կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-21 15:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, մեղադրանք եմ առաջադրում քեզ․ դաշնակցական բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյան

Բժիշկ, ազատամարտիկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը, ով պատերազմի առաջին օրերից եղել է Ջեբրայիլում, հետո Հադրութում, Ազոխում, ապա Ստեփանակերտում մինչև դավաճանական ակտի ստորագրումը, իր տեսածի հիման վրա մեղադրանքներ առաջադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Առաջին օրերին վիրավորներ էին գալիս միայն վերին և ստորին վերջույթների վնասումներով․ ինչո՞ւ՝ որովհետև մեր զորքը կանոնավոր կռվում էր և զինվորները  կասկա ու բրոնեժիլետ ունեին։ Բերեցին այդ խեղճ ՄՈԲ-ի տղերքին առանց դրանց՝ 28 հազար դրամ արժե այդ բրոնեժիլետն ու կասկան, ու սկսվեց կոտորածը։ Բոլոր տղերքը գալիս էին արդեն կրծքավանդակի ու որովայնի ծանրագույն վիրավորումներով։ Մեր զոհերի մեծ մասը եղել են որովայնի ու կրծքավանակի վիրավորումներով։ Մեղադրա՛նք եմ առաջադրում քեզ՝ ինչո՞ւ բրոնեժիլետ չտվեցիր էդ տղերքին»,-հայտարարեց Տարոն Տոնոյանը։

Եվս մեկ մեղադրանք նրա համար, որ կրակային պատրաստություն չանցած՝ ընդամենը երկու ամսվա ծառայող զինվորներին տարավ ու դիրքերը լցրեց։

Տարոն Տոնոյանը վարչապետին նաև հարցնում է՝ ո՞վ բացեց Հադրութի թիկունքը․ Ջեբրայիլից մինչև Իշխանաձոր ինչո՞ւ մնաց դատարկ, և այդտեղից սողոսկեցին դիվերսիոն խմբերը և եղավ մեր նահանջը։

Տոնոյանի մեկնաբանույթամբ՝ այդ ժամանակ վարչապետը հասկանում էր, որ եթե դադարեցներ պատերազմը, միևնույն է, պիտի իր հրաժարականը պահանջեին և ամեն անգամ պատրանքներով ապրելով, թե պիտի բեկում մտցնի, որ իշխանությունը պահի, թույլ տվեց ամենակոպտագույն սխալները։

« Ես հարց ունեմ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին․ հոկտեմբերի 2-ին եկել էր մոտս, արկղեր կային բժշկական պարագաներով, որ Երևանից ինձ էին ուղարկել, բերեց տվեց, մեքենայում ևս մի քանի արկղ մնաց։ Հարց ուղղեցի՝ բա է՞ս ուր ես տանելու, ասաց՝ Ջեբրայիլ եմ տանելու։ Ասացի՝ հանձանած է, ասաց՝ ի՞նչ ես խոսում, մեր ձեռքում է։ Զանգեց իր իմքայլական ընկերներին, հարցրեց, ասացին՝ մեր ձեռքում է։ Ասացի՝ դե գնա։ Իհարկե, չգնաց։ Հետն էլ մի կասկով թմբլիկ դասալիք փախցրեց բերեց Երևան՝ Արարատի մարզպետարանում էր աշխատում դրա աղբերը։ Երկու օր առաջ այդ դասալիքը կառավարության դիմաց պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Նա նշեց, որ այսպիսի շատ հարցեր կան, որոնք իշխանությունները ճարպկությամբ ուզում են անպատասխան թողնել։

«Իմքայլական Լենք Նազարյանը ասաց՝ որ այնպես հանձնեինք, պիտի ասեիք՝ հանձնեցին, դե կռվեցինք, վերցրեցին․ սա կոչվում է պատերազմի իմիտացիա։ Ես մեղադրում եմ իրենց պատերազմի իմիտացիայի համար։ Մենք հաղթող ժողովուրդ ենք, պարտվողը Նիկոլն է իր թմով։ Ամենավտանգավորն է սա, սիրելի՛ ժողովուրդ, ասելը, որ պարտությունը անխուսափելի էր։ Դա այդպես չէր․ եթե մենք չունենայինք այս հիմար ինքնաթիռները, որոնք այդպես էլ օդ չբարձրացան, եթե չփոխեին ԶՈՒ համալրման պլանը և գնեինք հակաօդային պաշտպանության միջոցները, պատերազմը կհաղթեինք»,-հայտարարեց Տարոն Տոնոյանը։

Նա հիշեցրեց, որ ամենածանր պատերազմի ժամանակ ընդամենը մի քանի դիրք ենք հանձնել։

«Մեզ ընկճում են, մեզ պատրաստում են հետագա պարտությունների, հիշե՛ք, հայ զինվորը, սպան չի պարտվել,  պարտվել է ապաշնորհ Նիկոլ Փաշինյանը իր մանկամսուրի՝ ապաշնորհ թիմի հետ միասին»,-հայտարարեց Տոնոյանը։

Նա պահանջեց, որ վարչապետը պատասխանի ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի բարձրացրած հարցերին, նախագահ Արմեն Սարգսյանին պատասխանի, որն իր հրաժարականն է պահանջում, նաև պատասխանի ՌԴ նախագահի հայտարարությանը, որը պարզ ասում է՝ Շուշիի հարցը երբեք քննարկման առարկա չի եղել, այնինչ այսօր Շուշին մեր ձեռքում չէ։

«ՀՀ՝ այդպես էլ չկայացած վարչապետ, դեղին մամուլի էջերի վարպետ Նիկոլ Փաշինյան, այդքանից հետո առանց ամաչելու գոսպիտալի պատերի տակ կուչ եկած և Երևան գալու համար տեղեկանք մուրացողներին հավաքում ես կառավարության պատերի տակ, այդ թափթփուկներին, որ քեզ պաշտպանեն»,-հայտարարեց նա։

Տարոն Տոնոյանն ասաց՝ Նիկոլը ուշ թե շուտ պետք է հեռանա, բայց թող պատասխանի հնչած հարցերին, որ հասկանանք, որ իրավունք ունի մարդկանց աչքերին նայելու։