Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.
«Պատմաբանի դիտարկում.
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո մեր տարածաշրջանում դեպքերի զարգացումն ընթանում էր այնպես, որ նորանկախ Հայաստանի Հանրապետությանը Արևմտյան Հայաստանի մեծ մասի միացումը կասկած չէր հարուցում: Սևրի պայմանագրով նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության տարածքների շեշտակի ընդարձակում: Սակայն միջազգային քաղաքական զարգացումներում թուրքերը ճարպիկ գտնվեցին, և Արևմուտք - Ռուսաստան (Խորհրդային Ռուսաստան) - Թուրքիա կեղտոտ առևտրում Արևմուտքը և Խորհրդային Ռուսաստանը զոհաբերեցին Հայաստանը: Հայաստանն էլ, ցավոք, չուներ այն հնարավորությունը, որ ինքնուրույն լուծեր իր խնդիրը և կուլ տվեց զոհաբերումը:
Երկրորդ աշխարհամարտի ավարտին կրկին բարձրացվեց Հայաստանի (Արևմտյան Հայաստանի) հարցը և կրկին Արևմուտք- Ռուսաստան (ԽՍՀՄ) առևտրում Հայաստանը (Արևմտյան Հայաստանը) զոհաբերվեց Արևելյան Գերմանիայի դիմաց: (Ճիշտ է, ընդամնենը 45 տարի անց Ռուսաստանը զիջեց նաև Արևելյան Գերմանիան, բայց դա արդեն մեր խնդիրը չէ): Այս անգամ էլ Հայաստանը, ցավոք, չուներ այն հնարավորությունը, որ ինքնուրույն լուծեր իր խնդիրը և նորից կուլ տվեց զոհաբերումը:
Այս օրերին կրկին միջազգային կեղտոտ առևտուր է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Թուրքիան անթաքույց ձգտում է վերականգնել նախկին Օսմանյան կայսրության ազդեցությունը, տարածքները և մի բան էլ ավելին: Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում, Իրաքում, Միջերկրական և Էգեյան ծովերում, Նախիջևանում նրա ցուցաբերած հավակնություններն այդ մասին են վկայում: Թուրքերի այս ձգտումներին փորձում են դիմագրավել Արևմուտքը և Ռուսաստանը: Արցախաադրբեջանական պատերազմին Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը պայմանավորված է Հայաստանը կրկին դարձնել իր համար առևտրի առարկա: Եվ չի բացառվում, որ մյուսները կրկին փորձեն հիմարաբար զոհաբերել Հայաստանը:
Բայց այս անգամ Հայաստանն ի զորու է ոչ միայն կուլ չգնալու, այլև եղանակ թելադրելու: Դրա գրավականն, անշուշտ, մեր հաղթական բանակն է՝ թիկունքին ունենալով միասնական հայություն:
Լինենք միասնական, մինչև վերջ կանգնենք մեր հաղթական բանակի կողքին՝ չկորցնելով քաղաքական խոհեմությունն ու հասունությունը: Այս անգամ նաև Հայաստանն ինքն է թելադրելու առևտրի պայմանները: Պիտի պարտադրենք, որ Թուրքիան զոհաբերի Ադրբեջանը: Մենք դա կարող ենք»: