Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նորություն հայտնած չենք լինի, եթե ասենք, որ անցնող 2020 թվականը հայության համար եղավ իրադարձություններով հագեցած, լարված տարի: Այդ մթնոլորտն իր ազդեցությունն ունեցավ նաև Հայ Յեղափոխական Դաշնակցութան և մասնավորապես նրա բարձրագույն մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի գործունեության վրա: Բազմաճակատ անելիքների շրջանակում իր տեղն ունեցավ նաև մտավոր-գաղափարական աշխատանքը, ինչի կարևորությունը Դաշնակցության կողմից չի անտեսվել հայության և կուսակցության համար ամենաբարդ ժամանակներում անգամ: Այս դեպքում մեր ակնարկը վերաբերում է ՀՅԴ այն հրատարակություններին, որոնք, ինչպես վերն ասվեց, լույս են ընծայվել Դաշնակցության բարձրագույն մարմնի նախաձեռնությամբ և միջոցներով:
Այս ընթացքում շարունակվել է «Վէմ» համահայկական հանդեսի հրատարակությունը: 1930-ականներին Սիմոն Վրացյանի խմբագրմամբ լույս տեսած հայագիտական այս պարբերականը, տասնամյակներ անց վերահրատարակվելով հայրենիքում, դարձել է հայտնի և սիրելի հատկապես գիտական, մտավորական և ուսումնական շրջանակներում: Տարիների ընդմիջումից հետո` 2020 թվականի սկզբից, ՀՅԴ Բյուրոն սկսեց վերահրատարակել նաև կուսակցության ավագ պարբերական ու իր պաշտոնական օրգան «Դրօշակ»-ը: Անցնող տարվա ընթացքում «Դրօշակ»-ը հրատարակվեց ամսական պարբերականությամբ և, վերագտնելով ընթերցողին, գալիք ժամանակներում վստահաբար կշարունակի իր կենսագրությունը գրել:
ՀՅԴ վերոնշյալ երկու պարբերականները անցնող տարվա ընթացքում նաև սեփական մատենաշարերի սկիզբը դրեցին: «Վէմ» մատենաշարի 1-ին համարի ներքո հրատարակվեց «ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿՆԵՐԸ» գիրքը: ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի անտիպ նամակները հրատարակության է պատրաստել ՀՅԴ անվանի գործիչ, պատմաբան Երվանդ Փամբուկյանը: Նամականին, անշուշտ, հարստացնում է ՀՅԴ պատմագիտական ժառանգությունը և հետաքրքրություն է ներկայացնում ինչպես պատմաբանների, այնպես էլ համապատասխան թեմաներով հետաքրքրվող ընթերցողների համար:
Իրադարձություններից առաջ չընկնելով` տեղեկացնենք, որ 2021 թ. շեմին «Վէմ»-ը նոր հաճելի անակնկալ կմատուցի` ընթերցողի սեղանին դնելով իր մատենաշարի երկրորդ հրատարակությունը:
2019 թվականին լրացավ Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կողմից ընդունված` «Միացյալ և Անկախ Հայաստանի» հռչակման հայտարարագրի 100-ամյակը: Այս առթիվ 2020 թվականին «Դրօշակ»-ի մատենաշարի անդրանիկ հրատարակությամբ լույս տեսավ պատմաբան Արարատ Հակոբյանի «ՄԻԱՑՅԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԸ (Հայոց պատմության հոլովույթում)» գիրքը: Սկսելով Միացյալ Հայաստանի տեսլականի ակունքներից` աշխատության հեղինակը ներկայացնում է սույն գաղափարի զարգացման ընթացքը, պատմական Հայաստանի երկու հատվածների միավորման ուղղությամբ հայ պետական և հասարակական-քաղաքական շրջանակների իրականացրած աշխատանքները, մասնավորապես` միջազգային ատյաններում այս խնդրի շուրջ ծավալված քննարկումները: Մենագրությունը ուշագրավ տեղեկություններ է պարունակում հիմնահարցի վերաբերյալ և կհետաքրքրի ինչպես պատմաբաններին, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների:
Ի դեպ, անցնող տարվա ընթացքում կուսակցության ուշադրությունից չի վրիպել Արարատ Հակոբյանի մեկ այլ աշխատություն` «ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՀԱՅԿՈՄԿՈՒՍԻ ՓՈՐՁԵՐԸ. 1920 ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ» գիրքը:
Տարվա հրատարակչական հունձքի մեջ է եղել նաև Հայկազուն Ալվրցյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները» գիրքը: Աշխատության մեջ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության խորհրդանշանների (դրոշ, զինանշան, օրհներգ) ընդունման համառոտ պատմությունը 1918-1920 թթ. և դրանց իմաստների ու խորհուրդների գիտական մեկնությունը:
Թվարկված աշխատություններով, անշուշտ, չի սպառվում անելիքն այս ասպարեզում: 2021 թվականի ընթացքում վկան կլինենք ՀՅԴ Բյուրոյի ձեռնարկած նման նոր նախաձեռնությունների, որոնք կհարստացնեն հայագիտությունն ու կնպաստեն մեր ազգային ինքնաճանաչողությանը: Եվս մեկ անգամ կփաստեն, որ Դաշնակցության համար քաղաքական-գաղափարական աշխատանքը առանցքային կարևորություն ունի քաղաքական-հասարակական և պետական կյանքի զարգացման գործում:
«Դրօշակ», թիվ 12 (1646), դեկտեմբեր, 2020 թ.