կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-05 09:00
Քաղաքական

Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած եւ նահատակված հայ զինվորականների թիվը պետական գաղտնիք է. ՊՆ. Փաստինֆո

Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած եւ նահատակված հայ զինվորականների թիվը պետական գաղտնիք է. ՊՆ. Փաստինֆո

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Այդ մասին «Փաստինֆո»-ի  գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից:

Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը զինվորական: 

Մեկ այլ հարցադրմամբ կայքը  խնդրել է ներկայացնել պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների իրական թիվը: ՊՆ-ի ուշադրությունն էին հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ հարցումն ուղարկելու օրվա` 2020 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ, ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողների դիակ, մինչդեռ այդ օրվա դրությամբ հրապարակվել էր շուրջ 1,5 ամիս տեւած ռազմական գործողությունների արդյունքում զոհված 1378 զինծառայողի մասին ու խնդրել պարզաբանել այս հակասությունը, արդյոք սա նշանակում է, որ դեռեւս նոյեմբերին ունեցել ենք 1000 չճանաչված դիակ: (Նշենք, որ այսօր այդ թիվն արդեն փոխվել է, 2021թ. հունվարի 1-ի դրությամբ փորձաքննության է ենթարկվել ավելի քան 3330 զինծառայողի մարմին, բայց նահատակված զինվորների անուններն այլեւս չեն հրապարակվում):

«Փաստինֆո»-ի  հարցումն ուղարկելուց շուրջ 20 օր հետո` դեկտեմբերի 10-ին, ՊՆ-ից կայքը ստացել է պաշտոնական պատասխան, որ նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` հարցերին պատասխանելու համար: Նամակում մասնավորապես գրել էին.
«[email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։

Իսկ դեկտեմբերի վերջերին կայքը ստացել է  երկրորդ գրությունն առ այն, թե հարցապնդվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ համարվում է պետական ու ծառայողական գաղտնիք:

Կայքը հիշեցնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում պարբերաբար հրապարակվում էին նահատակված զինվորների տվյալները ու դա պետական, ռազմական գաղտնիք չէր համարվում ու դեռ բարձրագոչ հայտարարություններ էին հնչում, թե տեսեք-տեսեք որքան թափանցիկ ենք, որ ամեն ինչ հրապարակում ենք: Ի դեպ, 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի մասին հանրությունը գիտի անուն առ անուն, անգամ մահվան տեղն ու հանգամանքները, իսկ ներկայիս իշխանությունները գաղտնի են պահում, խեղաթյուրում իրական տվյալները:

Ակնհայտ է, որ զոհերի, անհետ կորած զինվորների թիվը պետական գաղտնիք համարվել չի կարող, այլապես նրանց տվյալները նախկինում եւս չէին հրապարակվի, իսկ դատախազությունն էլ քրեական գործեր կհարուցեր` պետական գաղտնիքը հրապարակելու համար: Ավելին` ՊՆ-ն տեղեկատվության տրամադրումը կմերժեր առաջին գրությամբ, մինչդեռ ուսումնասիրել-ուսումնասիրել են ու վերջում կարծես որպես փրկության օղակ թաքնվել պետական ու ծառայոլական գաղտնիքի ձեւակերպման տակ: Ասել է թե` զոհերի, անհետ կորածների ու մեր գերիների թիվն այնքան սարսափեցնող է, որ գործող վարչախումբն ուղղակի վախենում է դրա հանրայնացումից: