կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-10 16:37
Տնտեսական

Կոմպլաենսի ինստիտուտի ներդրումը կարող է ձևական բնույթ կրել․ տնտեսագետ. 365news.am

Կոմպլաենսի ինստիտուտի ներդրումը կարող է ձևական բնույթ կրել․ տնտեսագետ. 365news.am

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտ։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 365news.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ինստիտուտը պետք է ներդնեն այն ընկերությունները, որոնք շուկայում ունեն գերիշխող դիրք՝ ստեղծելով իրենց ներքին մոնիթորինգային ու աուդիտային խումբը, որը կգնահատի իրենց կողմից տեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերն ու դրանց նվազմանն ուղղված միջոցառումներ կիրականացնի, ինչպես նաև հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ կիրականացնի։

Ըստ Ավետիսյանի՝ Հայաստանում նման ինստիտուտի ներդրումը կարող է ձևական բնույթ կրել, քանի որ մի կողմից օրենքով պարտադրում ենք կանխավ գնահատել իրենց կողմից օրենքի խախտման ռիսկերը, վերահսկել դրանք, սակայն միաժամանակ այդ խնդիրներն, այնուամենայնիվ, այդ տնտեսվարողինն են, ու եթե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ արձանագրի, միևնույն է, տնտեսվարողն է պատասխանատվություն կրելու ու տուգանվելու․ «Եթե կազմակերպությունը հակված է պաշտպանելու տնտեսական մրցակցության օրենսդրությունը, ապա այս կամ այն կերպ ինքը դա կիրականացնի, իսկ եթե հակված չէ պաշտպանել ու պետական մարմինն էլ արդյունավետ չի վերահսկում, ապա այս դեպքում կոմպլաենսի ինստիտուտի ներդրումն արհեստական բնույթ է կրելու ու անհասկանալի փաստաթղթավորում է լինելու»։

Տնտեսագետի խոսքով՝ օրենսդրական նախագծում նշվում է, որ ինստիտուտի ներդրումը պետք է պարտադիր լինի բոլորի համար ու չներդնելու համար տնտեսվարողը կտուգանվի․ «Շատ կազմակերպություններ հնարավոր է՝ չկարողանան լիարժեք կիրարկել նոր ինստիտուտը ու այս դեպքում նախագիծը պատկան մարմինների վրա որևէ պատասխանատվություն չի դնում, որպեսզի նրանք աջակցեն ու բացատրեն տնտեսվարողներին, թե ինչպես օրենքի դրույթները կիրարկեն։ Այս իրավիճակում ավելի լավ կլիներ՝ պետական մարմինը որոշակի ուղեցույցներով աշխատեր տնտեսվարողների հետ, որով ավելի արդյունավետ կպաշտպանեին տնտեսական մրցակցության օրենսդրությունը։ Պատկան մարմինները չպետք է միայն տուգանողներ լինեն, այլ պետք է ավելի շատ խթանող լինեն, ունենան խորհրդատվական արդյունավետ գործիքակազմ, որոնցով կաջակցեն կազմակերպություններին՝ օրենսդրական պահանջները լիարժեք կատարելու համար»։

 

Ավետիսյանը վստահ է, որ ամեն դեպքում, եթե պատկան մարմինն իր գործը լավ չանի, ինչքան էլ կոմպլաենսի ինստիտուտը ներդրվի, մեկ է՝ կազմակերպությունների ներքին մոնիթորինգով տնտեսական մրցակցության օրենսդրությունը լիարժեք չի պահպանվի, ու եթե գործնականում փոխըմբռնում չլինի, ապա նոր ինստիտուտի ներդրումից մեծ ակնկալիքներ ունենալ չենք կարող։

Մելինե Պետրոսյան

Աղբյուրը՝  365news.am