կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 13:44
Տնտեսական

Կրթությո՛ւնը պետք է սպասարկի ռազմարդյունաբերությանը, վերջինս էլ՝ տնտեսությանն ու ազգին․ Սուրեն Պարսյան

Կրթությո՛ւնը պետք է սպասարկի ռազմարդյունաբերությանը, վերջինս էլ՝ տնտեսությանն ու ազգին․ Սուրեն Պարսյան

Պատերազմն սկսեց թուրք-ադրբեջանական տանդե՛մը, սադրանքները կիրառեց նույն տանդե՛մը, ահաբեկիչ վարձկաններին բերեց-լցրեց էլի նույն տանդե՛մը, բայց քաղաքական իմաստով տարածաշրջանային լուրջ գործոն դարձավ Հայաստա՛նը (իհարկե, Արցախի հետ միասին): Սա՝ հակիրճ՝ իբրեւ այս օրերի պարզ ամփոփում:

Ու որպեսզի կարողանանք պահպանել մեր դերը պատերազմից հետո եւ ապագայում, մեզ անհրաժեշտ է ունենալ ամուր տնտեսություն: Ի՞նչ է պետք անել դրա համար` կտրուկ փոփոխություննե՞ր են անհրաժեշտ, թե՞ կոսմետիկ որոշակի քայլեր, սահուն-կայուն զարգացու՞մ է պետք, թե՞ արագ փոփոխություններ՝ հաշվի առելով այն պարագան, որ ապագայում էլ այս տանդեմի հետ չեն բացառվում հնարավոր պատերազմները, որ մեզ անհրաժեշտ է օրեցօր ավելի ու ավելի ամրացող բանակ, եւ որ հզոր բանակի թիկունքում պետք է ուժեղ տնտեսություն կանգնած լինի: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ»-ի զրուցակիցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն է: Սակայն մինչ մեր տնտեսության արագ տեղաշարժի համար անհրաժեշտ քայլերին անդրադառնալը տնտեսագետին առաջարկեցինք հակիրճ ներկայացնել թուրքական ու ադրբեջանական տնտեսությունների ներկայիս վիճակը՝ մեր տնտեսության որոշ քայլեր ընկալելի դարձնելու համար:

Այսպիսով` ըստ Սուրեն Պարսյանի, Թուրքիան մի տնտեսություն է, որի միայն արտահանումը տարեկան 170 մլրդ դոլար է կազմում:
Այնուամենայնիվ, Թուրքիան վերջին տարիներին տնտեսական անկում է գրանցում, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով. որպես կայուն գործընկեր կորցնում է իր վստահությունը, քանի որ ներգրավված է ամենատարբեր կոնֆլիկտներում, ավելին՝ ինքն է հրահրում դրանք, ներդրող երկրների հետ քաղաքական խնդիրներ ունի (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ), որոնք սկսել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այն այս տարի լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել: «Այս տարվա երկրորդ եռամսյակում թուրքական տնտեսությունը նվազել է 9.9 տոկոսով: Սա աննախադեպ ցուցանիշ է՝ այդ պետության վերջին տարիների ցուցանիշները հաշվի առնելով: Իսկ արտահանումն այս տարվա 8 ամիսների հաշվարկով նվազել է 12.9 տոկոսով: Սա եւս մեկ հարված է: Արտահանումն ավելի կնվազի, քանզի, օրինակ, Սաուդյան Արաբիան որոշել է արգելել թուրքական ապրանքների ներկրումը: Որպեսզի հասկանանք՝ ինչ է սա նշանակում, ասենք, որ Թուրքիան տարեկան Սաուդյան Արաբիա էր արտահանում 2.7 մլրդ դոլարի ապրանք: Այլ երկրների կողմից նույնպես սանկցիաներ կիրառելու մասին խոսվում է»,-ասաց տնտեսագետը:

