Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես արդեն մի քանի ամիս շարունակ ամուսնուցս որևէ լուր չունեմ, որևէ մեկն ինձ հետ կապ չի հաստատում, չի ասում ՝ ինչ կարգավիճակում է իմ ամուսինը, և ի՞նչ է լինելու հետագայում նրա հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երկրապահ Ալյոշա Խոսրովյանի կինը՝ Սվետլանա Ղուկասյանը:
«Ամուսինս՝ որպես երկրապահ, առաջնագիծ է մեկնել հոկտեմբերի 2-ին, իսկ վերջին անգամ նրա հետ խոսել եմ հոկտեմբերի 6-ին, երբ վերջին անգամ խոսել ենք, ասեց՝ մեզ լավ պահենք, երեխաներին լավ նայեմ, ասաց՝ ոտքը ցավում է, և ինքն այլևս հետ չի գալու, ես ենթադրում եմ, որ ամուսինս վիրավոր է եղել: Արդեն 5 ամիս է՝ ես ոչ մի լուր չունեմ, իսկ երբ երկրապահների հետ երեկ կապ եմ հաստատել՝ ևս մեկ անգամ ճշտելու՝ ինչ է կատարվում, ինձ ասացին՝ դու ո՞վ ես , ինչո՞ւ ես այդքան անհանգստանում»,- ասաց Սվետլանա Ղուկասյանը:
«Ես փորձել եմ գրեթե բոլոր պատկան մարմինների հետ կապ հաստատել, բոլորն ինձ ասում են, որ դեռ սպասեմ, դեռ ոչինչ չեն կարող ասել: Ես ԴՆԹ թեստ եմ հանձնել, բայց արդեն ինչքան ժամանակ է՝ անգամ ԴՆԹ թեստի պատասխանը չկա: «Կարմիր խաչը» ոչինչ չի ասում, ոչ հաստատում է, ոչ հերքում է։ Այսօրվա դրությամբ իմ ամուսնու կարգավիճակն անհայտ է»,- հայտնեց Սվետլանա Ղուկասյանը:
Նա հայտնեց՝ եթե մեկ շաբաթից երկրապահները հստակ տեղեկատվություն չտրամադրեն, դիմելու է դատարան և օրենքի տարրին համապատասխան լուծում պահանջի։
«Երկրապահներին տվել եմ մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի ինձ հստակ տեղեկություն տրամադրեն՝ ու՞ր է իմ ամուսինը, ի՞նչ վիճակում է, գերի է, զոհվել է, թե անհետ կորած է, ես ընդամենը տեղեկություն եմ ուզում իմ ամուսնուց, եթե մեկ շաբաթից ինձ ոչինչ չասեն, ես դիմելու եմ դատարան, ես արդեն ունեմ փաստաբան և օրենքի տառին համապատասխան անելու եմ իմ հետագա գործողությունները և բոլոր մեղավորներին պատժեմ»,- ասաց Սվետլանա Ղուկասյանը: