կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 14:00
Հասարակություն

Ճապոնիան պատրաստ է դառնալ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ

Ճապոնիան պատրաստ է դառնալ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ

Ճապոնիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բարեփոխումը եւ պատրաստ է դառնալ դրա մշտական անդամ: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ հղած ուղերձում:

«Հանուն ՄԱԿ-ի ամրապնդման՝ չի կարելի հետաձգել ԱԽ-ի բարեփոխումը: Դժբախտաբար, 75 տարի առաջ ստեղծված համակարգը չի կարող լիարժեք կատարել իրեն վերապահված խնդիրները: Ես համոզված եմ, որ անդամ երկրները, որոնք ունեն հնարավորություն եւ պատասխանատվություն ստանձնելու մտադրություն, պետք է պարտականությունները կատարեն ընդլայնված ԱԽ-ում: Սոսկ այդ ժամանակ ԱԽ-ն կվերականգնվի որպես արդյունավետ եւ ներկայացուցչական մարմին: Ճապոնիան լիովին պատրաստ է կատարել այդ պարտականությունները՝ որպես ԱԽ մշտական անդամ, եւ իր ավանդը ներդնել աշխարհում կարգուկանոնի եւ կայունության հաստատման գործում»,- ասել է Մոտեգին:

Նա կոչ է ուղղել ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին՝ այդ հարցի շուրջ գրավոր բանակցություններ սկսել:

Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում է 15 երկրներ, որոնցից հինգը մշտական անդամներ են,տասը՝ ոչ մշտական, ընտրվում են երկամյա ժամկետով: Մշտական անդամներն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

Նշենք, որ պետությունների ներկայացուցիչների ելույթները տեղի են ունենում տեսաձեւաչափով՝ համավարակի հետեւանքով սահմանափակումների պատճառով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի 21-ին բացված 75-րդ նստաշրջանի դահլիճում ներկա են միայն կազմակերպությունում երկրների մշտական ներկայացուցիչները: