կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-10 21:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը խեղկատակություն, խաղալիք չէ, որ որոշում են կայացնում ու անհետանում

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից Ազգային ժողովի բակում հավաքված քաղաքացիները պահանջում էին, որպեսզի չեղարկվի եռակողմ ստորագրված այն փաստաթուղթը, որով էլ վճռվել է  Արցախի անփառունակ ճակատագիրը։  

«Մեր պահանջը հետևյալն է, որ ժողովրդի մեծամասնության կողմից քվե ստացած ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, գան Ազգային ժողով, քանի որ այս ամենի պատասխանատուն իրենք են։ Թող բարի լինեն գան, բացատրություն տան ժողովրդին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  Հայ շարժման ղեկավար, հայ ջոկատի հրամանատար Սուրեն Օքումյանը, որը ևս միացել էր ԱԺ-ի առջև հավաքված քաղաքացիներին։

 Մեր զրուցակիցը խոստացավ պահպանել իմքայլականների անվտանգությունը, որպեսզի չկրկնվի նախորդ օրվա` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ կատարվածը։

Այնուամենայնիվ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ո'չ ԱԺ-ի ներսում, ո'չ էլ, առավել եւս, հարակից այգում ու տարածքում այդպես էլ չհայտնվեցին։

«Մեր պահանջը հետեւյալն է` իշխանական պատգամավորները պիտի գան ԱԺ, քանի որ ժողովուրդն իրենց քվե է տվել ու այսօր այդ ժողովրդին պատասխան տան, բացատրություն տան։ Իրենք պարտավոր են հայ ազգին բացատրել, թե ինչ է կատարվում։ Նման կերպ չի լինում, որ ուղղակի որոշեն, մի տեքստ գրեն ու դրանից հետո բոլորն անհետանան, իսկ ժողովուրդն օդում կախված մնա։ Ցանկացած երկրի ղեկավար պարտավոր է իր ժողովրդին հարգել»,- ասաց նա ու հստակեցրեց՝ մեր պայքարը գնալու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ճակատագիրը օդից կախված է։

«Իշխանությունը խեղկատակություն, խաղալիք չէ, որ որոշում են կայացնում ու անհետանում։ Նման անլուրջ ձևով նրան բերեցին իշխանության, դրա համար էլ հասանք այստեղ ու այսօր այսքան զոհեր ունեցանք։ Եթե անգամ ստիպված էին այդ քայլին գնում, թող բարի լինեին ժամանակին տեղեկացնել ժողովրդին։ Վարչապետը լայվերի միջոցով էր շփվում, թող բարի լիներ լայվերից մեկում ասել, որ նման կացության առաջ ենք կանգնել, տարբերակ չունենք, կա'մ պիտի այս լինի, կա'մ՝ այն։ Փոխարենը, ժողովրդի հետ հաթաթայով է խոսում, մատ է թափ տալիս, ո՞ւմ վրա։ Որ ասում է վրեժխնդիր ենք լինելու, այդ ումի՞ց է ուզում վրեժ լուծել, այսօր մենք մի թշնամի ունենք՝ թուրքը»,- ասաց Սուրեն Օքումյանն ու ցավով փաստեց․ «Առանց այդ էլ ծովից ծով Հայաստանից, կոպիտ ասած, դարձել ենք գյոլից գյոլ, ցավով եմ դա արձանագրում, քանի որ ամեն մի րոպեն ու ամեն մի պահը, որ մենք ապրել ենք Արցախում, այստեղ թողնելով մեր երեխաներին, կանանց ու շատ հարազատ մարդկանց, այս օրվա համար չենք ապրել»։

Ըստ նրա` եթե այդ եռակողմ փաստաթուղթը ստորագրվել է, ուրեմն պիտի ՀՀ ԱԺ-ով այն հաստատվի: «Կհաստատվի, թե՝ ոչ, որոշելու է հայ ազգը։ Րոպե առաջ պիտի քաղաքական ուժերը հավաքվեն, արտահերթ նիստ գումարեն, ինչպես արտահերթ նիստեր էին գումարում ու կոնվենցիաներ բերում՝ արագ-արագ ընդունում։ Թող հիմա էլ Հայաստանի համար արտակարգ նիստ հրավիրեն ու անհապաղ Հայաստանի ճակատագրի օրհասական վիճակի խնդիրը լուծեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Սուրեն Օքումյանը շեշտեց` մեր հայ զինվորները մարտնչել են ամենաբարձր ոգով: «Մեր զինվորները, մեր հայ ազգի տղերքը մարտնչել են ամենաբարձր ոգով, իսկ վախկոտ թուրքը միշտ էլ իր վախկոտությունը ցույց  է տվել։ Ասեմ ավելին` այդ ամենը հերոսաբար ենք արել, որովհետեւ կռվել ենք 8 պետության դեմ։ Եթե չկարողանայինք՝ 43 օր միանշանակ չէինք դիմանա»,- ասաց նա։

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը