Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հերթական երեկոն է հայությունն անցկացնելու գլխահակ, թաց աչքերով, կորստի ցավը սրտում: Արժանապատվության, համահայկական արժանապատվությանը հերթական շառաչուն հարվածը ստացանք, երբ Մոսկվայում ավարտվեց Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանը ներկայացնողի չորսժամյա հանդիպումը: Ոչինչ չասող եթե ասենք, շատ կմեղմացնենք գույները: Քանզի այդ հանդիպումից Ալիեւը վերադառնալու է ձեռքին հերթական հայտարարությունը, որը ճանապարհ է բացում պանթուրանական մեծ ծրագրերին, 100 տարվա երազանք համարված Նախիջեւանի եւ Ադրբեջանի ուղղակի կապուղիների բացմանը, ու այդ երթուղով էլ դեպի Թուրքիա, թուրանական մեծ աշխարհ: Ալիեւը չի էլ թաքցնում գոհունակությունը: Ռուսաստանն իր շահերն ունի, ի վերջո ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը, եթե անգամ լինի ադրբեջանական տարածքով, ներքին փոխադրումներ են: Իսկ Հայաստանը, հայությունը:
Հերթական անգամ մեր ժողովուրդը մնաց փաշինյանական խաբեության պատանդը: Իշխանական խայտառակ քարոզչություն, որի վրա երկու-երեք օր կառուցված էր մոկսովյան ուղեւորության փաթեթավորումը: Իշխանական մեծ խաբեություն, որն արդեն ձգվում է ամիսներ, տարիներ: Երբ Փաշինյանի հրաժարականի ցանկացած պահանջի դեմ, ստորաբար իշխանական աշխատասենյակում մեծագույն ողբերգությունն ունեցած զոհվածների, անհետ կորածների, գերի ընկածների հարազատներին փորձում էին ուղղորդել քաղաքական պայքարի դեմ: Թե Փաշինյանի հրաժարականը պահանջելով, խանգարում են իրենց հարցերի, հատկապես՝ անհետ կորածներին փնտրելու, աճյունները վերադարձնելու, գերիներին շտապ ետ բերելու գործին: Անգամ եղել են ու հիմա էլ լինում են պահեր, երբ մարդկային ցավը գերիշխում է քաղաքական հաշվարկների, ազնիվ մղումներով, երկրի ապագայի մտահոգությամբ իրոք քաղաքական գործողություններ դիմելու վրա: Երբ Փաշինյանի հրաժարականը պահանջողները մի պահ անգամ կանգ էին առնում, ասելով, լավ կանգառ, չվնասենք, այդ մարդկանց կսկիծն ամոքելու, վերքը բուժելու, զավակին վերադարձնելու աշխատանքներին: Վստահ էին, որ այդ ամենն իրար հետ կապ չունեին: Փաշինյանի օր առաջ հեռանալը պահանջողները համոզված են, որ միայն այդպես հնարավոր կլինի մեր գերեվարված հայրենակիցների հարցը լուծել, քանզի կարող է թշնամու հետ, Կրեմլի հետ բանակցել լոկ արժանապատվությունը չկորցրածը, չպարտվածը, Ալիեւի կողմից ամեն վայրկյան հրապարակային ծաղրուծանակի չենթարկվածը:
Համոզված էին եւ հիմա էլ համոզված են, որ նոյեմբերի 9-ին առանց աչքը շարժելու, անգիտակցության, վախի, անօգնականության, սեփական կաշին փրկելու համար հայրենազրկում կատարած անձը դրանից հետո պատրաստ է ամեն ինչ զիջել թշնամուն: Իշխանական անբարոյականությունն արդեն սահմաններ չի ճանաչում, չէր էլ ճանաչում, երբ վարչապետական աթոռը պահելու համար պատրվակ դարձրին հայ գերիներին, անհետ կորած տղաներին, մեր նահատակների աճյունները: Թե Մոսկվա է գնում Փաշինյանը այդ հարցը լուծելու համար: Անգամ ինքն էր պաշտոնապես երեք օր առաջ հայտարարում, որ մեծագույն հարցը հենց այդ խնդիրն է, ու դա լուծելու պայմաններում է միայն հնարավոր խոսել ճանապարհների բացման մասին, փորձում էր այն դարձնել իր հաղթաթուղթը, որ Մոսկվայից վերադառնալուց հետո կեղծ հաղթական խաղաթուղթը ցույց տա, մի քանի օրով եւս երկարաձգելու իր պաշտոնավարումը: Վերջին պահին էլ, իր խոսնակի շուրթերով էր հոխորտում, թե չկա Մեղրու միջանցք ձեւակերպումը, թե Սյունիքով միջանցք չի բացվում Նախիջեւանի ու Ադրբեջանի միջեւ, եւ միմիայն