կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 10:13
Առանց Կատեգորիա

Նոյեմբերի ամսին մոտ 50 մլն դրամ պարգևավճար է տրվել էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին. «Հրապարակ»

Նոյեմբերի ամսին մոտ 50 մլն դրամ պարգևավճար է տրվել էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին. «Հրապարակ»

«Պատերազմից հետո անգամ՝ այս սուղ պայմաննե­րում, Նիկոլ Փաշինյա­նի կառավարությունում սկսում են պարգևավճարներ բաժանել, հատկապես այն հիմնարկները, որոնք քիչ թե շատ ֆինանսական միջոցներ ունեն, իրենց չեն զրկում բաղձա­լի «պրեմիաներից»: Մեզ ասացին, որ սա պետական աշխատողներին օրվա երերուն իշխանության նկատ­մամբ քիչ թե շատ լոյալ պահելու միակ միջոցն է, քանզի որ օրը այդ պարգևավճարները կտրեն, հա­ջորդ օրը պետական ապարատն էլ ոտքի կկանգնի և դուրս կգա փողոց:

Իհարկե, այդ «պրեմիաներն» առավե­լապես օդ ու ջրի պես պետք են ցածր ու միջին օղակների աշխատակիցներին, որոնք հազիվ 150-200 հազար դրամ աշխատավարձ են ստանում և հիմնական աշխատանքն իրենք են անում, բայց նրանք, ի տարբե­րություն իրենց ղեկավարության՝ նախարարներ, փոխնախարարներ, պարգևատրվում են շատ ավելի քիչ: Փոխարենը 100 հազարներով ինքնապարգևատրվում են նախարարներն ու փոխնախարարները, և երբ այս թեմայով աղմուկ է բարձրանում, ու որոշ ժամանակով դադարեցնում են «պրեմիաներ» բաժանելը, դարձյալ տուժում են ցածր օղակների աշխատակիցները:

ԻնչևԷ, մենք տեղեկացել էինք, որ նոյեմբեր ամսին մի շարք հիմնարկնե­րում, այդ թվում՝ Էկոնոմիկայի նա­խարարությունում, վերսկսել են պատերազմի պատճառով դադարեցված պարգևավճարների բաժանումը: Նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, փաստորեն, եկած-չեկած՝ իր առաջին սուրբ գործն է համարել «պրեմիա» բաժանելը: Մենք հարցում էինք ուղարկել Էկոնոմիկայի նախա­րարություն՝ ճշտելու, թե նախարա­րության աշխատակիցներին նոյեմբեր ամսվա համար պարգևավճար հատկացվել է, թե ոչ, ովքեր են ստա­ցել, ինչ չափով և ինչի համար:

Հինգ օր անց միայն նախարա­րությունից մի կերպ պատասխանե­ցին մեր հարցմանը՝ հաստատելով, որ, այո, իրենց մոտ պարգևավճար բաժանվել է:

 

«ՀՀ էկոնոմիկայի նախարա­րության ամբողջ աշխատակազմին 2020 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվել է 49.175.367 (քա­ռասունինը միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ) դրամ պարգևատրում»,- պատասխանել են նախարարության աշխատակազմից: Իսկ հարցին, թե ովքեր են ստացել և ինչ չափով, նախարարությունից չեն տրամադրել տեղեկություն՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կե­տին և 199-րդ հոդվածին, ըստ որի՝ հարցի պատասխանը «պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որն առանց աշխատողի գրավոր հա­մաձայնության չի կարող փոխանցվել երրորդ անձանց, եթե դա նախա­տեսված չէ օրենքով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: