Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած վերջին այցելության նախօրեին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԺԿ փոխնախագահ Էլմար Բրոկը հայտարարել էր, թե Եվրամիությունը չի կարող Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը, հետևաբար` Հայաստանը նման ցանկություն ունենալու դեպքում ստիպված է լինելու ընտրություն կատարել: Նման կոշտ հայտարարությունն արվեց ՀՀ նախագահի` ՌԴ աշխատանքային այցից հետո և Բրյուսել կատարած այցից առաջ, ինչը ցույց է տալիս, որ մինչև վերջին պահը Բրյուսելում կասկածել են, թե Հայաստանը կարող էր Մոսկվայում Կրեմլի ճնշումների ներքո փոխել կողմնորոշումը դեպի եվրասիական գոտում ինտեգրման գործընթացները:
Բայց Բրյուսելից վերադառնալուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասուլիսի ընթացքում բաց տեքստով հայտարարեց. «Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն»: Նախագահի խոսք գրեթե տողատակ չի պարունակում: Դրանից կարելի էր եզրակացնել, որ Ռուսաստանը գոնե այս փուլում վերանայել է Հայաստանին Մաքսային միությանը միացնելու` իր նախնական տրամադրվածությունը:
Չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից գրեթե անմիջապես Բրյուսել էր մեկնել ոչ այնքան ԵԺԿ գագաթաժողովին մասնակցելու, որքան այս փոփոխությունը ԵՄ գործընկերներին հասցնելու համար: Թերևս դրանով էր բացատրվում, որ, չնայած Էլմար Բրոկի արած զգուշացումներին, մարտի 21-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ ԵՄ-ն շարունակելու է Հայաստանին օժանդակել բարեփոխումների իրականացման գործընթացում: Նույն ընթացքում Հայաստան ժամանեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններում եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությունը: Ամբողջ թափով վերսկսվել են բանակցությունները Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ, որի շրջանակում մնացել էր վերջնականապես հստակեցնել համաձայնագրի ընդամենը մեկ գլուխը: Նույն փուլում է գտնվում նաև Խոր, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը: Վիգարդը Երևանում օրերս նշեց, որ խնդիր է դրվել երկու պայմանագրերի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտել մինչև ԵՄ Արևելյան գործընկերության` Վիլնյուսի գագաթաժողովը:
Այն հանգամանքը, որ Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի եվրաինտեգրացման ծրագրի իրականացման հարցում ԵՄ-ն պահպանում է նույն նախաձեռնողականությունը, նշանակում է, որ Բրյուսելում ևս, կարծես, Մոսկվայից լուրջ վտանգներ չեն սպասում: Դրա մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ԵՄ-ն որոշել է կազմակերպել Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուն ուղղված դոնորների խորհրդաժողովը, որը հետաձգվել էր խորհրդարանական ընտրություններից հետո և կապվել նախագահական ընտրություններում Հայաստանի կողմից էական առաջընթաց գրանցելու հեռանկարի հետ: Այդ մասին հայտարարել էր ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Թե ինչքանով է համոզիչ ռուսական կողմի դիրքորոշման նման մեղմացումը, դժվար է ասել: Սակայն այս ամենը դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը վերջնականապես հաշտվել է Հայաստանին ԵՄ-ի գիրկը հանձնելու գաղափարի հետ: Այս նահանջը, ըստ ամենայնի, ժամանակավոր բնույթ է կրում և վերաբերում է ոչ թե լայն իմաստով Եվրասիական միության, այլ միայն Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միությանը Հայաստանի հետ առնչություններին: Այս առումով խիստ ուշագրավ էր ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանի` համընդհանուր ուշադրությունից վրիպած, սակայն չափազանց խորիմաստ և որոշակի հետևյալ միտքը. «Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին: Այլ խնդիր են ինտեգրացիոն պրոցեսները: Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք չշարունակել ինտեգրացիոն գործընթացները: Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի: Իհարկե, ոչ»: Ըստ էության` Սերժ Սարգսյանը, շրջանցելով Մաքսային միությունը, խոսում է եվրասիական ինտեգրացման և դրան Հայաստանի կողմից նախապատվություն տալու մասին, նաև ակնարկում, որ Հայաստանը ԵՄ-ում ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելուց ավելիին չի ձգտելու: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ ընթացող բանակցություններում ոչ թե Մաքսային միությանը, այլ հետագայում ինչ-որ սխեմայով Եվրասիական միությանը մաս դառնալու հարցն է շոշափվում: Պատահական չէ, որ ապրիլի կեսերին Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը և, ըստ ՀՀ նախագահի, կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ համագործակցության հուշագիր կստորագրի: Չնայած խոսքը վերաբերում է ընդամենը հուշագրին, սակայն ինքնին այն փաստը, որ արդեն սեղանին է լինելու Հայաստանի եվրասիական ինտեգրման ուղղությամբ կոնկրետ փաստաթուղթ, ցույց է տալիս, որ այս հարցում Հայաստանի իշխանություններն արդեն ընդունել են վճռական քաղաքական որոշումը:
ՀՀ իշխանությունները, կարճաժամկետ կտրվածքով օրակարգից հանելով Մաքսային միությանը անդամակցելու թեման, և' իրենց, և' երկրին կապում են Եվրասիական` առայժմ միայն վիրտուալ միությանը, թերևս ժամանակ շահելու և ԵՄ գործընկերներին ու նրանցից ակնկալվող ֆինանսական օժանդակությունը չկորցնելու նկաառումով: Իսկ վերջիններիս շահագրգռությունը Հայաստանի հարցում թերևս պայմանավորված է նրանով, որ փաստացի գոյություն ունեցող Մաքսային միությունն նրանք ավելի վտանգավոր են համարում, Հայաստանին «կորցնելու» առումով, քան դեռևս եթերային Եվրասիական միությունը: Հետևաբար` կարծում են, թե առկա ժամանակահատվածը պետք է օգտագործել Հայաստանին այնպիսի պարտավորեցնող պայմանագրային ու ֆինանսական կապանքների մեջ առնելու համար, որպեսզի հետագայում նրա արտաքին քաղաքական վեկտորների փոփոխությունը դեպի հյուսիս գործնականում դառնա անհնարին: Այսինքն` այս պրոցեսի մեջ խրված բոլոր երեք կողմերն էլ` թե' Հայաստանը, թե' ԵՄ-ն և թե' Ռուսաստանը, սկսել են մի լոկալ խաղ, որը դժվար է ասել` ինչպիսի ելք կունենա: Սա մի խաղ է, որտեղ կողմերից երկուսը` Հայաստանի իշխանությունները և Կրեմլն ունեն սեպարատ համաձայնություններ: Չի կարող պատահական լինել, որ հատկապես այս օրերին, երբ ԵՄ պատվիրակությունները Երևանում փորձում են Հայաստանի համար ստեղծել այդ կապանքները, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարում է Հայաստանի հետ կնքել նոր ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր, այդ երկրի նախագահը Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հրապարակավ հայտարարում է իրենց կողմից Հայաստանում խոշորածավալ ներդրումներ կատարելու մասին, իսկ Սերժ Սարգսյանը, պարզորոշ ասում է, որ Հայաստանը չի կարող իր ռազմական անվտանգության խնդիրը կապել Ռուսաստանի հետ` մտածելով բոլորովին այլ երկրի կամ միությանը միանալու մասին:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