կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-15 17:49
Աշխարհ

Հստակ քաղաքականություն է գնում՝ մոռացության տալ պատմությունը․ Ալավերդյանը՝ իշխանությունների մասին

Հստակ քաղաքականություն է գնում՝ մոռացության տալ պատմությունը․ Ալավերդյանը՝ իշխանությունների մասին

Հայաստանի քաղաքական, պետական գործիչները սպասարկում են թշնամու հանցավոր քաղաքականությունը։ Ապաշրջափակման մասին են խոսում այն պայմաններում, երբ Ադրբեջանն իրականացնում է ակտիվ հայատյաց քաղաքականություն, թողարկում է հայատյացության դրսեւորման հերթական ապացույցով նամականիշ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը նշում է՝ Ադրբեջանի լուտանքի ներքո Նախիջեւան-Բաքու ճանապարհ բացելը, նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կոչերը ամենեւին պատահականություն չեն։ «Տարիներ շարունակ դասախոսում եմ, հանդիպում եմ այնպիսի ուսանողների, որոնք վերջին 30-40 տարիների պատմությունը չգիտեն։ Դա քաղաքականության հստակ ծրագիր է՝ մոռացության տալ անցյալը։ Ալիեւի կողմից կա հստակ ձեւավորված քաղաքականություն եւ հռետորաբանություն՝ Երեւանն իրենցն է, Սեւանն իրենցն է։ Երբ համեմատության մեջ տեսնում ենք Ադրբեջանի՝ Սոթքն ու Շուշին եւս իրենցը լինելու մասին հայտարարությունները, որոնք իրականացրեցին, ապա կարծում եմ, որ սա ոչ թե իշխանությունների քաղաքականության բացականություն է, այլ հենց նրանց ազգային շահերին սպասարկող քաղաքականություն»,- ընդգծում է Ալավերդյանը։

Իրավապաշտպանը շեշտում է՝ Ադրբեջանի գործողությունները, քաղաքականությունը, հռետորաբանությունն ամենաբարձր մակարդակով ամբողջովին պարունակում են միջազգային նորմերի կոպիտ ոտնահարում՝ հանցագործության հատկանիշներով։ Հայ ժողովուրդը այնքան ժամանակ կգտնվի Ադրբեջանի բանավոր սպառնալիքների ներքո, մինչեւ Հայաստանը գործը չհասցնի քաղաքական բոլոր հարթակներ եւ միջազգային դատական ատյաններ։

«Հայտնի աքսիոմ է՝ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Դա տեղի է ունենում տեղական եւ միջազգային մակարդակով։ Մենք ամեն անգամ կարծես թե անակնկալի ենք գալիս, վիրավորվում, արտահայտում մեր մտքերը։ Եթե Հայաստանն իր լռությամբ շարունակի սպասարկել Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը եւ գործողությունները, Ադրբեջանը գնալով ուժգնացնելու է այս վարքագիծը։ Արցախցիները մնալու են ավելի ու ավելի անպաշտպան»,- նշում է Ալավերդյանը։

Իրավապաշտպանը, Ադրբեջանի այսօրվա հայատյաց քաղաքականությունը դիտարկելով անցյալում հայ ժողովրդի հետ կատարված ոճրագործությունների համատեքստում, նշում է․ «Չկա ցանկություն պատմությունից դասեր քաղելու։ Խնդիրը շատ կարեւոր է։ Արդյո՞ք մենք ունենք ապագայի մասին տեսլական, արդյո՞ք ունակ ենք գնահատել եւ դասեր քաղել անցյալից»։

Լիանա Սարգսյան