կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 15:52
Հասարակություն

Լեռնային Ղարաբաղ. հրապարակային հայտարարությունների և բարդ դիվանագիտության պատերազմ

Լեռնային Ղարաբաղ. հրապարակային հայտարարությունների և բարդ դիվանագիտության պատերազմ

Ռուս քաղաքագետ Սստանիսլավ Տարասովը «Ռեգնում»-ում հրապարակել է «Լեռնային Ղարաբաղ. հրապարակային հայտարարությունների և բարդ դիվանագիտության պատերազմ» հոդվածը՝ նվիրված Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Համաշխարհային դիվանագիտությունը չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման միասնական մոտեցում: Անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չունեն: Եվ եթե այդպես է, պատերազմը կշարունակվի, և սա ամենացավալին է: Ղարաբաղյան ճակատում առջևում ճգնաժամային շրջադարձային պահն է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլտթնբերգը աշխատանքային այցով մեկնել է Անկարա, որտեղ բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հայտարարված թեման ներառում էր մի քանի խնդիրներ` ՆԱՏՕ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ` ռուսական Ս-400-ների առումով, Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրական ծովի հետ: Եվ, իհարկե, իրավիճակը Անդրկովկասում` կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմի բռնկման հետ:

«Ցուցադրված «գրոսմայստերի տախտակը» պատահական չէ»,- գրում է The Jerusalem Post իսրայելական հրատարակությունը, քանի որ «Լիբիայից և Արևելյան Միջերկրական ծովից` Սիրիա, Հունաստանից` Իրաք և Ադրբեջան և նույնիսկ Իսրայել իրադարձությունները զարգանում են փոխկապակցված անոթներում»:

Նմանատիպ մեկի՝ Հունաստանի տախտակի վրա Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների սկսվելուց առաջ ՆԱՏՕ-ին հաջողվեց զսպել Թուրքիային: Ըստ դաշինքի մամուլի ծառայության՝ Հունաստանը և Թուրքիան ստեղծել են «թեժ գիծ»` ծովում և օդում հակամարտությունները լուծելու համար, որից հետո Սթոլթենբերգը հույս է հայտնել, որ «նախաձեռնությունը ճանապարհ կբացի Արևելյան Միջերկրական ծովի կղզիների շուրջ վեճի դիվանագիտական կարգավորման համար»: Հիշեցնենք, որ այս բանակցությունները նախաձեռնել էր Սթոլթենբերգը` սեպտեմբերի սկզբին Հունաստանի և Թուրքիայի հետ բարձր մակարդակի շփումներից հետո:

Իր հերթին, սա մեծապես չեզոքացնում է Ֆրանսիայի ճնշումը Թուրքիայի վրա, որն այդ երկրների հակամարտությունում գտնվում է Հունաստանի կողմում: Թուրքական Türkiye պարբերականը դրանում տեսնում է «գերմանական դիվանագիտության ջանքերը», որոնք ակնհայտ են թվում Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Սարաջի հայտարարությունից հետո հրաժարական տալու և երկիրը ընտրությունների նախապատրաստելու մասին:

Օգոստոսի 27-28-ը Բեռլինում կայացած` ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ի հեճուկս Փարիզի, Հունաստանի և Կիպրոսի պահանջների, որոնք պնդում են Թուրքիայի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելը, հայտարարվեց երկխոսության մեկնարկի մասին՝ ուղղված Թուրքիայի դեմ կոշտ պատժամիջոցների որոշումների սպառնալիքը չեղարկելուն: Այսպիսով` Սթոլթենբերգը Անկարա ժամանեց ոչ թե դատարկաձեռն, այլ պատրաստակամորեն շարունակելու խաղը Սիրիայում և ուրվագծելու Անդրկովկասում հետագա գործողությունների սցենարը, ինչն ակնհայտ դարձավ բանակցություններից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ նրա համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս քաղաքական բեմադրությունը արժանի է որոշ վերլուծությունների: Ըստ ամենայնի` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սիրիական խնդրի հետ կապեց Թուրքիայի հրաժարումը ռուսական Ս-400-ից: Բայց դա այն չէ, ինչի վրա հույս է դնում Թուրքիան՝ ԱՄՆ-ին կոչ անելով փոխել իր քաղաքականությունը սիրիական քրդերի նկատմամբ: Սա առաջին:

