կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-15 13:38
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ազդակ» օրաթերթի թվայնացված հավաքածուները տրամադրվեցին Ազգային գրադարանին

1927թ-ից առայսօր Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թվայնացված հավաքածուները, ընդ որում, ոչ միայն օրաթերթի համարները, այլև հավելվածները, գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տրամադրեց Հայաստանի ազգային գրադարանին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այս առիթով ստորագրվեց հուշագիր Հայաստանի ազգային գրադարանի եւ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի միջեւ։

«Ազգային գրադարանի հետ մեր համագործակցությունը անցել է ճանապարհ։ Ամենակարևորն այն է, որ, հատկապես, Միջին Արևելյան տարածաշրջանում լույս տեսնող պարբերականները, որոնք նաև պատերազմի պատճառով վտանգված են, շատ կարևոր է թվային տարբերակները ամբողջովին բերել այստեղ, որովհետև պահպանման ամենապրոֆեսիոնալ ձևն է»,-ասաց Շահան Գանտահարյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ համագործակցության շրջանակում «Ազդակի» 100-ամյակին՝ 2027թ-ին, Ազգային գրադարանը կունենա «Ազդակի» մատենագիտությունը։

«Հույս ունենք՝ սա կլինի նախադեպ Սփյուռքի մամուլի հետ աշխատելու»,-ասաց Չուլյանը։

Շահան Գանտահարյանը նշեց, որ «Ազդակի» ամբողջ արխիվը մատենագիտական աշխատանքի պատրաստելը որոշվել է անցյալ տարվա՝  Հայ դատին նվիրված գիտաժողովի ընթացքում։

«Այն պրոֆեսիոնալ աշխատանքը, որ այստեղ տարվում է մատենագիտական առումով՝ նեղ մասնագիտական և՛ կոդավորման, և՛որոնման, և՛ ըստ նյութի, ըստ աղբյուրի, ըստ հեղինակի, ըստ խորագրի, տեղանունների, ազգանունների, գոնե մամուլի պարագային այս աշխատանքների վայրը Հայաստանն է և Ազգային գրադարանը»,-կարևորեց Շահան Գանտահարյանը։

Նա ասաց, որ իրենց համար մեծ նշանակություն ունի, որ «Ազդակ» թերթի 100-ամյակին ընդառաջ այս աշխատանքները ակտիվ ձևով կատարվում են մատենագետների կողմից։

«Կարծում եմ, որ այս հսկայական նյութի մատենագիտության պատրաստությունը շատ մեծ արխիվային, սկզբնաղբյուրային օգտակարություն կունենա մամուլի ուսումնասիրության և Սփյուռքի պատմության գիտահետազոտողների համար»,-ասաց օրաթերթի խմբագիրը։

Վերջին տարվա լարված իրողոթյունները՝ պատերազմը և հետպատերազմական իրողությունները, Գանտահարյանի խոսքով, ակտիվ լուսաբանվել են «Ազդակ» օրաթերթում ՝ մեկնաբանություններով, վերլուծականներով և արտատպումներով։

«Բայց «Ազդակը» պետք է համաժամանակյա ձևով լուսաբաներ և՛ միջինարևելյան ճգնաժամը, որին ենթարկվել են նաև հայ համայնքները, և՛, հատկապես, վերջին շրջանի Լիբանանը, որը նաև դիմագրավում է ոչ միայն կորոնավիրուսի համավարակի ծանր հետևանքները, այլ նաև անվտանգության, ապահովության, քաղաքական անորոշության և, իբրև այս բոլորի հետևանք, ֆինանսական ամենածանր, աննախադեպ, ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում նման խորությամբ նախադեպը չունեցող ճգնաժամը։ Ուզում եմ ասել, որ ճգնաժամային տեղեկատվության պրակտիկա է անցնում ոչ միայն «Ազդակը», ընդհանրապես, Լիբանանում լույս տեսնող՝ և՛ լիբանանյան թերթերը, և՛ հայկական օրաթերթերը»,-նշեց Գանտահարյանը։

Նա նկատեց, որ «Ազդակը», լինելով Դաշնակցության պաշտոնաթերթը, բնականաբար, իբրև սկզբնաղբյուր օգտվում է  նաև «Երկիր» լրատվական կայքի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութան ինֆորմացիայից, բայց բաց տեղեկավական աղբյուր է, և, մանավանդ պատերազմի օրերին, հենվում էր պաշտոնական լրահոսի վրա։

Շահան Գանտահարյանն ասաց, որ «Ազդակի» դեպքում և՛ տպագիր պարբերականն է ամեն օր լույս տեսնում, և՛ էլեկտրոնայինը։ Սակայն կայքային բովանդակությունը որոշ երանգներով տարբերվում է տպագիրի բովանդակությունից։ Բացի այդ, իրականացնում են նաև արագ լրահոսի ռեժիմ, որովհետև ճգնաժամային պայմաններում ապրող և գործող լրատվամիջոցը պարտավոր է նաև շատ արագ, օպերատիվ լրատվություն տրամադրել։  

Մանրամասն՝ տեսանյութում․