կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 14:15
Քաղաքական

Հայաստանի Հանրապետությունն ու մեկնարկած 2021 թվականը

Հայաստանի Հանրապետությունն ու մեկնարկած 2021 թվականը

Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է մի շրջան, որը խորքային վերլուծության, առկա իրավիճակի գնահատման, հետևանքների վերացման և առաջիկա անելիքների հստակեցման կարիք ունի։ Գաղտնիք չէ, որ վերջին երեք տարվա ընթացքում երկրում առարկայական և համակարգային որևէ լուծում չկատարվեց, ավելին` նոր համակարգի ներդրման փոխարեն քայքայվեցին ամբողջ համակարգը և դրա ողնաշարը համարվող տնտեսական ոլորտը։

Օրվա իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ արեցին, որ ամբողջ պետական համակարգը քանդվի և, իրենց բնորոշմամբ, դառնա մի մեծ շինհրապարակ։ Նրանք հրաժարվեցին իզմերից, ինչի հետևանքով սկսվեց մի գործընթաց, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով բացասական ազդեցություն ունեցավ մյուս ոլորտների վրա: Մեկ հոդվածի շրջանակներում դժվար կլինի ամբողջությամբ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում և ինչ հետևանքների կհանգեցնի:

Վերլուծելով առկա վիճակը, կարևորելով տնտեսության զարգացման գլխավոր խթանները` անհրաժեշտ է հանգամանորեն անդրադառնալ ՀՀ տնտեսական խնդիրների ամենակարևոր լուծումներից մեկին՝ ներդրումներին: Մյուս ոլորտներին անդրադարձ նույնպես կլինի: Կարևոր են տնտեսական բոլոր ճյուղերի ընդհանուր զարգացումը և համաչափ առաջընթացի ապահովումը:

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ոլորտը բարձիթողի վիճակում է։ Բոլոր կառավարությունները բավարար չափով խորքային անդրադարձ չեն կատարել ներդրումների ոլորտին և երբևէ չեն կրել քաղաքական պատասխանատվություն տարբեր տարիներին հնչեցրած պաթետիկ թեզերի և առաջացած վիճակի կտրուկ տարբերությունների համար։ Տարբեր շրջանների մշակված հայեցակարգերը եղել են բացառապես նեոլիբերալ քաղաքականության տրամաբանության ծիրում, մինչդեռ անհրաժեշտություն կա նորովի անդրադառնալու այս, թերևս ամենակարևոր խնդրին։ Եթե մինչ 2018 թվականի իշխանափոխությունը ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուները հայեցակարգում արտահայտում էին նեոլիբերալ մոտեցումներ, ապա իշխանափոխությունից հետո ներդրումներին, այդ թվում` օտարերկրյա, ՀՀ կառավարությունը սկսեց վերաբերվել ծայրաստիճան պոպուլիզմով։ Նախ հայտարարվեց, որ ներդրումներ կհոսեն Հայաստան, և կլինի «տնտեսական հեղափոխություն», եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, և այդ ընթացքում տրվեցին անթիվ խոստումներ։ Այնուհետև պարզվեց, որ ներդրումների ներգրավմանը խանգարում է Ազգային ժողովը։ 2018 թվականին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և ձևավորվեց նոր Ազգային ժողով, բայց խոստացած ներդրումները չկային։ Իշխանություններն այս անգամ ներդրումներին խոչընդոտ համարեցին դատաիրավական համակարգը և սկսեցին արշավել Սահմանադրական դատարանի դեմ: Սրան համընթաց եկավ COVID-19 համավարակը, իսկ վերջում՝ Արցախյան պատերազմը։ Առկա վիճակը փաստում է, որ ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատու պաշտոնյաները մակերեսային պատկերացում ունեն ներդրումային քաղաքականության ոլորտում կիրառվող անհրաժեշտ մեթոդաբանության մասին, իսկ կառավարությունը մեղավորների փնտրտուքի մեջ է։ Այսօր ՀՀ տնտեսությունը աղետալի վիճակում է, սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամը հատել է բոլոր կարմիր գծերը, ուստի պետք է անհապաղ կանգնեցնել այս քայքայիչ ընթացքը։

Ներդրումները տնտեսության մեջ կարևոր են, քանի որ դրանք տնտեսական աճի ապահովման նյութական ներուժ են և տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար ունեն առանցքային դեր։ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության կայունացման, առաջանցիկ աճի ապահովման համար անհրաժեշտ է մշակել ներդրումային քաղաքականության համալիր միջոցառումներ։ Իսկ դա Նիկոլ Փաշինյանի վարչակազմն ունակ չէ անելու: Ի վերջո, ներդրումը գործարք է, որի կատարման արդյունքում պետք է առաջանա հավելյալ արժեք։ Ոլորտի կարգավորման համար առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես ձևակերպված չէ, թե ինչպիսի տնտեսական մոդել պետք է ներդրվի, և ինչպիսի ախտաճանաչում պետք է արվի: Այսպիսով.

