կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 16:22
Մշակույթ

«Համազգային» թատրոնը տարվա ընթացքում ներկայացումներով դարձյալ կլինի Արցախում

«Համազգային» թատրոնը տարվա ընթացքում ներկայացումներով դարձյալ կլինի Արցախում

Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը տարեվերջին Արցախ էր այցելել՝ տանելով «Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները» ներկայացումը: Թատրոնի դերասանական խումբը հանդես է եկել Ճարտարում, այնուհետև՝ Մարտակերտում, Ասկերանում, ապա 3 օր՝ Ստեփանակերտում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը՝ նշելով, որ տպավորություններն աննկարագրելի են:

«Երբեք այդքան իմաստավորված չեմ զգացել մասնագիտությունս, որքան Արցախ կատարած վերջին այցելության ընթացքում: Մեր շուրջբոլորը կան երեխաներ, որոնք պետք է չզգան այն, ինչ տեղի է ունեցել, որոնք պետք է ուրախանան: Դու ես այն մասնագիտության տեր մարդը, որ կարող ես երեխային ուրախացնել հեքիաթով: Տպավորություններն աննկարագրելի են, սկզբում խաղացինք Ճարտարում: Այնտեղ ոչ բոլոր օրերին հոսանք կար, այնպիսի օր էինք հասել, որ այդ ժամանակ էլեկտրամատակարարում չկար, սակայն շատ արագ պայմաններ ստեղծվեցին, և ամբողջ դահլիճը հավաքվեց»,- ասել է Նարինե Գրիգորյանը:

 Թատրոնի գեղարվեստական ղեկավարն Արցախում անցկացրած օրերը բնութագրում է այսպես՝ փոխադարձ ուժի, փոխադարձ երջանկության փոխանցում: Դերասաններն ուրախ էին, որ արցախցիները կան, վերադարձել են տուն, պինդ կառչած են հայրենի հողին: Արցախցիներն էլ երջանիկ էին, որ դերասաններ են եկել, իսկ դա նշանակում է, որ կյանքը շարունակվում է:

«Շատ ուժ հավաքած ենք եկել, դա մեզ համար վերելքի մի նոր շրջան եղավ: Այդ զգացողությամբ պետք է կարողանանք վարակել նրանց, ովքեր սկսել են հիասթափվել վիրավոր Հայրենիքի գիտակցությունից»,- նշել է նա:

«Համազգային» թատրոնը պատրաստվում է տարվա ընթացքում հանդես գալ նոր ներկայացումներով: