Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս հասարարակական և մասնագիտական տարբեր շրջանակներում ակտիվացել են քննարկումները Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ: Միանգամից փաստենք, որ այս ոլորտում արդեն իսկ առկա են որոշ իրական մտահոգություններ: Այս շրջանակից առարկայական ու առաջնային խնդիրներ են.
– ներկայումս գործող թերի և բուն նպատակին չծառայող կարգավորումները, որոնք վերաբերում են մեր երկրում օտարերկրացի աշխատողների աշխատանքին,
– Հայաստանում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության բացերը, դրանք իրականացնող մարմինների գործառույթների ու պատասխանատվության ոչ լիարժեքությունը,
– վերջին շրջանում, հիմնականում բանվորական մասնագիտություններով աշխատող օտարերկրացիների թվի՝ արձանագրվող աճի միտումները:
Հիմա անդրադառնանք առավել մանրամասն:
Նախ՝ մեր երկրում գործող` օտարերկրացիների աշխատանքի կարգավորման ձևական բնույթի մասին: 2007 թվականի փետրվարից է գործում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ գլուխն էլ կարգավորում է Հայաստանում օտարերկրացիների աշխատանքը: Այստեղ հիմնական առանձնահատկությունը թերևս այն է, որ օտար երկրի քաղաքացին մեր երկրում կարող է աշխատել պետական մարմնի տրամադրած աշխատանքի թույլտվության հիման վրա: Օրենքով սահմանված են նաև օտարերկրացիների որոշ կատեգորիաներ, որոնք կարող են աշխատել առանց այդ թույլտվության: Օրենքն ընդունվելուց հետո աշխատանքի թույլտվությունը գործել է ընդամենը մեկ ամիս՝ 2016 թվականի ամռանը: Մինչև այդ ընդունված չէին օրենքի կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը, իսկ մեկ ամիս գործելուց հետո էլ դրանք կասեցվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:
Փաստորեն, արդեն մեկ ամիս է, ինչ նորից գործում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության պահանջը: Իրականում ի՞նչ է սա իրենից ներկայացնում: Մեր գնահատմամբ` օրենքի այս պահանջը գործնականում ունի ձևական բնույթ հետևյալ հիմնավորումներով:
Գործող կարգավորման համաձայն՝ գործատուն իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին տեղեկացնում է զբաղվածության բնագավառում լիազորված պետական մարմնին (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն): Եվ եթե մեկ ամսվա ընթացքում գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածու չի առաջադրվում, կամ ինքը մերժում է առաջադրված թեկնածուներին, ապա ստանում է թույլտվություն՝ իր ուզած կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար: Ստացվում է` եթե գործատուն հստակ որոշել է կոնկրետ օտարերկրացու վերցնել աշխատանքի, ապա նա կարող է առանց որևէ հիմնավորման մերժել Հայաստանի քաղաքացիներից իրեն առաջադրված թեկնածուներին և ընդամենը մեկ ամիս սպասելուց հետո, որոշակի փաստաթղթեր ներկայացնելով, ստանա թույլտվություն: Փաստորեն, կարգավորման այս գործիքը ծառայում է ոչ թե բուն նպատակին՝ որոշակիորեն պաշտպանել ներքին աշխատաշուկան, այլ ընդամենը գործատուի համար առաջացնում է որոշակի լրացուցիչ վարչական բեռ՝ մեկ ամիս սպասել, որոշ փաստաթղթեր ներկայացնել, շփվել վարչական մարմինների հետ և այլն:
Կարևոր է նշել նաև, որ աշխատանքի թույլտվության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը ևս չի կարող լիարժեք լինել: Այն դրված է հարկային պետական ծառայության վրա` ընդամենը նրան վերապահված լիազորությունների շրջանակներում: Օբյեկտիվորեն ենթադրվում է, որ այս գործառույթը պետք է ամբողջապես իրականացվեր աշխատանքի պետական տեսչության կողմից: Սակայն վերջին տարիներին ընթացող տեսչական բարեփոխումների շրջանակներում աշխատանքի պետական տեսչությունը միացվեց առողջապահական պետական տեսչությանը, և պետական վերահսկողության տիրույթից դուրս մնացին աշխատանքային իրավունքի մի շարք կարևորագույն բնագավառներ, այդ թվում՝ օտարերկրացիների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը:
Իրականում, հատկապես` մոտ ապագայի համար, մտահոգիչ է նաև արձանագրվող այն փաստը, որ վերջին շրջանում աճի մեծ տեմպով է ավելանում բանվորական մասնագիտություններով և առանձին կոնկրետ երկրներից օտարերկրացի աշխատողների ներհոսքը մեր երկիր:
Այս իմաստով հարկ է նկատել, որ միայն օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունը բավարար չէ արդեն իսկ դրսեւորվող խնդիրները լիարժեք լուծելու համար: Ներքին աշխատաշուկայի արդյունավետ պաշտպանության համար պետք է ամբողջականացվի կարգավորման գործիքակազմը: Այն պետք է համալրվի` ըստ երկրների ու առանձին մասնագիտությունների, օտարերկրացի աշխատողների համար տարեկան թույլատրելի առավելագույն քվոտաների գործադրմամբ:
Այս խնդիրների համակարգային լուծումները՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է լինեն ոլորտում իրականացվող հետագա բարեփոխումների հիմնական օրակարգ: Հակառակ պարագայում ստացվում է, որ դարձյալ կիրառում ենք կարգավորման գործիք, որը իրականում չի ծառայում պետական համապատասխան քաղաքականության բուն նպատակին, սակայն գործատուների համար առաջացնում է վարչական անտեղի ու լրացուցիչ բեռ՝ հնարավոր բոլոր ռիսկերով:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