կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 12:20
Քաղաքական

Ժողովրդի «հանճարեղ» սխալները

Ժողովրդի «հանճարեղ» սխալները

Պալատներդ եղած հողին հավասար,

Կրկին նորոգվելու էլ չունիս հնար,

Վանքերդ կիսաքանդ, առանց ժամարար,

Ո՞ւր է դրությունդ պայծառ քո Անի։

 

Սա մեծ հայի՝ Ջիվանու, երգերից մի քառյակ է, որը, փաստորեն, Անիի ողբն է։

Ողբերգե՛ր…, ողբերգե՛ր… Խորենացու ողբը, Նարեկացու «Մատյան ողբերգությունը», Շնորհալու «Ողբ Եդեսիո»-ն, Ադանայի ողբը, Անիի ողբը…, Շուշիի ողբերգությունը։

Լա՜վ, որքա՞ն էր պետք բարոյազրկվել, որ Աստծո պարգևած Երկիր դրախ­տա­վայրը կորցնել, հետո սգալ, ողբերգեր հյուսել ու… մեղադրել։ Մեղադրել բոլորին՝ բյու­զանդացուն, օսմանցուն, ռուսին, եվրոպացուն… Իսկ մե՞նք… իհարկե՜, անմեղ ենք, մատաղացու գառնե՛ր, հրեշտակնե՛ր։

Մինչդեռ, ո՛վ մեղավոր հայ ժողովուրդ, այդպես էլ չհասկացար ու չես էլ հաս­կանալու, որ դժբախտություններիդ բուն պատճառը օրհասական պահերին հանճարեղ սխալ որոշումներդ են եղել։

Դուրս ելնենք պատմության խորխորատներից ու գանք 21 դար, որը Մերը պետք է լիներ։ Բայց հերթական հանճարեղ սխալ ընտրությունդ պատճառ դարձավ նոր արհավիրքի ու կորուստների, նոր ողբերգությունների։ Ընտրածդ առաջնորդը, որը իրեն համարում է Գերագույն Գլխավոր հրամանատար, ջախջախիչ պարտություն կրելով պատե­րազ­մում, հայտարարում է, որ ինքը թիվ 1 պատասխանատուն է, բայց թիվ 1 մեղավորը չէ։ Երկաթյա տրամաբանությո՜ւն։ Լա՛վ, էդ դեպքում ո՞վ է թիվ 1 մեղավորը, կամ դու թիվ ո՞րերորդ մեղավորն ես։

21 դարում ոչինչ էլ մերը չի լինելու, չեմ ուզում կեղծ լավատես լինել։

Աստվածն էլ համբերություն ունի և խստորեն պատժել գիտի։

Էս ի՛նչ արեցիր, ո՛վ ողբասաց հայ ժողովուրդ, Հայաստանս դարձրիր հազա­րավոր թաղված ու անթաղ անմեղ նահատակների պանթեոն։

Ես ողբերգեր չեմ երգում, իսկ իմ սրբության-սրբոց հերոսների երգաշխարհին չեմ ուզում դիպչել։

Մնում է մռնչամ, ոռնամ ավերակաց վերա ու… պապանձվեմ…

 

ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ

28.12.2020