կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 19:15
Տնտեսական

«Փաստն այն է, որ մեր արժութային շուկան դուրս է եկել հավասարակշռությունից, և առկա են արժեզրկման ինտենսիվ ճնշումներ». Թադևոս Ավետիսյան

«Փաստն այն է, որ մեր արժութային շուկան դուրս է եկել հավասարակշռությունից, և առկա են արժեզրկման ինտենսիվ ճնշումներ». Թադևոս Ավետիսյան

ՀՀ կենտրոնական բանկն օրերս վստահեցրել էր, որ արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր չկան, ավելին՝ այս պայմաններում, թե՛ ներկայում, և թե՛ դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն: Այս մասին գրում է 168.am-ը։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, սակայն, նկատում է, որ իրականությունն այլ է՝  արժութային շուկայում ընթացիկ փոխարժեքը շարունակում է բարձրանալ. այս օրերին թե՛ դոլարը, թե՛ եվրոն գրանցել են հերթական աճը՝ ինտերվենցիաների շնորհիվ մի քանի օրերի որոշակի կայունացումից հետո.

«Ինչու է այսպես՝ պատասխանը պարզ է, որովհետև այն հիմնական գործոնները, որոնք բազմիցս թվարկել և ներկայացրել ենք, շարունակում են գոյություն ունենալ և, ցավոք, ավելի խորանալ:

Այդ գործոններն են՝ տնտեսության անկումը, որը շուտով կմոտենա երկնիշի, պետական բյուջեի դեֆիցիտը, որն աճում է, որովհետև եկամուտները կրճատվել են նորից երկնիշին մոտ, և ավելացող ծախսերը՝ հատկապես Covid 19-ի համավարակի պայքարի ձախողման և պատերազմի հետևանքով, նաև ՝գործող կառավարության անկարողությամբ պայմանավորված:

Հաջորդը՝ արտահանման անկում մենք ունենք, որը մեր երկիր արժութային մուտքերի ներհոսք էր ապահովում, շուրջ 1/5-ով  կրճատվել են նաև արտերկրից արտարժույթով փոխանցումները, մյուսը՝ էապես կրճատվել  և շարունակում է կրճատվել (ինչպես 2019-ին, այնպես էլ՝ 2020-ին)  օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը:

Կա նաև հոգեբականական գործոնը կամ վարքագիծը, որը թե՛ տնտեսվարողների շրջանում, թե՛ քաղաքացիների, էապես փոխվել է, և, բնականաբար,  դրա օբյեկտիվ հիմքերը կան:  Այսինքն՝ տնտեսվարողները հետաձգում են նոր նախաձեռնությունները՝ պայմանավորված աշխարհաքաղաքական, ներքաղաքական անորոշությամբ և նաև՝ երկրի ընդհանուր հանրային կյանքի իրավիճակով: Քաղաքացիները՝ սպառողները, պահանջարկ ներկայացնողները ևս օբյեկտիվորեն սահմանափակում են իրենց վարքագիծը,  և, փաստացի, գնողունակ պահանջարկը մեր երկրում նվազում է»:

Տնտեսագետի կանխատեսմամբ՝ այս իրավիճակն էլ ավելի կխորանա՝ հաշվի առնելով քաղաքացիների օբյեկտիվ արձագանքը ստեղծված իրավիճակին. «Այսպիսի իրավիճակում առարկայական է այն հավանականությունը, որ քաղաքացիները համատարած կերպով կփորձեն իրենց դրամային խնայողությունները, ավանդները շուկայում փոխանակել արտարժույթով: Մենք դա տեսել ենք նաև 2014-թ. ի վերջին»:

Մեր դիտարկմանը, թե ԿԲ-ն ևս արձանագրել էր դրամի շարժի հիմքում ընկած հիմնական գործոնները՝ նշելով, սակայն, որ դրանք էական անհաշվեկշռվածություններ չեն ձևավորել, նա արձագանքեց. «Դա պարզ պոպուլիզմ է և իրավիճակի մանիպուլյացիա.  փաստն այն է, որ այդ գործոնները կան, և փաստն այն է, որ մեր արժութային շուկան դուրս է եկել հավասարակշռությունից, և առկա են արժեզրկման ինտենսիվ ճնշումներ»:

Թ. Ավետիսյանը հիշեցնում է, որ առկա որոշակի կառավարելիությունն էլ պայմանավորված է ինտերվենցիաներով. «Այսինքն՝ սկսեցին արտարժույթ վաճառել պետական ռեզերվներից: Ի դեպ, շատ կարևոր է արձանագրել, որ դա պետական ծախս է, և եթե դա չի բերում իրավիճակի  կայունացման և լուծման, նշանակում է՝ փոշիացած ծախս է: Այսինքն՝ ծախս, որը, ըստ էության, կատարվում է, բայց չենք ունենում արդյունք:

Այդ  ինտերվենցիաները որոշակի կայունացում՝ մի քանի օրվա, բերեցին, բայց քանի որ թոքաբորբը  ջերմիջեցնողով չես բուժի, հետևաբար՝ հիմնական գործոնները կան և խորանում են. հենց փոքր-ինչ իջեցրին ինտերվենցիաների տեմպը, նորից շուկան սկսեց արժեզրկման իր միտումը, ինչը տեսանք այս օրերին: Հիմա իրենք կփորձեն նորից  ինտերվենցիաներ  կատարել, ինչը, սակայն, չի լուծելու խնդիրը, որովհետև այդ գործոնները հիմնարար գործոններ են, և, հիմնարար վիճակը պետք է փոխվի, և մենք պետք է ունենանք տնտեսական կայունություն և հավասարակշռություն»:

Նա հավելեց, որ հայտարարությունների տեսքով «փափուկ բարձի» քաղաքականությունը շարունակությունն է պատերազմի օրերին առկա «հաղթելով պարտվելու» սկզբունքի. «Պոպուլիստական և  նեղ քաղաքական շահ է հետապնդում.  փորձում են այսօրվա բարդ քաղաքական  ճգնաժամային իրավիճակում շեղել բուն իրողությունից, ինչը չի ստացվելու միանշանակ»:

Օրերս իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշել էր. «Նոյեմբերի 18-ին արժույթի միջազգային հիմնադրամը ևս Հայաստանի Հանրապետությանը հավելյալ բյուջեի ֆինանսավորման մասով վարկային ծրագիր հաստատեց։ Այսինքն՝ սա չափազանց կարևոր է, որովհետև Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում է այն բոլոր ռիսկերը կամ մարտահրավերները, որ մեր երկրի առջև կարող են ծառացած լինել, և տեսնում ենք, որ 2021 թվականի հետ կապված բավականաչափ վերականգնվողական աճը կլինի, ամենայն հավանականությամբ, կգրանցենք աճ, և սրանք հիմքեր են տալիս ենթադրելու, որ հնարավոր ճնշումն անորոշությունների հետ կապված որոշակի կարճաժամկետ հեռանկարով է»:

Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե պատգամավորի այս պնդումը որքանո՞վ է իրատեսական, նա ասաց. «Ըստ էության, այդ պատգամավորը և տնտեսագետների թիմը, որ սպասարկում է օրվա իշխանությունների շահերը, նորից պիտի ցավով արձանագրենք, որ շարունակում են իրավիճակային մանիպուլյացիան, որովհետև արժույթի միջազգային հիմնադրամը վարկեր չի տրամադրում միայն այն դեպքում, երբ պետություններն ունեն կայուն ֆինանսական վիճակ և հավասարակշռություն: Արժույթի միջազգային հիմնադրամի հիմնական գործառույթներից է հենց՝ տարերային վիճակում գտնվող անդամ երկրներին տրամադրել կարճաժամկետ արտոնյալ  վարկեր, որպեսզի նախ և առաջ ֆինանսական  կայունություն բերեն՝ հատկապես արժութային շուկայում:

Օրինակ՝ 90-ական  թվականներին ՀՀ անկախացումից հետո արժութային շուկան ընդհանրապես գտնվում էր տարերային վիճակում, բայց  այդ ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամը ևս նման վարկեր էր տրամադրում: Այսինքն՝ այդ մոտեցումը պարզունակ մանիպուլյացիա է»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ մասնագիտական շրջանակներն այսպիսի իրավիճակում հանրությանն իրականությունը ներկայացնելու կարևոր գործառույթ ունեն, որպեսզի  մարդիկ ճիշտ տեղեկացված լինեն և կարողանան ճիշտ կողմնորոշվել: