կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-20 18:58
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈւԹ. Ո՞վ պետք է ապրեցնի հայրենիքը, իհարկե՝ այստեղ հավաքվածներս, այլ ոչ՝ այս վարչակազմը. ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ

Հայրենիքով ապրեց սփյուռքը, սերունդներ դաստիարակեց, և նույնիսկ երբ անկախ չէր մեր երկիրը, մեր խորհրդանիշերը պահելով, եռագույնով զավակներ կնքեց ու հավատաց, որ պիտի վերանկախանանք։ 88 թվականի շարժման ժամանակ հույս և ավյուն ստացավ մեր ազգը, հերոսներ ծնվեցին և ապացուցեցին, որ մենք՝ որպես ազգ, իրավունք ունենք ապրելու և գոյատևելու, կերտվեցին նոր հաղթանակներ, և փաստեցինք աշխարհին, որ մենք ենք մեր ճակատագիրը թելադրողը։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին հաջորդած բողոքի երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Ցողիկ Աղըգյանը։

«Հաղթանակ կերտեցինք ազգովի, սակայն այս ամեն ինչը տանջանքով և ցավով, նաև կորուստներով ձեռք բերեցինք։ Այդ հաղթանակով իմ սերունդը ապրեց սփյուռքում, հաճախեց ազգային դպրոց, Արցախ այցելեց, սիրեց, հպարտացավ և հրճվեց այդ հաղթանակով, սակայն չէինք կարծում, որ այդ ամենը մի օր պետք է խլվի մեզնից», – ասաց նա։

Ըստ Ցողիկ Աղըգյանի՝ պատերազմը ցույց տվեց, որ հայ լինելը դժվար է, բայց հասկացանք, որ հայ զինվորն աննկուն է և միշտ հաղթական։ «Միակ տկարն ու անողորմելին հակահայն է, որն Արցախը հանձնեց մեր ոխերիմ թշնամիներին։ Նաև տակավին շարունակում է հանձնատվությունը՝ Հայաստանը կամաց-կամաց հանձնելով թշնամուն։ Ի՞նչ կարող ենք մենք անել՝ հայրենադարձներս, երիտասարդներս, Սփյուռքի մեր հայրենակիցները։ Հայրենիքը պետք է ապրեցնենք, գուրգուրենք, ո՞վ պիտի անի դա, եթե ոչ՝ այստեղ հավաքվածներս։ Իհարկե, ոչ՝ իշխանավորները, որովհետև այս հայրենիքի հողն ու երկինքը նրանց մերժում են»,- ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։