|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։
Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդեւինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաեւ խորհրդարանի աշխատակազմի անդամներ:
Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետեւանքները եւ շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու եւ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Այնուհետեւ հիմնական զեկույցով հանդես եկավ Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն հրավիրեց խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:
Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի պատճառների եւ հետեւանքների մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման եւ պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։