կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 14:28
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեռացի՛ր, կա՛մ պահանջիր Փաշինյանի հրաժարականը․ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն՝ Հայկ Մարությանին

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նամակ հանձնեց Երևանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած անձնավորությանը՝ Հայկ Մարությանին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նամակով  Մարությանին առաջարկում են երկու ելք․ առաջին՝ միանալ ժողովրդի լայն զանգվածին ու պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլապես Նիկոլ Փաշինյանի հետ հավասար կրելու է հայրենադավության խարանը, երկրորդ՝ տալ իր հրաժարականը քաղաքապետի պաշտոնից, որպեսզի այդ պաշտոնը ստանձնի մեկ այլ անձնավորություն, որը բավարար գիտելիքներ ու պատասխանատվություն կունենա մեր մայրաքաղաքի հարցերով զբաղվելու։

«Դուք կարող եք վերադառնալ ձեր նախկին ասպարեզին, որտեղից մեր ժողովուրդը ձեզ լավ ճանաչում է»,-գրված է Հայկ Մարությանին ուղղված նամակում։

«Մենք կարծում ենք, որ այսօր ավելի քան արդիական է հասկանալ՝ ի՞նչ է մտածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը։ Այդ մարդը արդեն 11 ամիս կլինի՝ ընդհատակում է գտնվում կորոնավիրուսային հիվանդության, արձակուրդների և այլ պատճառներով և քաղաքը մատնվել է անտերության»,-Երևանի քաղաքապետարանի առջև ակցիայի ժամանակ հայտարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նամակում նաև հիմնավորում է՝ ինչո՞ւ է Հայկ Մարությանին  այս երկու առաջարկներն անում։

«Երևանի պատմությունը անցնում է իր պատմության ծանրագույն հանգրվանով։ Երևանը, որպես ՀՀ մայրաքաղաք, որտեղ բնակվում է բնակչության 1/3-ը, ստեղծված վիճակի ծանրագույն հետևանքներն է կրում մարդկային, սոցիալ-տնտեսական առումներով։ Իսկ դուք, որպես Երևանի քաղաքապետ, մեծագույն պատասխանատվություն եք կրում այս քաղաքի բնակիչների հանդեպ։ Անցնող 11 ամիսներին բազմաթիվ բացակայություններ եք ունեցել և անլուրջ եք վերաբերվել Covid-19-ի տարածմանը, ոչ մի լուրջ քայլ չեք ձեռնարկել՝ դանդաղեցնելու համար վարակի տարածումը, խուսափել եք պատասխանատվությունից ու մտել եք թաքստոց»,-գրված է նամակում։

Այնտեղ նաև նշվում է, որ համավարակի պատճառով խաթարվել է Երևանի սոցիալ-տնտեսական կյանքը, սակայն քաղաքապետարանը ոչ մի նախաձեռնույթյուն չի ստանձնել՝ մեղմելու համար սոցիալ-տնտեսական տագնապի հետևանքները։

Մարությանի պաշտոնավարման օրոք ոչ միայն շարունակվել է Երևանի դիմագծի աղավաղումը, այլև նա ծպտուն անգամ չի հանել, երբ կառավարությունը որոշել է գույքահարկը բարձրացնել, որի հիմնական թիրախը Երևան քաղաքն է։

Տապալվել է Երևանի տրանսպորտային համակարգի վերականգնման ծրագիրը, որի մասին Մարությանի թիմի խոստումները սուտ դուրս եկան։

Երևանի քաղաքապետարանի վարչական մեքենան շարունակում է մնալ խաթարված վիճակում, ոչ մի գործարք տրամաբանական ընթացք չի ունենում։

«Սակայն այս ամենից ավելի մեզ համար խնդիր է վերջին 3 ամիսների ձեր բացթողումները, մասնավորապես, սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի սկզբից մինչև օրս ձեր անտարբերությունն ու բացակայությունը»,-գրված է նամակում։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի համոզմամբ՝ Երևանի քաղաքապետարանը սրտացավ ներկայություն չի ունեցել ռազմաճակատում իրենց ամուսիններին, հայրերին ու զավակներին կորցրած Երևանի ընտանիքների առօրյայում, լավագույն դեպքում բավարարվել է ձևական քայլերով։

«Մարտական ջոկատ կազմելու և սահման մեկնելու՝ ՀՀ վարչապետի հանձնարարականին անհրաժեշտ արագությամբ չեք արձագանքել՝ այնքան եք դանդաղել, որ սահման եք հասել տխրահռչակ հայտարարության նախօրեին միայն։ Երևանի քաղաքապետարանի կազմած մարտական ջոկատների համար գումար եք հավաքագրել Քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներից՝ որպես նվիրատվություն, սակայն մինչ օրս չկա որևէ հաշվետվություն հանրությանը, թե այդ գումարները որտեղ են ծախսվել՝ հատկապես հաշվի առնելով, որ ձեր կազմած ջոկատները չեն  մասնակցել ոչ մի մարտական գործողության ու սահմանին են մոտեցել ռազմական գործողությւոնների ավարտի նախօրեին»,-գրված է նամակում։  

Նաև նշվում է, որ երկիրը պատերազմի վիճակի մեջ էր գտնվում, իսկ Մարությանը այդ պահին Քաղաքապետարանի կայանատեղիի կահավորման համար հատկացրել է շուրջ 50 մլն դրամ։

«2020 թ դեկտեմբերի 13-ին կրկին հրապարակ եք գցել մի հոլովակ, որտեղ առանձին խոսում եք ձնամաքրման աշխատանաքներին՝ Քաղաքապետարանի պատրաստ լինելու մասին ու սրանով փորձում եք, ինչպես մեկ տարի առաջ, ստեղծել այն տպավորությունը, որ դուք դեռևս կաք»,-նշվում է նամակում։

Սարգիս Կարապետյանն ասաց՝ մեր բնակչության 1/3-ի քաղաքապետը պարտավոր է արձագանքել այս նամակին։ Դրանից հետո ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն իր քայլերի հաջորդականությունը կիրականացնի։

Մանրամասն՝ տեսանյութում․