կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-04 11:54
Քաղաքական

Նետված նիզակն ուղղված է ՌԴ֊ի, ապա նաև Իրանի և Չինաստանի սրտին. Դավիթ Վանյան

Նետված նիզակն ուղղված է ՌԴ֊ի, ապա նաև Իրանի և Չինաստանի սրտին. Դավիթ Վանյան

Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.

«Մաս 7

Վաղուց պլանավորված այս պատերազմը հակառակորդի դաշտում աստիճանաբար անցնում է Թուրքիայի ամբողջական տնօրինությանը, և Ռուսաստանն էլ աստիճանաբար այն քննարկում է անմիջապես Էրդողանի հետ, առանց Ալիևին հաշվի առնելու։
Ռուսաստանի համար Ադրբեջանը գրեթե կորցված է։ Եվ կորցված է ոչ միայն քաղաքական դրդապատճառներով, այլ նաև այն, որ ետխորհրդային երեսուն տարիների ընթացքում, Արցախյան պատերազմով պայմանավորված, այստեղ ոչ միայն հայատյաց, այլև՝ ռուսատյաց հասարակություն է դաստիարակվել։ Ադրբեջանը իր պարտությունը արդարացնելու համար սեփական լսարանին, ուսումնական հասարակությանը, զինվորականությանը, դաշնակից Թուրքիային, աշխարհին անընդհատ է ասել, թե Արցախյան Ազատամարտում հայերը հաղթեցին լոկ այն պատճառով, որ Ռուսաստանը միայն նրանց՝ հայերին էր աջակցում, և որ իրականում իրենց հաղթել են ռուսները։ Հենց այս կեղծ թեզն էլ արջի ծառայություն է մատուցել այդ հասարակությանը, որը այսօր տառապում է տարածաշրջանի երկրների հանդեպ ատելությամբ։ Յուրաքանչյուր ադրբեջանցի, իր նախագահի նման, դավադիր դանակը գրպանում, Ռուսաստանի մասին մի բան ասում է, մեկ այլ ման մտածում։ Եվ ժամանակ առ ժամանակ, զանգվածային բողոքների մեջ ականատեսն ենք լինում հակա-ռուսական-պարսկական-հայկական կոչերի, ինչը սթափեցնում է մեր հարևաններին։ Հայաստանում այլ է իրավիճակը։ Չնայած առկա է արևմտականությունը, սակայն հայ ժողովուրդը սթափ մտածելու ընդունակ լինելով, երբևէ չի անցել այն սահմանը, որտեղ ձևավորվում է այդ "մերկ ատելությունը" ռուս կամ որևէ այլ ժողովրդի նկատմամբ։ Ընդհանրապես, պիտի ասենք, որ հայերը, ինքնաբավ լինելով, վստահ լինելով իրենց պատմական, մշակութային, մտային, աշխատասիրական ու անհատական մրցունակության մեջ, բոլորին վերաբերվում են հավասար և որևէ ժողովրդի հանդեպ թերարժեքության բարդույթով չեն տաառապում, հրեա լինի, գերմանացի թե թուրք։ Ավելին, համարում են, որ Հայաստանն է աշխարհի կենտրոնը, իրենք էլ աստվածային չգիտակցված առաքելության ազգ են։ Օրինակ՝ ուկրաինացին՝ ռուսի հանդեպ ունի այդպիսի բարդույթ, վրացին ու ազերին՝ հայի, և այլն։ Այդ ինքնաբավությունն է այն գաղտնապաշարը, որից սնվում է հայ զինվորը, երբ ֆոսֆորային ռմբակոծության տակ, ժպիտը դեմքին, վառվող երկինքների պայմաններում մնում է դիրքերում ու պահպանում իր սուրբ հողը։ Ես սա անվանում եմ "հաստատուն էներգիա"։
Եւ Ռուսաստանը սկսում է շատ լավ հասկանալ, որ պատերազմի այս սրածայր, արդեն ավելի քան մեկ ամիս դեպի թիրախ նետված նիզակը իրականում ուղղված է իր սրտին, և ապա՝ Չինաստանի ու Իրանի։ Չիաստանի ու Իրանի մասին առանձին վերլուծությամբ կանդրադառնանք, իսկ առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում կայսրությունը կորցրած Թուրքիան թունավոր նախանձով է նայում հզորացող, Ղրիմը անկրակոց նվաճող, կայսերապաշտ, կայսերական, անընդհատ հաղթանակող, կռվելու ու զոհվելու պատրաստ, սպառազինված Ռուսաստանին։
Եվ ահա կայսրությունը վերականգնելու մարմաջը, կորցրած մասերի ֆանտոմային ցավերը, երրոդ երկրների շարքին դասվելու հարյուր տարվա անցյալը, անցյալ գնացած հզորության մասին հիշողությունը, Եւրոպայի կողմից արհամարհանքը, աշխարհի բաժանումից ուշացած լինելը, ներքին հիմնախնդիրները, քրդական հարցը, խախուտ պայմանագրերն ու նրանց ժամկետների խնդիրները, առաջին Արցախյանում հաղթանակած՝ ինքնաբավ Հայաստանը՝ բոլորը միասին ձևավորւմ են մեկ ուրիշ տեսակի, սակայն ուժեղ մի մղում, որը ես անվանում եմ "փոփոխական" էներգիա։
Այս փոփոխական էներգիայի ավելցուկն է, որ Էրդողանին մղում է աշխարհի բոլոր կողմերում ընդհարումների և ի վերջո բերելու է սեփական երկրի վերջնական փլուզման, իսկ Ռուսաստանը, եթե կարողանա հաղթահարել ազգամիջյան ու կրոնական բախումների վտանգը, հաղթած է դուրս գալու։
Սակայն այս պահին, Թուրքիան չէ այս պատերազմի պատվիրատուն։ Եւ եթե ուզում ես իմանալ ո՞վ է, դասական հարց կա՝ Ու՞մ է սա ձեռնտու։
ԱՄՆ, Մեծ Բրիտաանիա և ՆԱՏՕ՝ ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի։
Մենք սխալ արեցինք, երբ դարձանք ԱՄՆ կողմից նախաձեռնված "Հավատի պաշտպանության" 29 երկրներից կազմված ալյանսի անդամ պետություն, որը իրականում ուղղված էր ույգուրների կրոնական իրավունքների պաշտպանությանը, սակայն Չինաստանի դեմ։ Սխալ էր Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ հարևան Իրանի դեմ։
Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում հայ զինվորի հաղթանակին, սակայն ես անընդհատ կասկածում եմ Հայ քաղաքական մտքի հաղթանակին։ Եւ այսօր բավ են այդ սխալները։ Մենք պարտավոր ենք լսել, վստահել իրար ու երկպառակություններից հրաժարվելով՝ խնայել մեր զինվորականների առանց այն էլ պրկված ջղերը։
Արևմուտքն է այսօր տնօրինում և ուղորդում Թուրքական "Փոփոխական էներգիայի" վերը նշված ավելցուկը, և նպատակը մենք չենք, այլ այն երկրները, որոնց արդեն անդրադարձա։ Սակայն այս աշխարհաքաղաքական ճակատամարտում մեր վրայով կարող են անցնել այնպես, որ անդառնալի կլինեն կորսուստները։ Ուստի, շատ զգույշ պիտի լինենք, Ռուսաստանի հետ շատ նուրբ պիտի աշխատենք, որպեսզի հյուսենք մեր հաղթանակը։ Այդ մասին ես գրել եմ նախորդ վերլուծություններում»։