– Ախտահաճանաչման միջոցով օր առաջ պետք է գնահատվեն ներքին և օտարերկրյա ներդրումների ներգրավման այն արգելքներն ու հիմնախնդիրները, որոնք առաջացել են հարկաբյուջետային անարդյունավետ քաղաքականության պատճառով:
– Հստակեցված չեն ներդրումների վրա ուղղակիորեն ազդող գործոնները, մասնավորապես` եկամտաստեղծ ոլորտների բյուջետային կարգավորումների մեթոդով հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը:
– Հստակեցված չեն ներդրումների վրա անուղղակիորեն ազդող գործոնները, մասնավորապես` պետության կարգավորումների մեթոդով տնտեսվարողների և հասարակության վճարունակ զանգվածի առաջարկ-պահանջարկի մեխանիզմները:
– Նախանշված չեն այն առաջնային ոլորտները, որոնցում պետությունը տեսնում է զարգացման հնարավորություն, կամ անհրաժեշտ է, որ տվյալ ոլորտը զարգանա, օրինակ` գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, տուրիզմ, ծառայություններ, առևտուր, այդ թվում` արտաքին:
– Չեն մշակվել այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ պոտենցիալ ներդրողի համար ՀՀ-ն կդառնա բիզնես վարելու գրավիչ վայր:
– Գնահատված չեն մարքեթինգի ցածր մակարդակի, իրազեկման, գործարար միջավայրի և քաղաքական դաշտի անկայունության հետևանքով առաջացած խնդիրները:
– Հարկային համակարգի խառնաշփոթի, հարկային օրենսգրքի արագ փոփոխությունների (2018 թվականից մինչև 2020 թվականի վերջը՝ 38 անգամ) պայմաններում առկա են անտրամաբանական լուծումներ։ Օրինակները շատ են՝ համահարթ եկամտային համակարգ, ռեգրեսիվ դրոշմանիշային վճարների ներդրում, գույքահարկի փոփոխություններ և այլն:
– Չկան օտարերկրյա ներդրումների համար երաշխիքներ. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը 1994 թվականին ընդունվելուց հետո փոփոխվել է երեք անգամ, վերջինը՝ 2007 թվականին, մինչդեռ այն ունի լրջագույն վերանայման կարիք։

Տնտեսության մյուս ոլորտներում նույնպես առաջացել են խորքային խնդիրներ: Խնդիրներ կան գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տրանսպորտի, առևտրի, տուրիզմի, մյուս ծառայությունների և տնտեսական ոլորտներում: Այս ոլորտները նույնպես խորքային գնահատման կարիք ունեն: Սրանք պետության առաջընթացի ճանապարհին լրջագույն խոչընդոտներ են, որոնք պետք է վերացվեն, պետք է ստեղծվի նոր իրավակարգավորումների բազա, ներդրվի նոր համակարգ` նոր մարդկանցով և նոր նպատակադրումներով: Այս ամենի համար կան առարկայական լուծումներ, տեսլական կա, ներուժ դեռևս կա:

Դատելով մի շարք ցուցանիշներից` կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 2021 թվական մուտք է գործել տնտեսական մեծածավալ անկմամբ: Մինչ ՀՀ իշխանությունները տարբեր առիթներով թմբկահարում են իրենց հաջողությունների մասին՝ տպված ՀԴՄ կտրոնների թվաքանակի աճի հիման վրա, պետական վիճակագրական ցուցանիշները հերքում են դրական միջավայր ստեղծելու վարչապետի անհիմն հայտարարությունները:

2021 թվականի հունվարին, 2020 թվականի հունվարի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5 տոկոսով, շուրջ 7.6 տոկոսով նվազել է ՀՆԱ-ն՝6569030.8 մլն դրամից դառնալով 6183742.1 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում արդյունաբերության ցուցանիշը կրճատվել է 11 տոկոսով, առևտրինը՝ 15.1 տոկոսով, ծառայությունների ոլորտինը՝ 10.3 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝17 տոկոսով, արտահանումը՝ 11.3 տոկոսով, ներմուծումը՝ 20 տոկոսով:

