կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 17:26
Մշակույթ

Համազգային թատրոնը վերադարձել է հյուրախաղերից

Համազգային թատրոնը վերադարձել է հյուրախաղերից

Փետրվար ամսին Համազգային պետական թատրոնը Համազգային հայ կրթական և մշակույթային միության Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով մեկնել էր ԱՄՆ և Կանադա` հյուրախաղերի:

 

Թատրոնի այս տարվա հյուրախաղերի առանցքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Շխոնց Միհրան» ներկայացումն էր /հեղինակ՝ Մկրտիչ Խերանյան, բեմադրիչ՝ Դավիթ Հակոբյան/: Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի մասին պատմող այս հուզիչ պատմության «գլխավոր հերոսներն» են Կարոտը, Հիշողությունների անվերջ պտտվող անիվը, չմարող Հույսը և ապրելու, արարելու` հայ մարդու Ուժը։

 

Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում փետրվարի 3-8-ը կայացած թատերական փառատոնին ներկայացվել են Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» ներկայացումները:

 

Համազգային թատրոնի լոսանջելեսյան հյուրախաղերը տեղի հայ համայնքի շրջանում մեծ արձագանք են գտել. խաղացած տասնմեկ ներկայացումներն անցել են ջերմ մթնոլորտում՝ լեփ-լեցուն դահլիճներով և ծափողջույններով: Թատերախումբը փետրվարի 15-ին Սան Ֆրանցիսկոյում հանդես է եկել «44 աստիճանի վրա» ներկայացումով, որն արծարծում է հայրենադարձության թեման, և գլխավոր հերոսները Սան Ֆրանցիսկոյից են: «Խաչատուրյան» հայկական համայնքային կենտրոնի «Սարոյան» սրահը լեփ-լեցուն է եղել հանդիսատեսով, և ներկայացումն արժանացել է ջերմ ընդունելության:

 

Թատրոնը փետրվարի 21-ից մարտի 1-ը հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում: Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում թատրոնը ներկայացել է «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումներով: Համազգայինի թատերախումբը Մոնրեալում և Տորոնտոյում այցելել է նաև հայկական դպրոցներ, հոգևոր-մշակութային կենտրոններ և ծանոթացել սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների գործունեությանը:

 

Ամերիկահայ և կանադահայ համայնքում Համազգային թատրոնի հյուրախաղերը հայրենիք-սփյուռք մշակութային կապի ամրապնդման գործում գնահատվել են որպես նշանակալի քայլ: