Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սամվել Քոչարյանի ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում՝ ի՞նչ անել, ո՞ւմ դիմել։ Yerkir.am-ի թղթակիցը մի քանի օր է՝ փորձում է հասկանալ, թե ո՞ր պատկան մարմիններն են հետաքրքրվել, օգնության ձեռք մեկնել աղմուկ բարձրացրած հայտնի դեպքի առնչությամբ։ Խոսքը վերաբերում է հունվարի 19-ին Երեւանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած առեղծվածային դեպքին, երբ թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել էր Սամվել Քոչարյանի ընտանիքին պատկանող 207 գլուխ ոչխար՝ պատճառելով 10 միլիոն դրամի նյութական վնաս։ Ասում եմ՝ առեղծվածային, քանի որ մինչ օրս չի պարզվել՝ շների՞ ոհմակ է եղել, թե՞ գայլերի։ Դեպքի առնչությամբ հաղորդում էր ներկայացվել ոստիկանություն, տեղեկացրել էին արտակարգ իրավիճակների նախարարությանը, Երեւանի քաղաքապետարանին, Աննդի անվտանգության տեսչական մարմնին, Նիկոլ Փաշինյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, Արարատի մարզպետին։
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ փորձաքննության արդյունքներով՝ մարդկային գործոն չի եղել, հետեւաբար՝ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Մամուլից տեղեկանալով՝ դեպքին առաջինն արձագանքել է Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը, հորդորել՝ ձեռք չտալ, մինչեւ հասկանան՝ շուն է, թե՝ գայլ։ Աղաբեկյանը, ոչ մի փաստեր չներկայացնելով, վստահեցնում է՝ ոչխարներին շուն չի հոշոտել։ «Ոչ միայն ես եմ վստահ, որ շուն չեն, այլ բոլոր նրանք, ովքեր առնչություն են ունեցել շների հետ»,- ասում է նա։
Ինչ խոսք՝ Աղաբեկյանը դեպքը մտահոգիչ է համարում, ասում է․ «Քաղաքացին ահագին վնաս է կրել, բայց դա մեր տիրույթում չէ»։ Իսկ ո՞րն է իրենց տիրույթում, խնդրեցինք պարզաբանել՝ արդյո՞ք Երեւան քաղաքի տվյալ հատվածում իրականացրել են թափառող շների վնասազերծման եւ դրանց թվաքանակի ճշտման աշխատանքներ, առկա թափառող շների վիճակագրական ուսումնասիրություններ, համարակալման, քարտեզագրման, նույնականացման եւ խնամքի աշխատանքներ արվե՞լ են․ սա նրանց կանոնադրական պարտականությունն է։ Աղաբեկյանին հարցս տարօրինակ է թվում․ «Կարծում եմ՝ կլինեն շներ, թափառող շներ են, ես ի՞նչ կարող եմ ասել։ Կոնկրետ այս դեպքի հետ կապված՝ մենք աշխատանք չունեինք տանելու։ Հո չեմ տեսել բոլոր շներին, ես չեմ կարող միանշանակ ասել, որ բոլորը ստերջացված են։ Բայց անցյալ տարի շներից որին կարողացել ենք, բռնել ենք, ստերջացրել ենք։ Մեր գործառույթը թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգման նպատակով կենդանիների ստերջացումն է»։
Հաջորդ տրամաբանական հարցին՝ գլխաքանակի կանոնակարգում արվե՞լ է, որքա՞ն շուն կա այնտեղ, պատասխանում է․ «Չէ, այդպես չի, Դուք ճիշտ չեք պատկերացնում։ «Քանի գլուխ շուն» ասելով չի, երբ շներին ստերջացնում են, անում են, որ ձագ չունենան»։
Աղաբեկյանը վստահեցնում է՝ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ դեպքի օրը անձամբ ինքն է խոսել, մարդ է կանչել, եկել են։
Հիմա հասկանանք, թե ի՞նչ է արել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արդյո՞ք հոշոտված ոչխարները փորձաքննության ենթարկվել են։ Ըստ Սամվել Քոչարյանի՝ ՍԱՏՄ-ն եկել է դեպքից 8 օր անց, երբ կենդանիների մարմինները փորձաքննության ենթարկել այլեւս հնարավոր չի եղել։ Մեկն ասում է՝ եկել է դեպքի նույն օրը, մյուսն ասում է՝ 8-րդ օրը։
Զանգեցինք ՍԱՏՄ։ Կառույցի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը սկզբում ասաց՝ իրականում այդքան ուշ չեն գնացել, գնացել են երկրորդ կամ երրորդ օրը․ «ՍԱՏՄ-ն արձագանքել է, երբ ինֆորմացիան հասել է»։ «Եթե օպերատիվ արձագանքել են, այդ դեպքում ինչո՞ւ փորձաքննություն չի իրականացվել» հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ ավելի ուշ զանգեմ, մինչեւ ինքը մանրամասները կճշտի։ Ավելի ուշ զանգեցի։ Մանրամասները ճշտելու համար Հարությունյանն առաջարկեց խոսել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանի հետ։
Մայիլյանն, ի հակադրություն Անուշ Հարությունյանի, ասաց, որ ՍԱՏՄ-ն դեպքի մասին իմացել է շատ ավելի ուշ՝ 8-րդ օրը, մամուլի հրապարակումներից։ Տեղեկանալուն պես, ըստ Մայիլյանի, տեսչական մարմնի ղեկավարի հրամանով տվյալ տարածքում իրականացվել է անասնահամաճարակային մշտադիտարկում։ Մայիլյանի խոսքով՝ լաբորատոր փորձաքննություն չեն կարողացել իրականացնել, քանի որ, նրա ձեւակերպմամբ, «ահագին ժամանակ է արդեն անցած եղել»։ «Միայն որոշ զննումների արդյունքում պարզվել է, որ կենդանիների մոտ եղել են, այսպես ասած, շների հոշոտման հետքեր։ Տարածքը ցանկապատված չի եղել, այն շինությունը, որտեղ պահում էին կենդանիներին, դուռ չի ունեցել»,- թեմայից «շեղվելով»՝ պատմում է Մայիլյանը։
Զրուցակցիս հարցնում եմ՝ տեսչական մարմնի գործառույթը դեպքի հանգամանքները պարզե՞լն է, պատասխանում է․ «Այո, մենք նաեւ հանգամանեքներն ենք պարզել, զուտ, եւ այն, թե կենդանիներն ի սկզբանե որտեղից են եկել, հաշվառված եղել են, թե՝ ոչ։ Փոխհատուցման լիազորություններ չունենք»։
Լավ, իսկ պարզեցի՞ք՝ շո՞ւն է, թե՞ գայլ։ «Այդ հարցին, չեմ կարող պատասխանել, որովհետեւ որեւէ փորձաքննություն չի իրականացվել։ Շուն է եղել, թե՝ գայլ՝ չեմ կարող ասել»։
Իսկ ինչպե՞ս է եղել, որ մեծ աղմուկ բարձրացրած դեպքի մասին Հայաստանում բոլորն իմացել հենց առաջին օրը, ՍԱՏՄ-ն՝ 8-րդ։ Հետաքրքրվեցինք՝ իրավասու մարմինները Ձեզ չե՞ն տեղեկացրել։ Ի հակադրություն քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանի, որը վստահեցնում էր, թե անձամբ է խոսել ՍԱՏՄ ղեկավարի հետ, Մայիլյանը շեշտեց՝ որեւէ տեղեկություն չի եղել։ «Եթե տուժող քաղաքացին չի իմացել քայլերի հերթականությունը եւ մեզ չի տեղեկացրել, դա կարող էին անել ՏԻՄ մարմինները, քաղաքապետարանը, ոստիկանությունը։ Բայց մեզ պաշտոնական որեւէ գրություն, թեժ գծի միջոցով որեւէ տեղեկատվություն չի եկել»,- ընդգծեց նա։
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքապետարանի համար, ի վերջո, փաստը մտահոգիչ չէ՞, հետաքրքիր չէ՞՝ շո՞ւն է հոշոտել, թե՞ գայլ։ Երկուսի դեպքում էլ պետությունը պարտավոր է փոխհատուցել քաղաքացուն, քանի որ պատկան մարմինների հանցավոր անգործության հետեւանքով է եղել։ Նա պատասխանեց, որ քաղաքապետարանին հետաքրքիր է բացառապես այն, ինչ գտնվում է իրենց լիազորությունների շրջանակներում։ «Երեւան քաղաքի վարչական շրջանում տեղի են ունենում տարատեսակ դեպքեր, միջադեպեր, որոնցից ամենեւին ոչ բոլորն են, որ գտնվում են քաղաքապետարանի իրավասության ներքո։ Կապվե՛ք թափառող կենդանիների ՀՕԱԿ-ի հետ, այնտեղից պարզեք կենտրոնի իրավասության շրջանակներում կատարված գործողությունների մասին»,-առաջարկեց Կարապետյանը։
Հիշեցրեցինք, որ կենտրոնը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, ուստի կամա, թե ակամա քաղաքապետարանը նույնպես պատասխանատվություն է կրում։ Իսկ գիտակցում է պատասխանատվության աստիճանը, թե՝ ոչ, դատե՛ք ինքներդ։
Կա՞ որեւէ իրավասու մարմին, որը հանձն է առնելու քաղաքացուն պատճառված 10 միլիոն դրամի վնասի փոխհատուցումը։ Իսկ եթե դեպքից տուժած քաղաքացին անբարեխիղճ գտնվեր եւ հոշոտված կենդանու մսեղիքը վաճառքի հանե՞ր։ Իսկ չէ՞ որ ՍԱՊԾ-ն ժամանակին, այսպես ասած, ռեյդ էր իրականացնում, որպեսզի վաճառքի հանված միսը բացառապես սպանդանոցում մորթված լիներ։ Ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ պետական օղակների ղեկավարները իրենց տեղերում չեն։
Լիանա Սարգսյան