կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-24 10:01
Քաղաքական

Ջավախքի բնակչությունը դիմում է Վրաստանի և Հայաստանի վարչապետներին

Ջավախքի բնակչությունը դիմում է Վրաստանի և Հայաստանի վարչապետներին

Ջավախահայությունը գրավոր դիմել է Վրաստանի և Հայաստանի վարչապետներին: Տեղացիները պահանջում են բացել վրաց-ռուսական, և հատկապես վրաց-հայկական սահմանը, հակառակ դեպքում, հունվարի 31-ին կանցկացնեն բողոքի ցույց. tv9news.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Գրավոր նամակը տեղացիներից մեկը, բնակչության խնդրանքով է պատրաստել: Նազել Ծառուկյան-Բաբաջանյանն ասում է, որ վերջին ժամանակաշրջանում, սոցիալական կայքում, խնդրի մասին շատերն են խոսում և փնտրում ելք իրավիճակից:

«Ամեն օր բնակիչները մեկնաբանություններում գրում են, որ բացեն սահմանները: Ինձ էլ խնդրեցին, որ հայտարարությունը ձևակերպեի ու գրեի: Հասարակության որոշման համաձայն, եթե մինչ այդ կառավարությունը ընդունեց սահմանների բացման վերաբերյալ որոշում, ապա հունվարի 31-ի համար նախատեսված ցույցը չի անցկացվի, իսկ հակառակ դեպքում, ամբողջ ազգը կհավաքվի Ախալքալաքում»,- ասում է Նազել Ծառուկյան-Բաբաջանյանը:

Ջավախքի բնակչության հիմնական խնդիրը ստեղծվեց այն բանից հետո, երբ համաճարակի պատճառով, հարևան երկրների հետ սահմանները փակվեցին: Որոշման արդյունքում, հազարավոր ընտանիքներ մնացել են առանց եկամուտի:

Հիշեցնենք, որ սահմանների բացման վերաբերյալ բողոքի ցույցը ներկայացված է հունվարի 31-ին, ժամը 13:00-ին, Ախալքալաքի կենտրոնում: