Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասում են` պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Իհարկե, խմբագրումներ լինում են, բայց կրկնություններն անխուսափելի են:
Հուլիանոսից հետո Հռոմի կայսր դարձած Հովանիոսն այնքան թուլամորթ ու անողնաշար էր, որ Հուլիանոսի` պարսիկներին ջախջախելու բոլոր միջոցներն արագորեն «սառեցնելուց» հետո նույնիսկ չէր կարողանում ապահով նահանջ կազմակերպել իր զորքերի համար, չնայած այն բանին, որ կռվելու համար բավարար ուժեր ուներ:
Այդ պատճառով` նա ստիպված եղավ ընդունել պարսից Շապուհ 2-րդի բոլոր նախապայմանները եւ կնքել Հռոմի համար մի ստորացուցիչ պայմանագիր, որը ոչ այնքան պայմանագիր էր, որքան` Շապուհի ցանկությունների արձանագրություն:
Ըստ այդ պայմանագրի` Հռոմը Պարսկաստանին էր զիջում Արբաստանը` Մծբին քաղաքով, Սինգարաու, Կաստրամավրորում ամրոցներով, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը եւ Ռեմինեն:
Հռոմեացի պատմիչ Ամինիանոս Մարկելինոսն այդ պայմանագիրն անվանել է ամոթալի:
Հռոմը` Հայաստանի դաշնակիցը, եւ, որպես գերտերություն, ինչ-որ կերպ նաեւ Հայաստանի անվտանգության երաշխավորը` դաշնակցի իր պարտավորություններով, գնաց ստորագույն մի քայլի, որի մասին վերոհիշյալ պատմիչը գրում է.
«Բացի այդ, նաեւ ծանր եւ ուխտադրուժ մի հավելում արվեց , որ այլեւս չտրվի օգնություն մեր մշտական ու հավատարիմ բարեկամ Արշակինՙ պարսից դեմ, եթե նա այդ մեզանից խնդրելու լինի -գործարք կնքեց Հայաստանի հաշվին եւ նենգորեն դավաճանեց նրան»:
Հռոմեացի պատմիչի այս գրությունը մեջբերելը բուն ասելիքիս հիմքն էր` մեխը: Իհարկե, Հռոմն ու Հայաստանը ազգային ու մշակութային այն անքակտելի կապը չունեին, ինչ ունեն Հայաստանն ու Արցախը, բայց, ամեն դեպքում, Հռոմի կայսեր քայլը մինչ օրս դիտվում է որպես դավաճանություն:
Իսկ ինչպես է դիտվում Հայաստանի այն ղեկավարի քայլը, որը մինչեւ 2020թ. ամենուր բղավում էր, թե` Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց հետո ստեղծեց այնպիսի մի ներազգային ու ներպետական քաոս, որի հետեւանքով Հայաստանն էլ Հռոմի պես նվաստագիր կնքեց ու տարածքներ զիջեց, ի տարբերություն Հռոմի` ոչ թե գրավյալ, այլ ազատագրված` պատմական Հայաստանին մաս կազմող: Ավելինՙ խոստացավ իր զորքերը դուրս բերել Արցախից ու այլեւս զորք չուղարկել այնտեղ:
Չգիտեմ` որքանով է ճիշտ 17 դարերի հեռավորության վրա հայությանը դավաճանած հռոմեացուն ու հային նույն արշինով չափելը, ասենք, էական էլ չէ նրանց նմանություններն ու տարբերությունները, էականը պատմության կրկնությունն է, որին մենք բազմիցս ականատես ենք եղել:
«Ամոթալի» դաշնագրից հետո Շապուհը, իրեն ազատ զգալով, մեկ տարի անց հարձակվեց Հայաստանի վրա ու ավերելով այն` ձերբակալեց հայոց արքա Արշակին:
Այսօր, երբ Հայաստանն Արցախի հարցում, մեղմ ասած, ձեռքերը լվացել է, թշնական Ադրբեջանի ղեկավարն իրեն ավելի ազատ է զգում, քան երբեւէ:
Այսօր, այսօր ես ավելի շատ եմ վախենում պատմության կրկնությունից, քան` երբեւէ:
ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Աղբյուրը ՝ azg.am