«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում այնպիսի թեմաների է անդրադարձել, որի մասին տեղեկատվությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար։
Այն առանձնահատուկ էր հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի համատեքստում։
Այս բացահայտումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, այլ նրա նկատմամբ պետք է իրավական պատասխանատվության ենթարկվելու գործընթաց սկսվի։
Հասկանալի է, որ այս ասուլիսից հետո փորձ կկատարվի իրավական ողջ համակարգն ուղղել Մովսես Հակոբյանի դեմ, սև քարոզչություն սկսել և այլն, սակայն կան տեղեկություններ, որոնք հերքելը դժվար կլինի։
Երբ մամուլը գրեց այն մասին, որ Փաշինյանի կինը՝ տիկին Աննան, պատերազմի սկզբնական շրջանում գտնվել է ՊԲ հրամանատարի հրամանատարական կետում՝ բունկեռում, որևէ ձևով չարձագանքեցի։
Երբ Արցախում պատերազմի օրերին նույն տեղեկատվությունը շրջանառվեց Արցախում՝ կրկին լռեցի, սպասում էի, որ հրապարակային կխոսեին մարդիկ, ովքեր տեղում էին եղել։
Նույն մամուլը գրեց նաև, որ Փաշինյանն արգելել է ՊԲ բունկեռում գտնվել նաև մեծ հեղինակություն ունեցող և պատերազմի պանծալի ճանապարհ անցած գեներալներին։
Այսօր ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իր ասուլիսում հաստատեց այս տեղեկությունները։
Նիկոլ, հարց, ի՞նչ գործ ուներ տիկին Աննան այդ բունկեռում՝ ինչ կարգավիճակով, ինչ նպատակով և ինչո՞ւ էր արգելվել արցախյան գեներալիտետի՝ պատերազմ հաղթած տղերքի մուտքը հրամանատարական կետ։
Երկրորդ, Մովսես Հակոբյանը պնդում է, որ պատերազմի երրորդ օրը, վարչապետ Փաշինյանը հրաման է տվել զինված ուժերին՝ կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Հարց, ինչո՞ւ, և ինչ նպատակով։ Ընդ որում՝ նա նշում է, որ այդ մասին կա ձայնագրություն։
«Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը և այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են», նշեց նա։
Վերջինիս խոսքերով, լրահամալրման փոխարեն Արցախ են ուղարկվել կամավորական ջոկատներ, որոնք հանդերձավորման, զենք, զինամթերքի հետ կապված խնդիր են ունեցել՝ ակնարկելով, որ այդ հարցերը պետք է լուծվեին ՀՀ-ում՝ մինչև Արցախ գալը, իսկ ՊԲ-ի վրա նման խնդիր չի եղել։
Գեներալ Հակոբյանը նաև պարզաբանեց իմ այն հարցադրումը, որն օրեր առաջ արել էի ԱԱԾ-ին՝ կապված Արցախի նախագահի այն հայտարարությանը, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է։
Հաստատելով այն փաստը, որ այդ ստորաբաժանումը հրամանը չի կատարել, միաժամանակ գեներալը նշեց, որ այդ ստորաբաժանումն իր գործառույթներից ելնելով այլ խնդիրներ լուծելու համար է նախատեսված՝ անուղղակի արդարացնելով նրա պահվածքը այդ իրավիճակում։
Մովսես Հակոբյանը նշեց, որ 2016 թվականից հետո հաստատված գնումների պլանում, 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո փոփոխություններ են արվել և այս պատերազմում մեր համար մեծ կարևորություն ներկայացնող որոշ զինատեսակների գնումը կամ կրճատվել է կամ առհասարակ հանվել է։
Ամենավառ օրինակը՝ ՀՕՊ ՏՈՌ համակարգերի երկու դիվիզիոնների կրճատումն է, որով նախատեսված էր փակելու ՊԲ հարավային և հյուսային հատվածը և արդյունավետ պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ, որտեղ այս պատերազմում հսկայական խնդիրներ ունեցանք։
Ի դեպ, հաստատվեց նաև մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկություն, ըստ Հակոբյանի՝ ՍՈՒ 30-ները առանց զինամթերքի են և անհասկանալի էր Փաշինյանի այն ոգևորությունը, երբ նշում էր, որ դրանք արդեն մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ երկնքում։
Նրա խոսքերով, ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել։ Հարց, ինչո՞ւ են ՍՈՒ 30 ինքնաթիռները գնվել կամ այսքան ժամանակ գտնվել առանց զինամթերքի։
Ընդ որում՝ գեներալը նաև նշում է, որ ՀՕՊ Օսա-ԱԿ-ների գնումը համարել է սխալ ու ժամանակին այդ մասին զեկուցել՝ հաշվի առնելով դրա պահեստամասերի և հրթիռների հետ կապված մեծ խնդիրներ կան, այլևս չեն արտադրվում։
ԳՇ նախկին պետը նաև նշեց, որ վերջին երկու տարում մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվը, այսպես ասած, թուղթ գրողները, ավելացվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՊՆ և ԳՇ հաստիքացուցակները գրեթե կրկնապատկվել են, իսկ զորամասային օղակը՝ կրճատվել․ «Հրամանը շատ վատն է՝ 00038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից»։
Հարց, ինչո՞ւ են կրճատվել մեր պաշտպանության համար նախատեսված զորամասերը և ինչ խնդիր կատարելու համար է ավելացվել ՊՆ և ԳՇ վարչական մասի համար նախատեսված հաստիքները։
Ի դեպ, պարզվեց, որ Մովսես Հակոբյանին մեկուսացնելու և Արցախ գնալը չթույլատրելու համար նույնիսկ կեղծ կորոնավիրուսի պատասխան է տրվել, ինչը հետագայում այլ բուժհաստատությունում հերքվել է
Մովսես Հակոբյանը խիստ քննադատության ենթարկեց պատերազմի օրերին տարվող տեղեկատվական քաղաքականությունը, նշելով, որ հանրությանը իրադրության հետ կապված սուտ տեղեկություններ են տրամադրվել»: