և Տրդատ Մեծ արքաներին, Մեսրոպ Մաշտոցին, Վարդան Մամիկոնյանին, Գրիգոր Նարեկացուն, Գրիգոր Տաթևացուն, Արամ Մանուկյանին, Արարատ և Նեմրութ լեռները, Սուրբ Էջմիածինը, Ավարայրի, Սարդարապատի և Շուշիի հերոսամարտերը, մի շարք բերդեր և ամրոցներ: Այդպիսի ոգեղենություն ունի նաև Շուշին՝ որպես հոգևոր-մշակութային կենտրոն և բերդաքաղաք:

19-րդ դարի 20-ական թվականներից սկսած` Շուշին շուրջ մեկ դար եղել է Արևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից մեկը: (Թիֆլիսը նույնպես արևելահայության հոգևոր-մշակութային կարևոր կենտրոն էր, բայց Արևելյան Հայաստանում չէր): Առանց չափազանցության կարելի է ասել, որ իր կարևորությամբ Շուշին այս ընթացքում հասկանալի պատճառներով թերևս զիջել է միայն Էջմիածնին: Շուշիում էր կենտրոնացած Արևելյան Հայաստանի կրթամշակութային օջախների՝ տպարանների, մամուլի, հեղինակավոր դպրոցների մի կարևոր մասը: Այս բերդաքաղաքը արևմտահայ ազգային-ազատագրական գաղափարական խմորումների, ազգային գործիչների պատրաստման դարբնոցի էր վերածվել:

Այս ամենը տասնամյակների ընթացքում ազգային ոգեղենություն է հաղորդել Շուշիին:

Շուշին ունի ոչ միայն ոգեղեն, այլև ռազմավարական արժեք: Իր անմատչելի դիրքի շնորհիվ այն և՛ ամրոց է, և՛ շուրջբոլորը հսկելու դիտակետ: Միաժամանակ կարելի է պնդել նաև, որ Շուշիի ռազմավարական և ոգեղեն արժեքները փոխլրացնում են միմյանց: Ահա այս հանգամանքը մի կողմից մեզ մղել է Շուշին պահելու հայկական, իսկ մյուս կողմից թշնամուն դրդել է անընդհատ փորձել տիրել Շուշիին:

Շուշին հայկական պահելը մեր պատմական առաքելությունն է ոչ միայն հայկական ինքնության, ազգային անվտանգության, այլև տարածաշրջանային կայունության տեսանկյունից:

Շուշին հայկական պահելու հարցում մենք պետք է որ ունենանք դաշնակիցներ: Շուշիի հայկականությամբ պետք է շահագրգռված լինեն նաև պանթուրքիզմի մյուս երկու գլխավոր հակառակորդները՝ Իրանը և Ռուսաստանը: Եթե Շուշին դառնա թուրքական, ապա հենց Շուշիից է սկսվելու Իրանի մասնատումը: Եթե Շուշին մնա թուրքական, ապա Շուշիից է սկսվելու Ռուսաստանի հարավի և կենտրոնի թուրքաբնակ երկրամասերի անջատումը: Թերևս կարիք չկա մանրամասնելու այն պարզ ճշմարտությունը, որ պանթուրքիզմի գաղափարախոսության իրականացման ճանապարհին այս պահին գլխավոր սեպը Հայաստանն է, իսկ Հայաստանի ամրությունը չափվում է Շուշիի հայկականությամբ: Եթե Շուշին հայկական է, թուրքերը չեն համարձակվի ո՛չ Իրանի վրա հարձակվել, ո՛չ էլ Ռուսաստանի տարածք մտնել:

Պատահական չէ, որ մեր երկիր մտած օտար քոչվորը աչքը դրել է Շուշիի վրա: Պատահական չէ, որ 20-րդ դարի սկզբին թուրք-թաթարը ձգտում էր գրավելու Շուշին, կոտորում էր հատկապես Շուշիի հայ բնակչությանը: Պատահական չէ, որ Արցախյան առաջին պատերազմում Շուշին ուղղեց մեր մեջքը և կոտրեց ոսոխին: Պատահական չէ, որ թուրք-թաթարը նաև վերջին պատերազմում շեշտը դրեց Շուշիի վրա և, այն գրավելով, դադար տվեց:

Շուշիի հայկականության վերականգնումը կարող է և պետք է գոնե Արևելյան Հայաստանում վերազարթնումի, արդարության վերականգնման ոգեղեն սկիզբ դառնա:

Շուշին շուրջ 30 տարի մերն էր, բայց մենք չէինք շենացրել այն: Անարդարորեն: Շուշին պետք է վերադարձնել, արդարորեն շենացնել և այդ արդար շենացումը տարածել ամբողջ պետության վրա: Շուշին արդարության վերականգնման, արդարության հաստատման խորհրդանիշ պետք է լինի ոչ միայն պատմական, այլև սոցիալական, մշակութային վերելքի տեսանկյունից:

Արդար պետություն կառուցելու, կոռուպցիան վերացնելու, կրթությունը զարգացնելու մեր բաց թողած հնարավորությունը կարելի է համեմատել Շուշին չշենացնելու հետ:

Դեպի հզոր Հայաստան տանող ճանապարհը Շուշիով է անցնում: Միաժամանակ Հայաստանի կործանումը Շուշիի կործանմամբ է սկսվում: Մենք պարտավոր ենք կատարել մեր ընտրությունը. կա՛մ Շուշին մերն է, և մենք առաջ ենք գնում, կա՛մ Շուշին մերժում ենք ու կործանվում:

Շուշիին տիրելը հաղթության բերկրանք է, Շուշին կորցնելը՝ դավաճանված և պարտված, կոտրված զգալու դառնություն:

Պետք է վերահաստատել մեր համազգային նպատակը և հետամուտ լինել դրան: Հզոր պետություն ունենալու, Հայ դատը հետապնդելու բանալին այսօր Շուշիում է:

Հայոց ազգային ոգին վերարթնացնելու, Արևելյան Հայաստանում հզոր ազգային պետականություն ստեղծելու, հայոց շարունակականության հիմքերն ամրապնդելու մեր նոր պայքարը այլաբանորեն կարելի է անվանել ՇՈՒՇԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

Խաչատուր Ստեփանյան.
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Դրօշակ», թիվ 3 (1649), մարտ, 2021 թ.