ՀՀ պետական պարտքը հատել է 8.0 միլիարդ դոլարի շեմը, և ՀՀ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է ավելի քան 67 տոկոս, մինչդեռ ՀՀ պետական պարտքի մասին օրենքով սահմանված շեմը 60 տոկոս է: Հայաստանի կառավարությունը նաև 2021 թվականին թողարկել է 750 մլն դոլար արժեքով եվրոպարտատոմսեր, ինչը վկայում է այն մասին, որ այս կառավարությունն ավելի շատ պարտք է ներգրավում, քան նախատեսված էր: Նա չի կարողանում ավելի արդյունավետորեն կառավարել պետական միջոցները, չի կարողանում ներգրավել ավելի էժան միջոցներ, պարտքերը կուտակում է աշխատավարձ և թոշակ բաժանելու համար, չի ներգրավում ծրագրային միջոցներ և մնացել է միայն պարտատոմսերի թողարկման հույսին: ՀՀ-ում աղքատության ցուցանիշը բարձր է, մեծ է աշխատող աղքատների թիվը, պետական եկամուտների հավաքագրելիության մակարդակը սահմանվածից ցածր է, իսկ պետական բյուջեն կազմվում է իներցիոն սկզբունքով և չի կարող դիմագրավել առկա մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է երկիրը:

2021 թվականի հունվարին, 2020 թվականի հունվարի համեմատ, գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4.5 տոկոս, մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների միջին աճը 10-15 տոկոս է: Միջին անվանական աշխատավարձը նվազել է 4 տոկոսով, իսկ պետական հատվածի աշխատավարձը չի նվազել պարգևատրումների հաշվին: Արժեզրկվել է ազգային արժույթը. ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի հարաբերակցությամբ արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով: Սա նշանակում է, որ ներմուծվող հումքը, որը մեզ մոտ անցնում է արտադրական տեխնոլոգիական գործընթացներով, ունի ավելի բարձր ինքնարժեք: Փոխարժեքի փոփոխությունը բացասաբար է անդրադարձել նաև ՀՀ-ում սպառվող գազի արժեքի վրա, ինչի հետևանքով բնական գազի սպառմամբ վերամշակվող արդյունաբերական ապրանքներն ունենում են բարձր ինքնարժեք:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը, տարածքային կորուստներն ահռելի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը։ Դրանք բացասաբար են ազդել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա: Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները հայտնի են իրենց ջրային հարուստ ռեսուրսներով, որոնք ապահովում էին հէկ-երի անխափան աշխատանքն ու էներգետիկ անվտանգությունը։ Կորցրել ենք շուրջ 30 հէկ:

Շատ կարևոր է հանքարդյունահանման ոլորտի անխափան աշխատանքը, այն հանքերի, որոնք մնացել են Արցախի տիրապետության տակ։ Կորցրել ենք մետաղական և ոչ մետաղական բազմաթիվ հանքեր, որոնք ապահովում էին աշխատատեղեր, գեներացնում էին հարկերը։ Այսինքն՝ ՀՆԱ-ի առյուծի բաժինն ապահովում էր հանքարդյունահանման ոլորտը։

Պարենային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր էին հարավային, ավելի հարթավայրային ցանքատարածքները, որոնց կորուստն անդառնալի հետևանք կթողնի։ Պատերազմի հետևանքով շուրջ 50 հազար հեկտար հացահատիկի արտեր են անցել թշնամու տիրապետության տակ, որոնք տալիս էին ավելի քան 550 հազար տոննա ցորեն։ Ընդհանուր առմամբ կորցրել ենք մոտ 95 հազար հեկտար ցանքատարածք։

Ներկայումս կորստին գումարվել են սոցիալական նոր խնդիրներ, որոնց հետևանքների գնահատման և վերացման համար անհրաժեշտ են նյութական խոշոր ռեսուրսներ։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծայրաստիճան վտանգավոր հանգրվանում: Սա նշանակում է, որ հապաղելու իրավունք չունենք, իսկ անելիք իսկապես շատ կա, և այս ամենը հնարավոր է իրականացնել բացառապես իշխանափոխությունից հետո։ Կարևոր է ոչ միայն գործող իշխանությունների հեռանալը, այլ նաև այն, թե ովքեր պիտի գան, և, որ ավելի կարևոր է, ինչ պիտի անեն նորերը:

Այս դժվարին օրերին ՀՅԴ-ն ձևավորել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է առկա իրավիճակի հանգամանալի գնահատման, խնդիրների ախտաճանաչման և լուծումների մշակման գործով: Ձևավորված խումբն աշխատում է բավականին արդյունավետ: Ավարտուն տեսքի բերելուց հետո սեղանին կդրվի ամբողջական փաթեթ, և դրա վերաբերյալ կլինեն հրապարակումներ:

Արմեն Գրիգորյան
ՀՅԴ Հայասատանի ԳՄ ֆինանսների և էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ

«Դրօշակ», թիվ 3 (1649), մարտ, 2021 թ.