Երբ Սթոլթենբերգը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին (պատերազմ - Ս. Ս.), ասաց, որ «Թուրքիան կարող է օգնել լուծել այն, քանի որ տարածաշրջանում զգալի ազդեցություն ունի»,  կոչ արեց խաղաղ քաղաքական լուծում գտնել: Մի կողմից` սա շողոքորթում էր Անկարային, որը վաղուց էր զարգացնում Անդրկովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու ծրագրեր: Մյուս կողմից` Չավուշօղլուն դաշինքից պահանջեց «աջակցել Ադրբեջանի ամբողջականությանը, ինչպես դա եղավ Վրաստանի և Ուկրաինայի հարցում»: Ըստ նրա՝ «ինչո՞ւ, այս պարագայում, երբ խոսում ենք հայ-ադրբեջանական խնդրի մասին, չենք կարող պահանջել, որ Հայաստանը լքի Ադրբեջանի տարածքը»: Այս առանցքային արտահայտությունը, ավելի ստույգ` Թուրքիայի արտգործնախարարի միտքը թույլ է տալիս մեզ ասել, որ Արևմուտքը (ամենայն հավանականությամբ ԵՄ-ն) ունի հակամարտության կարգավորման իր սեփական սցենարը և, հնարավոր է, նաև Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանից դուրս, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների ձևաչափով:

Նման ուղերձը տրամաբանական շղթայի մեջ է դնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բոլոր գործողությունները, որը պնդում է, որ Թուրքիան պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և սուր քննադատության է ենթարկում ԵՄ-ին` ընդհանուր առմամբ, և մասնավորապես` Ֆրանսիային, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է: Այն փաստը, որ հակամարտության կարգավորման խնդիրը ոչ մի կապ չունի ո'չ Թուրքիայի, ո'չ էլ ՆԱՏՕ-ի հետ, չի անհանգստացնում Բաքվին: Ինչպես նաև այն փաստը, որ Թուրքիային հրելով դեպի հարավ `Ռուսաստանի սահմանները, Ալիևը չի կարող չանդրադառնալ Մոսկվայի շահերին: Միևնույն ժամանակ, նա հայտարարում է, որ «այս դեպքում Ռուսաստանը իրեն ցույց է տալիս որպես մեծ և պատասխանատու երկիր», և գալիս են դրական հաղորդագրություններ. նրա հայտարարությունները զուսպ են:

Բայց սա միակ ոլորտը չէ, որտեղ այժմ իմպրովիզացիա է անում համաշխարհային դիվանագիտությունը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով «Լեռնային Ղարաբաղում և դրանից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր սրումը» և կրկին հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ համաձայնության գալ: «Համանախագահող երկրները վճռական են, Մինսկի խմբի մայրաքաղաքների օժանդակությամբ, լիովին կատարել իրենց մանդատը, որն իրենց են վստահել ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Նրանք կշարունակեն առաջ տանել իրենց համագործակցությունը կողմերի հետ և կհորդորեն վերսկսել կարգավորման գործընթացը՝ առկա հիմնական սկզբունքների և երկու կողմերին հայտնի միջազգային համապատասխան փաստաթղթերի հիման վրա:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շեշտել է, որ ԱՄՆ-ը «հավանություն չի տալիս այս հակամարտության մեջ այլ երկրների ներգրավմանը»`գիտակցելով, որ իրադարձությունների զարգացման ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա առանց երրորդ ուժերի վճռական միջամտության: Շատ փորձագետների կարծիքով` նման հայտարարությունները մահացու թույն են, քանի որ դրանց հետևում ոչ մի կոնկրետ գործողություն չի երևում, իսկ հակամարտող կողմերը շարունակում են պատերազմը: Ավելին, ինչպես պարզվում է, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չունեն խնդրի լուծման միասնական մոտեցում: Երևանում նրանք սկսել են խոսել Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչման մասին: «Ամերիկայի ձայնը» (լրատվամիջոց - օտարերկրյա գործակալ) հաղորդում է, որ ավելի վաղ Ստեփանակերտը ԵԱՀԿ-ին խնդրել էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ համարելով, որ դա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ արդյունավետ մեխանիզմն է:

Դա սկզբունքորեն հնարավոր է, բայց բացառիկ պայմաններում, եթե Թուրքիան և Ադրբեջանը անցնեն Անդրկովկասի բոլոր «կարմիր գծերը»: Բայց այդ դեպքում, անկասկած, խաղի մեջ կմտնի հարևան Իրանը, որը չի բավարարվում տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությամբ: Առայժմ պարզ է, որ ոչ ոք չունի խնդրի քաղաքական լուծման համար քիչ, թե շատ հասկանալի տարբերակներ: Եվ քանի որ պատերազմն այսպես շարունակվելու է, սա մեծ դիլեմա է համաշխարհային քաղաքականության համար, որն ամենացավալին է: Առջևում ճգնաժամի շրջադարձային պահն է: