Հայաստանի անկախությունն այսօր մի գույն ունի՝ կարմիր, այն կարմիրը, որն արյունն է խորհրդանշում, որ թափվեց կորսված Արցախի հողերի վրա, այն կարմիրը, որը խորհրդանշում է բազուկներով սահմանին կանգնած տղերքի թափած ու դեռ թափվող արյունը՝ Հայաստանի ինքնիշխան հողեր ներխուժած թյուրքերի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ կամավորական վաշտի բժիշկ - ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանը։
«Այսօր «գունագեղ տոնախմբությամբ» անկախություն նշելը նույն մանկական հեքիաթն է՝ բարի, գեղեցիկ, երկար մորուքով պապիկ «Ձմեռ պապը». նրա պես խորհրդավոր ու սպասելի եւ նրա պես պես կեղծ, նրա կարմիր այտերի պես նկարված...
Գալու է այն ցավալի օրը, երբ ինչպես մանուկը քաշելով Ձմեռ պապի մորուքից, հասկանում է, որ Ձմեռ պապը պարզապես մեծերի կեղծիքն է մեր մանկությունն ավելի գունագեղ ու հաճելի դարձնելու համար, այնպես էլ մի օր ժողովուրդն է բռնելու այս խավարի պոչը ու հասկանալու է, որ չկա «գունագեղ»անկախություն, ու պետք չէր «գունագեղ»անկախության տոնակատարության համար գումարներ ծախսել, երբ հիվանդանոցներում այդ «գունագեղ»անկախության համար պայքարողներն ու պայքարում ընկածների ընտանիքները չեն կարողանում օգտվել պետպատվերի շրջանակում իրենց հասանելիք անվճար բժշկական օգնությունից, քանի որ պետպատվերի բյուջեն սպառված է։ Մեր երկրի վարչապետի պաշտոնում գտնվողը նշում է, թե՝ ի հիշատակ պատերազմում ընկածների՝ գունագեղ տոնակատարություն ենք անելու սեպտեմբերի 21-ին։
Սեպտեմբերի 21-ին ի հիշատակ պատերազմում ընկած տղաների՝ ընձեռե՛ք պետպատվերից օգտվելու հնարավորություն՝ պատերազմում ընկած տղերքի ընտանիքների համար, թո՛ւյլ տվեք, որ նրանք թեկուզ ոչ «գունագեղ», բայց կարողանան առողջ ապրել (թե՞ տղերքի ընտանիքների առողջությունն ավելի քիչ մարդկանց է հետաքրքրում)։
Այն պահը, երբ հասկանում ես, որ ձևն ավելի է կարևորվում, քան բովանդակությունը»,- գրել է նա։