Բացի այս, Թուրքիայի ներդրումները նույնպես նվազել են. 2019 թ. 2018-ի համեմատ Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 8,6 մլրդ դոլարով կամ 35 տոկոսով։ Ներդրումները շարունակում են կրճատվել նաեւ այս տարվա ընթացքում։ Սա էլ է բերելու լուրջ խնդրի՝ նոր ներարկումներ չեն արվում, նոր աշխատատեղեր չեն ստեղծվի, եղածների մի մասն էլ կկրճատվի: Այս ամենը, բնականաբար, ազդեցություն է թողել թուրքական լիրայի վրա: Չնայած Թուրքիայի կենտրոնական բանկը շարունակում է ներարկումներ իրականացնել, այնուամենայնիվ, լիրան վերջին 3-4 տարիներին 120-130 տոկոսով արժեզրկվել է: Այս տարվա միայն սեպտեմբերին՝ 5 տոկոսով: Լիրայի արժեզրկումը, բնականաբար, հանգեցնելու է Թուրքիայում ներկրվող ապրանքների թանկացման՝ սոցիալական բոլոր հետեւանքներով հանդերձ: «Հիմա Թուրքիան նման քաղաքական արկածախնդրությամբ փորձում է իր հասարակությունից թաքցնել սպասվելիք խնդիրները, բայց դա չի կարողանալու երկար ժամանակ անել, հանրությունն իր մաշկի վրա է զգալու»,- նկատեց Ս. Պարսյանը:

Գանք ադրբեջանական տնտեսությանը, որ նույնպես անկում է գրանցում: Ադրբեջանի ՀՆԱ-ի 45-50 տոկոսը կազմում է նավթա-գազային ոլորտը: Այսինքն՝ նավթի ու գազի գներով է պայմանավորված այս տնտեսության շարժը, որ նստած է նավթային ասեղի վրա: «Նրանք երկար ժամանակ խոսում էին, որ պետք է տնտեսությունը դիվերսիֆիկացնել,- ասաց տնտեսագետը,- բայց այդպես էլ ոչինչ չարեցին. ձախողել են տնտեսական բարեփոխումների իրենց ամբողջ փաթեթը»: 2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տնտեսությունն անկում է գրանցել 3 տոկոսով։ Այս տարվա նույն ժամանակահատվածում Ադրբեջանի ընդհանուր արտահանումը նվազել է 3,6 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 36,1 տոկոսով, որի հիմնական պատճառը նավթի ու գազի գինն է:

Ըստ այդմ` մեկ թիվ էլ մեջբերենք: Տնտեսագետի խոսքերով՝ շարունակում է գահավիժել ադրբեջանական նավթի գինը: Իրենք նախատեսել էին 1 բարելի դիմաց 55 դոլար, բայց այս տարի այդպիսի գին չի եղել: Այլ կերպ՝ բյուջեն կազմել են, գումարները չեն հոսում: Ստիպված օգտագործում են պահուստները՝ աշխատավարձ, կենսաթոշակ տալու համար: «Պետական նավթային ընկերության միջոցներով նաեւ դոլար են ներարկում տնտեսության մեջ, որպեսզի մանաթի փոխարժեքը պահպանեն»,- ասաց զրուցակիցս` միաժամանակ հավելելով, թե նրանք հասկանում են, որ այսպես երկար շարունակել չեն կարող, դրա համար էլ 2021 թ. բյուջեն նախատեսել են 15 մլրդ դոլար՝ 2 մլրդով պակաս 2020 թ. բյուջեով նախատեսվածից:

Չմոռանանք, որ Ադրբեջանի արտահանվող ապրանքների երկրորդ խումբը գյուղատնտեսական ապրանքներն են: Այս ոլորտը նույնպես անկում է գրանցել՝ 8.7 տոկոս: Պատերազմական այս օրերին ադրբեջանական անխոհեմ քայլերը հանգեցրին նրան, որ Գյանջայի (մեր Գանձակն է) օդանավակայանը հօդս ցնդեց: Մենք ընդամենը գյուղոլորտի մասով կասենք, որ այս շրջանն է ապահովում Ադրբեջանի գյուղմթերքի մոտ 15 տոկոսը, մասնավորապես՝ կարտոֆիլ, տավարի միս, ձու եւն: «Ադրբեջանը կերակրող հիմնական շրջաններից մեկն է, հատկապես կարտոֆիլի մասով, կարտոֆիլի շտեմարան է համարվում»,- բացատրեց Ս. Պարսյանը: Նաեւ այստեղ է գտնվում Վրաստան-Ադրբեջան երկաթուղու կարեւորագույն հանգույցը՝ լոգիստիկ կենտրոնը, որը ապահովում է արեւելքից արեւմուտք եւ հակառակը բեռների փոխադրումը։ Նկատի ունենալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների ահաբեկչական գործողությունները՝ օտարերկրյա կազմակերպությունները պետք է խուսափեն այս տարածքով բեռներ տեղափոխելուց, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ենթակառուցվածքների անվտանգությունը։

Այսպիսով` ոչ թուրքական եւ ոչ էլ ադրբեջանական տնտեսությունները լավ վիճակում չեն: Թուրք-ադրբեջանական տանդեմը մեր դեմ պատերազմ սկսեց, բայց, ի պատիվ հայ զինական ուժի, մենք հաջողություններ ենք արձանագրում եւ, անկասկած, հաղթելու ենք:
Ի՞նչ պետք է անենք մե՛նք մեր տնտեսությունում՝ բանակը միշտ հաղթական պահելու համար: Առաջնային մի քանի քայլեր կան:

«Մենք մեր տնտեսությունը, պետական համակարգն ամբողջությամբ պետք է վերափոխենք պատերազմական իրավիճակների կանոններին համաձայն: Ամբողջությամբ պետք է վերանայենք մեր տնտեսության մոդելը, պետք է ունենանք ուժեղ պետություն՝ ուժեղ ինստիտուտներով՝ սկսած պետական բժշկական հաստատություններից, վերջացրած տարբեր պետական ընկերությունների առկայությամբ»,- ասաց տնտեսագետը: Օրինակ` նրա խոսքերով, մենք տարիներ շարունակ գումարներ ենք ներդրել, պետական միջոցներ ենք ծախսել մասնավոր հիվանդանոցներին պատվերներ իջեցնելով, այն դեպքում, երբ պետական հիվանդանոցները գնալով թուլացել են: Հիմա պետք է հզորացնենք պետական հատվածը: Բնականաբար, մասնավորն էլ իր հերթին է ուժեղանալու՝ տնտեսական օրինաչափությունը հաշվի առած:

Նաեւ պետությունը չպետք է միայն պահակ լինի, նա պետք է գործուն մասնակցություն ունենա տնտեսական գործընթացներին:
Տնտեսագետը համապատկերում նշեց, որ, օրինակ, պետք է վերանայել «բաց երկնքի» քաղաքականությունը. «Պատերազմական այս իրավիճակում հասկացանք, որ մեր նպատակը ոչ թե էժան տոմսն է, այլ սեփական ավիացիա ունենալը: Մենք պետք է ունենանք մեր սեփական պարկը»:

Պարենի ապահովության ու անվտանգության հարցը մշտապես պետք է օրակարգում լինի՝ անընդհատ բարձրացնելով ինքնաբավության մակարդակը: Սա խիստ անհրաժեշտ է եւ՛ խաղաղ, եւ՛ պատերազմական պայմաններում: Երկրի զարգացման ուղղություններից տեխնոլոգիականը նշելիս չմոռանանք, որ գյուղատնտեսությունն էլ սնում է մեր երկիրը:

Եվ մյուս՝ ամենակարեւոր ուղղությունը, որ շեշտեց Սուրեն Պարսյանը, կրթությունն է. «Կրթությու՛նը պետք է սպասարկի ռազմարդյունաբերությունը եւ վերջինս էլ՝ տնտեսությանն ու ազգին: Սրանք փոխադարձ կապի մեջ պետք է լինեն: Կրթությունը պետք է այնպես անի, որ պատերազմական վիճակում բոլորն ու յուրաքանչյուր ոք իմանան՝ ինչ ու ինչպես են անելու՝ աշակերտից սկսած»:

Ազգային համերաշխության շնորհիվ մենք այս ամենից դուրս կգանք հաղթանակած: Բայց ապագայում էլ հաղթելու համար պետք է սերտենք այսօրվա՛ դասերը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