կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 15:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր մեզ մոռացնել են տալիս Մաշտոցի կոդը, որպեսզի վերջնականապես պարտվենք․ Սերժ Սրապիոնյան

Միշտ վստահ եմ եղել մեր ժողովրդի կենսական ուժերի վրա և երբեք չեմ տառապել հոռետեսության ախտով, բայց, այնուամենայնիվ, չեմ էլ հիշում պատմության մեջ մի դրվագ, որ և՛ բարոյապես, և՛ հոգեպես, և՛ մեր ինքնասիրության առումով, և՛ երկրի քաղաքական ու սոցիալական կեցության առումով հայտնված լինեինք անելաների իրավիճակում. ըստ Yerkir.am-ի՝ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով՝ մտավորականների հավաքի ժամանակ  ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, դոկտոր, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Նրա դիտարկմամբ՝ այստեղ վճռորոշ, հեղինակավոր խոսքն ու միտքն ասելու է մեր մտավորականությունը։ Ըստ գրականագետի՝ երկրում ստեղծված իրավիճակը՝ 5000-ից ավելի զոհերը, դրա կրկնակիի չափ հաշմանդամներն ու անհետ կորածների անհայտ թվերը, հայ  ժողովրդի ամենամրմռացող ցավն է: «Այս ցավից ազատվելու ենք ծանրագույն աշխատանքի և հոգեբանական հնարքների միջոցով։ Սա թիվ մեկ անվերականգնելի կորուստն է, ինչպես՝ 1915 թվականի Ցեղասպանության ժամանակվա, Երկրորդ համաշխարհային պատերազմի 300․000 հայ զինվորների, Ղարաբաղի առաջին պատերազմի, և, դժբախտաբար, չենք կարող վերականգնել այս վերջին խայտառակ պատերազմի կորուստները»,- նշեց Սրապիոնյանը։

Նա պնդեց, որ դժվար վերականգնելի կամ գուցե նաև անվերականգնելի է բարոյական անկումների կորուստը: «Մեզ անվերջ ներարկեցին միտք մշակույթի ազգայնական վտանգավորության մասին, մեր գրականության ու պատմության վրայից քերեցին, հանեցին հիմնական մաշկը՝ հայ որոշիչը, մեր լեզուն դարձրին կամընտրական և ոչ պարտադիր, մինչդեռ մեր լեզուն մեր մեջ մտնում է մոր կրծքից կերած կաթի հետ և դուրս է գալիս միայն վերջին հոգոցի հետ»,- ասաց Սրապիոնյանն ու ցավով արձանագրեց՝ «մեզ բերեցին-հասցրին վերջին հոգոցին, երբ դուրս է գալիս մեր միջից մեր լեզվամտածողությունը»։

Ըստ նրա՝ այսօր համալսարանները դարձրել են կոշկակարի «բուդկա», ու իրենց ուզած մարդուն դնում են  ռեկտոր։

Գրականագետը հիշեցրեց, որ մենք Մաշտոցի թոռներն ենք, ու կոչ արեց արժանի լինենք Մաշտոցին: «1500 տարի մենք Մաշտոցի տված կոդով առաջ ենք շարժվում և, եթե չենք էլ հաղթում, ապա չենք էլ պարտվում։ Այսօր մեզ մոռացնել են տալիս Մաշտոցի կոդը, որպեսզի վերջնականապես պարտվենք»,- ամփոփեց Սերժ Սրապիոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․