Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում վերականգման անվան տակ նորոգվող պատմական հուշարձանները հաճախ չեն պահպանում իրենց նախկին տեսքը, սակայն մյուս կողմից էլ դրանք, չվերանորոգվելու դեպքում, լիովին քանդվելու վտանգի տակ են։ Այս անգամ նման խնդրի առաջ է կանգնած UNESCO-ի «Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում» ընդգրկված Վանի բերդը։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, ահազանգում է թուրքական «Ենի Յաշամ» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ Վանի բերդը «վերականգնման» ենթարկվելուց հետո կորցրել է իր պատմական տեսքը։ Աղբյուրը նաև հիշեցնում է, որ սույն բերդն ունի 20-120 մ լայնություն, 1800 մ երկարություն և 100 մ բարձրություն։
Աղբյուրը նաև ընդգծում է, որ նման «վերականգնման» զոհ է դարձել ոչ միայն Վանի բերդը, այլ նաև՝ Թուրքիայի տարածքում գտնվող այլ պատմական հուշարձաններ։ Որպես օրինակ՝ մասնավորապես հիշատակվում է պատմական Կիլիկիայում գտնվող, դարձյալ հայկական Անամուրի բերդը։
Հիշեցնենք, որ նաև Վանի միջնաբերդ կամ Վանա ամրոց անուններով հայտնի Վանի բերդը կառուցվել է մ․թ․ա․ 9-ից 7-րդ դարերում, Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում։ Բերդը կառուցվել է Ուրարտուի արքա Սարդուրի I-ը (Ք. ա. 835–825 թթ.): Սակայն, ավանդությունը բերդի կառուցումը վերագրում է Ասորեստանի թագուհի Շամիրամին: Այդ է պատճառը, որ բերդը հաճախ անվանել են Շամիրամակերտ: 1915 թվականի ապրիլին Վանի Քաղաքամեջ թաղամասի բնակչությունը՝ Հայկակ Կոսոյանի գլխավորությամբ, Վանա բերդում շուրջ մեկ ամիս` մինչև հայ կամավորական զորագնդերի և ռուսական զորքի՝ Վան մտնելը դիմադրել են թուրք ջարդարարներին ու փրկվել կոտորածից:
https://yeniyasamgazetesi.com/tarihi-van-kalesi-bakimsizliktan-yikilmak-uzere/
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net