ճանապարհների հարցը քննարկվելու է ռազմագերիների վերադարձի, անհետ կորածների խնդիրը լուծելուն զուգահեռ: Սակայն նոյեմբերի 9-ին, Հայրենիքը դավաճանածը, երբ նաեւ ուրացավ մեր զինվորին, մեր ռազմագերուն, մարտի դաշտում ընկած ու չթաղված հերոսին, քանի որ միտքն այնքան մթագնած էր եղել, որ չէին նշվել հստակ ժամկետներ, ժամանակացույց, պայմաններ, փոխարենը գաղտագողի Ալիեւին նվիրեց իր բաղձալի երկու դիվերսանտներին, վայրկյան առաջ, առոք փառոք, հնարավորություն տալով Ադրբեջանի նախագահին անգամ այս հարցում հաղթել: Իսկ Փաշինյանն այսօր եւս ուրացավ, անպաշտպան թողեց, թողեց Բաքվի բանտերում: Քանի որ ստորագրեց ճանապարհների, հաղորդակցությունների մասին հայտարարություն, առանց պայմանի, ու անօգնականի տեսքով ասուլիսում բավարարվեց հայտարարելով, որ համաձայնության չեն եկել գերիների հարցում: Ունա՞կ է նա այդ խնդիրը լուծել, ինչպես հազար ու մի հարցեր: Ո՞ւմ հետ լուծի, թշնամո՞ւ, որն ամեն առիթով ծաղրուծանակի է նրան ենթարկել ուգեթ մեկ պատասխանի չի արժանացել, ո՞վ լուծի, ում բժշկական հետազոտությունն անգամ Մոսկվայից եկած բժիշկն է անում, ո՞վ լուծի, սեփական իշխանությունը պահելու համար ամեն սրբություն ոտնատակ տվածը, երկիրն անգամ այս ճակատագրական պահին պառակտողը, մեկը մեկի դեմ հանողը:
Այսօր Մոսկվայում հերթական անգամ դավաճանվեցին նաեւ մեր հայրենակիցները, թեեւ հայրենազրկումից հետո դա էլ չպետք է բացառվեր: Կրեմլում Փաշինյանը անօգնական թողեց մեր զինվորին, կամավորականին, զորակոչվածին, մեր նահատակին, նրանց հարազատներին, փոխարենը լուռ կատարեց Բաքվի պահանջները, հիմա արդեն թիթեռ են նկարելու Հայաստանի համար՝ կոմունիկացիա, բաց ճանապարհներ, երկաթգիծ, որն իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի խնդիրն էր, երազանքը, ծրագիրը, որն արդեն իրականություն է դառնում քայլ առ քայլ: Մոսկվայից վերադառնալու է նոր մտասեւեռումներով, ինչպես պետք է հասարակությանը հերթական ու հերթական անգամ մոլորեցնի, խաբի, թիրախավորի, դավաճաններ փնտրի ու հայտարարի, որ մի քանի օր էլ պաշտոնավարի, ունենա իշխանական այդ վայելքները, որոնք այլեւս վաղուց պիղատոսական են, հարամ են, արյունով ներկված են: Ու շարունակել հանդուրժե՞լ այս ամենը, շարունակել կեղծ պատճառաբանություններ գտնել հասարակական տարբեր խավերում, հավաքներում, սոցցանցերում թրեւ գալիս: Բայց ամեն նման փորձի պահին հիշեք՝ նոյեմբերի 9-ից անցել է 63 օր, ու Բաքվի բանտերոմ են մնում մեր հայրենակիցները, որոնց թիվը զինադադարից հետո ավելացել է 64 կամավորով, որոնց ճանակատագրի հարցում անօգնական է Հայաստանի վարչապետի աթոռ զբաղեցնողը: Ու դեռ չկա արժանապատիվ բանակցողը, մեր երկիրը ներկայացնողը, խոսք ասողը, պարտվածի խարանից զուրկը: Հիշեք, որ մինչեւ հիմա հայությանը պարտության առաջնորդածները գաղտնի են պահում, պետական գաղտնիք են համարում մեր զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը:
Եվ վերջապես, ներողություն եմ խնդրում այս պահին սպասումի, կսկիծի, անորոշության մեջ գտնվող մեր հայրենակիցներից: Ներողություն, որ մեր երկիրը շարունակում է ղեկավարել անօգնական ու անուժ, իր քաղաքացու համար կռիվ չտվող, ու դժբախտության մեջ օգնություն ցուցաբերել չկարողացող մեկը: Բայց անկեղծ ասած՝ իմ ներողության, շատերիս ներողության պատճառն այլ մարդիկ են, հազարավորներն են, որոնք հիմնազուրկ, կեղծ, անիրական պատճառաբանություններով շարունակում են ապահովել իշխանության այս ոչ արժանապատիվ գոյատեւումը:
Գեղամ Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում։